ԾԽԱԽՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

ԾԽԱԽՈՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

1823

«Պապան ինձ հաճախ է ուղարկում խանութ` ծխախոտի: Փոխարենը ամեն անգամ որպես նվեր գումար է տալիս»,- այսպես պատասխանեց մեր հարցմանը 12-ամյա Դավիթը, ում գրեթե ամեն օր տեսնում ենք Նոր Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան փողոցում՝ դպրոցից տուն գնալու ճանապարհին: Հոգեբան Մառա Գրիգորյանի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ անչափահաս երեխային ծխախոտ գնելու համար խանութ ուղարկելը կարող է անմիջականորեն ազդել երեխայի վրա:  Երեխան շատ հարցերում` այդ թվում նաև ծխելը, կփորձի ընդօրինակել ծնողներին` համարելով նրանց որպես մարդու իդեալ: Իսկ համաձայն վիճակագրության՝ տղաների շրջանում ծխելու առաջին փորձերը կատարվում են հիմնականում 15 տարեկանից սկսած:

Ուսումնասիրելով «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը՝ նկատեցինք, որ գրեթե ամեն օր Հանրապետության տարբեր մասերում՝ մասնավորապես Երևանում, խախտվում են այս օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի 1-ին ենթակետերը և 7-րդ կետը:

Զրուցելով Երևանի տարբեր փողոցներում գտնվող խանութների վաճառողների հետ՝ պարզվեց, որ նրանցից շատերն ընդհանրապես տեղյակ չեն ծխախոտի իրացման մասին օրենքին, վաճառում են ծխախոտը թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Այսպիսով խախտում են օրենքի այն կետը, որով արգելվում է ծխախոտ վաճառել 18 տարին չլրացած անձանց։ Վաճառողներից մեկը՝ տիկին Մարգոն, այսպիսի պատասխան տվեց. «Դե հարյուր տարի է, ինչ այստեղ եմ աշխատում, բոլորին գրեթե ճանաչում եմ, ո՞նց կլինի՝ չտամ»: Իսկ այն հարցին, թե անծանոթ գնորդներից արդյո՞ք պահանջում են համապատասխան փաստաթուղթ, վաճառողների մեծ մասը բացասական պատասխան տվեց: Նրանցից շատ քչերն էին, որ ասացին՝ չեն վաճառում անչափահասներին:  Իսկ ինչ վերաբերում է ծխախոտի գնման տարիքային սահմանափակման մասին նախազգուշացումներին, որոնք օրենքը պահանջում է փակցնել յուրաքանչյուր վաճառքի կետում, մեր այցելած խանութներից ոչ մեկում չկար:

Հարցում անցկացրինք նաև Նոր Նորքի, Իսահակյանի, Տերյանի փողոցներում հանդիպած որոշ անչափահաս քաղաքացիների հետ․ արդյունքում պարզվեց, որ նրանք ոչ միայն ծխում են, այլև հանգիստ կարողանում են գնել ծխախոտ, և ոչ ոք նրանցից փաստաթուղթ չի պահանջում: Միայն մեծ սուպերմարկետներն են՝ ինչպես օրինակ 15 կետ ունեցողները, որոնք չեն խախտում օրենքի այս կետերը: Հիմնական խախտողները փոքր խանութներն ու կրպակներն են:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն էլ նշեց, որ որևէ պատիժ նախատեսված չի այն վաճառողներին, ովքեր խախտում են օրենքի այս կետերը։ Այդ հարցը դեռևս քննարկման մեջ է։

Նշենք նաև, որ ըստ վիճակագրության՝ Հայաստանն աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում ծխող բնակչության քանակով։ Ընդ որում՝  ծխողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, որոնք կազմում են մոտավորապես 55%, իսկ կանանց շրջանում՝ 4-5%: Ծխող կանանց մեծամասնությունն հիմնակաում ավելի շատ կենտրոնացված է Երևանում, քան գյուղական շրջաններում:

 

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել