ՏՈՆԵՐՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ, ԱՊՐԱՆՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ

ՏՈՆԵՐՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ, ԱՊՐԱՆՔՆ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ

422

Ամանորյա առևտրի աշխուժությունը Երևանում արդեն սկսվել է: Մարդիկ սկսել են իրենց գնումները: Սննդամթերքից այնպիսի ապրանքներ են գնում, որոնք հնարավոր է պահել մինչև տոնական օրերը: Դեկտեմբեր ամսին կան երկրներ, ուր սկսվում են նախատոնական զեղչեր, մինչդեռ Հայաստանում հակառակ գործընթացն է նկատվում: Խոսքը վերաբերում է ոչ միայն սննդամթերքին, խմիչքներին ու ընդեղենին, այլև խաղալիքներին ու, նունիսկ, հագուստին.

«Սեղանի համար մի քանի բան արդեն գնել եմ, ու թանկացումները արդեն նկատվում են: Քիչ առաջ էլ խաղալիքների խանութում էի, թոռնիկներիս համար նվերներ գնեցի: Խաղալիքները զգալի թանկացել են: Եթե նախորդ տարի նույն գումարով չորս թոռնիկներիս համար խաղալիքներ էի գնել, ապա այս տարի այդ գումարը երկուսի նվերներին հազիվ բավարարեց»,- ասում է Շողիկ տատիկը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 150-180 հազ.դրամ: Երևանաբնակ Մարիամ Մնացականյանը դժգոհում է, որ ապրանքների գներն ու իր աշխատավարձը չեն համապատասխանում. «Այս պայմաններում ի՞նչ առևտրի մասին կարող է խոսք լինել: Հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում: Գոնե թանկացումները քիչ լինեն: Գոնե ըմբռնումով մոտենան, որ մենք էլ Ամանոր նշենք, ուրախանանք»,- ասում է Մարիամը:

Խանութներից մեկի գործակատար Արտավազդն էլ փաստում է, որ տարեցտարի նախատոնական առևտուրը քչանում է. «Մարդկանց ձեռքը գումար չկա, ո՞նց առևտուր անեն: Գալիս հարցնում են, թե Արտո թանկացումներ լինելու՞ են, ես էլ ի՞նչ ասեմ, որ չգիտեմ: Դժվար է դարձել ապրելը»,- ընդգծեց Արտավազդը:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ից էլ պնդում են, որ համեմատել են նախորդ տարվա ու այս տարվա գնային տարբերությունները, ու կտրուկ թանկացումներ չեն նկատվել. «Հիմնականում ռիսկային գոտում են էկզոտիկ մրգերն ու ընդեղենը»,- ասում է կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Թանկացումներից անկախ, մարդիկ, ինչպես ամեն տարի, հնարավորության սահմաներում ու, գուցե, դրանցից դուրս նշելու են Ամանորը: Ասում են՝ ամոթ է, հայ ենք:

 

Մարիամ խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել