«ԹՎԱՊԱՏՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ԹՎԱՊԱՏՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

248

Դեկտեմբերի 6-8 Էրեբունի պլազայում անցկացվում էր «Թվապատում հետաքննություն» խորագրով կոնֆերանսը, որը կազմված էր հետաքրքիր խորագրեր կրող պատումներից, որոնց ընթացքում լրագրողները կիսվում էին իրենց փորձով և պատմում այն բացահայտումների մասին, որ կատարել են հետաքննական լրագրության միջոցով: 3-օրյա միջոցառումը կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամերիկյան Internews Network կազմակերպության հետ համատեղ: Կոնֆերանսին մասնակցում էին տասնյակ լրագրողներ աշխարհի 10 երկրներից, ներառյալ Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Լիտվան, ԱՄՆ-ը:

Դեկտեմբերի 7-ին «Առանց սահմանների» պատումի ժամանակ ելույթ ունեցան հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հիմնադիր անդամ Դեյվիդ Լին, չեխական հետաքննական լրագրության կենտրոնի հիմնադիր տնօրեն Պավլա Հոլցովան, Internews Network-ի գլխավոր մեդիա խորհրդատու Օլեգ Խոմենոկը:

«Կոռուպցիան սահմաններ չի ճանաչում, և մենք պետք է պայքարենք այդ երևույթի դեմ: Հետաքննական լրագրության միջոցով ես և իմ գործընկերները խոշոր բացահայտումներ ենք արել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լոնդոնում և այլ քաղաքներում» – ասաց «Գարդիան» թերթի լրագրող Դեյվիդ Լին:

Նա պատմեց, թե ինչպես են ապօրինի զենքի վաճառքով զբաղվողներին բացահայտել Լոնդոնում, ծխախոտի վաճառքով զբաղվողներին ԱՄՆ-ում և այս ամենը միայն քրտնաջան աշխատանքի և համարձակության շնորհիվ. «Եթե դուք կարևոր բացահայտում եք արել և որոշ մարդիկ ձեզ թույլ չեն տալիս հրապարակել այդ նյութը, ապա դուք կարող եք խնդրել ձեր օտարերկրյա գործընկերներին, որ այդ նյութը հրապարակեն իրենց երկրում: Դրանից հետո ձեզ հանգիստ կթողնեն, և խախտումներ կատարածները կիմանան, որ չեն կարող խոչընդոտել տեղեկատվության տարածմանը»:

Պավլա Հոլցովան ասաց, որ հաճախ են համագործակցում Հայաստանում հետաքննող լրագրողների հետ և հենց այդ համագործակցության միջոցով էլ բացահայտել են, թե ինչ չգրանցված և ապօրինի բիզնեսներ ունեն հայ օլիգարխները արտասահմանում:

Լրագրողների ելույթներից հետո հավաքվածները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Դեկտեմբերի 8-ին՝ կոնֆերանսի վերջին օրը կազմակերպվեցին կարճ դասընթացներ և ամփոփվեց 3 օրերի աշխատանքը:

 

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել