ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ԿՏԱՎՆԵՐՆ ԵՎ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ԿՏԱՎՆԵՐՆ ԵՎ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ

1697

Թեքեյան մշակութային կենտրոնում դեկտեմբերի 2-ին բացվեց Արցախի նոր սերնդի գեղանկարիչների և քանդակագործների «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ այլընտրանք չունի. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին։ Ցուցահանդեսին ներկայացված էին անկախության սերնդի արցախցի նկարիչներ Սամվել Թավադյանի, Գայանե Շուշեցու, Արմինե Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Էռնա Մկրտչյանի, քանդակագործներ Դավիթ Սարգսյանի, Հայկ Հակոբյանի աշխատանքները։

Ցուցահանդեսին ներկա էր նաև «Շուշի քաղաքի թանգարաններ» կազմակերպության տնօրեն Լուսինե Գասպարյանը, ով, ողջունելով ներկաներին, ասաց. «Այս սերնդի ներկայացուցիչները այն մարդիկ են, ում մանկությունն ընդհատվել է ռմբակոծությամբ, և ովքեր պատերազմ են տեսել։ Բայց նրանց ստեղծագործություններում, նրանց գույների մեջ դրանք ազդեցություն չեն ունեցել, այլ ընդհակառակը. նրանց ներկապնակներում անկախության, ազատության գույներն են»։

Բացմանը ներկա էին Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակներից միայն երկուսն էին ներկա, սակայն նրանք էլ հրաժարվեցին խոսել, նշելով, որ իրենց խոսքը ասված է իրենց ստեղծագործություններում։

Բարեգործական ցուցահանդեսին հնարավոր էր նաև արվեստագետների աշխատանքների վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կհատկացվի երիտասարդ ստեղծագործողներին և Շուշիի կերպարվեստի թանգարանին։

Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները նախատեսված էր ցուցադրել մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն Թեքեյան կենտրոնի ղեկավար Վարդան Ուզունյանը հայտարարեց, որ այն կցուցադրվի մինչև 2017թ. հունվարի 15-ը։

 

Նարե Խաչատրյան

2-րդ  կուրս

Կիսվել