ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր, ԹԵ՞ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

368

«Տղեքին զենքա պետք հասցնել, հետ կգամ»:

Վերջին խոսքերն էին, որ լսեց ընտանիքը Ռուդիկից, նրա պատերազմ գնալուց առաջ:

1989թ. համառ Ռուդիկը անդամագրվեց «Արաբո» կամավորական ջոկատին: Հաշվի չառնելով ընտանիքի և հարազատների աղաչանքները` մեկնեց դիրքեր: Մայրն ասում է. «Տղես շատ ազնիվ էր ու արդարամիտ, չէր կարողանում հանդուրժել ոչինչ իր կամքին հակառակ ու ատում էր սուտը»:

Դեռ մանկուց անտարբեր չէր զենքի հանդեպ և այդ ժամանակվանից էլ հիանալի դիպուկահար էր: Պատանի հասակում հաճախել է քանդակագործքւթյան, բռնցքամարտի, նետաձգության և պատրաստել սիրողական գրքեր ու հուշանվերներ: Փոքր քույրը պատմում է, որ մեկ անգամ, բոլորից գաղտնի վերցրել էին իրենց քեռու հրացանը և գնացել թռչունների որսի: Բայց այն փչացրել էին ու աննկատ կախել  իր տեղում: Ռուդիկը նաև ինքնուրույն զենք և պարսատիկներ էր պատրաստում: Բոլորը այնքան էին սիրում նրան, որ չէին էլ բարկանում իր խենթությունների վրա:

Ծառայությունից վերադառնալուց հետո, 1 տարի անց` 1989թ. դեկտեմբերին ամուսնացել էր: Կինը` Ալվարդը պատմում է, որ ծնկաչոք ու լացակումած աղաչում էր, որ չգնա, բայց նա պատասխանեց ` «Խղճիս վրա չես ազդելու, իզուրա, վե’ր կաց»:

Առաջնեկի ծնվելու ժամանակ նա Գետաշենում էր, չէր կարողացել գալ Երևան, ընկերը` Կարենը պատմում է, որ Երևանում էր, և պայմանավորվել էին, որ եթե տղա ծնվի վերադառնա գլխարկը գլխին, իսկ եթե աղջիկ` գլխարկը հանած: Կարենի վերադարձի ժամանակ Ռուդիկը ծառի վրա սպասում էր նրան: Տեսնելով գլխարկը Կարենի գլխին, ուրախությունից ընկել է ցած: Իսկ երկրորդ տղայի ծնվելու ժամանակ Երևանում էր: Դուրս գրվելիս իր նագանը դրել է բարուրի վրա ու դուրս եկել հիվանդանոցից:

Ազատագրական ու հայրենասիրական ոգին նրա արյան մեջ ներարկել էին դաշնակցական պապի հայրն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապը: Արցախում Ռուդիկի կողքին էր նաև հայրը` Յուրիկը (Դեդը):

1992թ. Ռուդիկը վերադարձավ տուն: Որոշել էր այլևս չմեկնել կռվի դաշտ: Հիասթափվել էր ղեկավարությունից:

Մարտերը թեժացան: Արնախում թշնամին փորձում էր տարածքները գրավել: Կռվողներին զենք հասցնող չկար: Ռուդիկը որոշեց ետ վերադառնալ առաջնագիծ. «Եթե ես չէ, մյուսը չէ, էլ ո՞վ պետքա փրկի մեր երկիրը»: Նորից հագավ հին համազգեստը և ետևում թողեց ընտանիքին ու հարազատներին: Ոչինչ ու ոչ ոք չկարողացավ կանգնեցնել նրան, անգամ իր զույգ տղաները:

Որդիները ծննդյան օրորին միայն մեկ նվեր էին ուզում` հայրը լինի իրենց կողքին: Կինը` Ալվարդը գաղտնի տորթ էր գնում ու ասում, որ պապանա ուղարկել, «Բալե’ք, ասելա, որ անպայման գալուա»: Տղաներն էլ նամակ էին գրում և հարցնում, թե երբ է գալու ու խնդրում «Պապա ջան շուտ արի, էլի»: Այդ նամակները դեռ անպատասխան պահված են մութ դարակում:

Ռուդիկը մասնակցել է Խաչիկի, Ոսկեպարի, Ճամբարակի, Արցախի Հանրապետության Շահումյանի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Քարվաճառի, Գետաշենի, ինքնապաշտպանական-ազատագրական մարտերին: Ցավոք «Արաբոյի» տղաները 1992թ. հունիսին անհետ կորան Ղարաբաղի Հասան Ղայա գյուղում: Ռուդիկը պարգևատրվել է ՀՀ Արիության, ԼՂՀ Արիության և ԵԿՄի մեդալներով:

Ընտանիքը և հարազատները սպասում են նրան: Սպասում են ամեն օր: Ոչ ոք հույսը չի կորցրել նորից նրան տեսնելու և նրանով ապրելու: Արդեն 25 տարի է նրանց դուռը չի փակվում: Մնում է հուսալ, որ մի օր նա կբացի այդ դուռը և կազատի ընտանիքը ցավից ու հավերժ սպասումից:

Վերջում կինը պատմեց. «Գնալուց առաջ գրպանից հանեց երկու նռնակ ու ասեց «մեկը կպահեմ մոտս, ու հենց զգամ, որ կռվելու տեղ չկա, գերի կընկնեմ, ինձ պետք կգա: Էս մեկն էլ պահի, որ հանկարծ զգաս զզվել ես, էլ չես կարում ապրես, երեխեքիցս հեռու կգնաս ու կոլցեն կքաշես…»»:

Ալվարդը մինչ օրս պահում է այն…

 

Դիանա Ճաղարյան

3-րդ կուրս

Կիսվել