«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ, ԱՆՍՊԱՌ Է»․ ՄԱՐԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ, ԱՆՍՊԱՌ Է»․ ՄԱՐԻՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ

595

«Դո-ից Դո»-ի նկարահանման առաջին օրը նա չկարողացավ հուզմունը թաքցնել ու խոսել տեսախցիկների առջև. նկարահանման օրը հետաձգեցին։ Իսկ այսօր արդեն կարողանում է ոչ միայն խոսքը ճիշտ ու հմտորեն արտաբերել, այլև հանպատրաստից փոփոխում է այն ու իրեն զգում իր իսկ տաղավարում։

Վարում է Հ3 հեռուստաընկերության «Դո-ից Դո» և armdreams.tv-ի՝  Fashion Photoshoots հաղորդումը։ Դերասանական առաջին փորձերն արել է «Ճամբարում 2» ֆիլմում՝ մարմնավորելով Լիլիթի կերպարը, այնուհետև՝ «Կյանքը շարունակվում է» նախագծի թողարկումներից մեկում կերտել է Անիի կերպարը և «5 օր մինչ Ամանոր» ֆիլմում՝ Սոֆիի կերպարը։

Մեր զրուցակիցն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարինա Ներսիսյանը:

Շատերը կարող են փաստել, որ դուք խարիզմատիկ ու բեմական անձնավորություն եք ե՞րբ նկատեցիր դա Ձեր մեջ։

-Փոքր տարիքում մայրս ինձ տարավ պարի խմբակ, ես առանձնապես ցանկություն չունեի։ Ժամանակի ընթացքում սիրեցի պարը, մտածեցի, որ հենց այս ուղղությամբ պետք է առաջ գնամ, իմ դպրոցը հիմնեմ։ Բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ պարը չէ իմը. կա հաղորդավարության ոլորտ, որն ինձ ավելի է ձգում։

-Առաջին քայլերն արել եք «Արտ-Էջ» դպրոց-ստուդիայում ի՞նչ տվեց Ձեզ այն։

-Ուսման տևողությունը տասնմեկ ամիս էր։ Ավարտելիս զգացի, որ դա բավականին քիչ ժամանակ է բոլոր գիտելիքներին լիարժեք տիրապետելու համար։ Երեք տարի հաճախեցի «Արտ-Էջ» ու հասկացա, որ այդ ընթացքում ես ավելի հասունացա ու կայունացա։ Ըստ դասախոսներիս ՝ արդեն պատրաստի կադր էի, մնացածը պրակտիկայի միջոցով պետք է սովորեի։ «Արտ-Էջ»-ում ուսանելու տարիներին ունեցել ենք վարպետության բազում դասեր, որոնցից մեկի ժամանակ ես ծանոթացա Անի Քոչարի հետ ու համագործակցեցի «Բարև, ես եմ» կայքի հետ՝ որպես լրագրող։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ լրագրությունն իմը չէ․ես բեմի մարդ եմ։

-Սովորելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ միաժամանակ նաև աշխատում եք ինչպե՞ս եք կարողանում համատեղել ուսումն ու աշխատանքը։

-Հատկապես երկրորդ կուրսում շատ մեծ դժվարությամբ էր դա ստացվում։ Աշխատանքի մեջ էլ անհնար է միշտ նույն տեղում մնալ, շարունակ նոր նախագծեր են լինում։ Կան դասախոսներ, որոնք նաև աջակցում են ինձ։ Նկարահանումների արդյունքում բավականին էներգիա եմ ծախսում։ Միջանկյալներն էլ դեկտեմբերին են, իսկ այդ ամիսն ամենածանրաբեռնվածն է այն առումով, որ ամանորյա համերգներ, միջոցառումներ, տարեվերջյան նկարահանումներ են տեղի ունենում։ Լինում են օրեր, երբ ստիպված եմ լինում դասի չգալ կամ շուտ դուրս գալ։

-Եթե մի օր կանգնեիք երկընտրանքի առջև՝ ուսո՞ւմ, թե՞ աշխատանք, ո՞րը կընտրեիք։

-Այժմ սովորում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բայց աշխատում եմ որպես հաղորդավարուհի։ Այսօր ինձ նայում են էկրանից, ու ես չեմ կարող վատ աշխատել. այն մակարդակը, որին ես որոշ չափով հասել եմ, դժվար կլինի նորից բարձրանալ։ Այս պահի դրությամբ՝ ուսումս է տուժում։

-Ինչպե՞ս ստացաք «Դո-ից Դո» հաղորդումը վարելու առաջարկը։

-Երբ Հայկական երրորդ հեռուստաալիքը բացվեց, քասթինգ էր հայտարարվել։ Մասնակցեցի, հաջորդը օրը կանչեցին, ու առաջարկեցին նախ իմ գաղափարն ասել։ նկարահանեցինք պիլոտային հաղորդում, սակայն հասկացանք, որ այն երկար կյանք չի կարող ունենալ։ Իսկ «Դո-ից Դո»-ն իմ հեղինակային հաղորդումմն է։ Երաժշտությունը միշտ ասելիք ունի, այն չի կարող սպառվել։

-Այս պահին վարում եք երիտասարդական հաղորդում, միջոցառումներ, համերգներ։ Ձեզ պատկերացնո՞ւմ եք այլ ձևաչափում։

-Ինձ թվում է՝ երբ մտնում ես մի ձևաչափի մեջ, թե՛ հեռուստադիտողը և թե դու ինքդ, այլևս այլ ձևաչափում չես կարողանում քեզ պատկերացնել։ Ես ինձ չեմ պատկերացնում, օրինակ, լրատվական դաշտում կամ թոք շոու վարելիս։

-Ձեզ մշտապես կարելի է տեսնել վառ գույների մեջ այդ վառ գույները կապվա՞ծ են Ձեր ներաշխարհի, գաղափարների ու երազանքների հետ։

-Իմ ընկերներն ինձ միշտ բնորոշում են որպես պայծառ անձնավորություն։ իմ ներսում միշտ վառ գույներ են, ամեն ինչին պայծառ երանգներով եմ նայում ու փորձում եմ լավատես լինել․ երևի դա է պատճառը։

 

Հարցազրույցը վարեց Շողիկ Ղազարյանը

3-րդ կուրս

Կիսվել