ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞Ր ՕՐԵՆՔՆ Է ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ո՞Ր ՕՐԵՆՔՆ Է ՊԱՀՊԱՆՎՈՒՄ

1543

«Օրենքը շատ բանա ասում». այս պատասխանը ստացավ տարեց կինը, երբ ուժեղ հազից մի կերպ ուշքի գալով` փորձեց երթուղայինի վարորդին ցույց տալ անմիջապես նրա հետևում փակցված օրենքի այն կետը, որը պահանջում է վարորդներին չծխել և պահպանել մարդկանց առողջությունը:

Սա թերևս այն օրենքներից է, որը միշտ մեր աչքի առջև է, փակցված է գրեթե բոլոր երթուղայիններում: Մի շարք բժշկական հետազոտություններ հաստատել են, որ այն մարդիկ, ովքեր չունեն ոչ մի առնչություն ծխախոտի հետ, սակայն հայտնվում են ծխող մարդու շրջապատում, ինքնըստինքյան համարվում են «պասիվ ծխողներ»: Այսինքն մանկահասակ երեխաները և տարեց մարդիկ, հայտնվելով օրական 3-ից ավել երթուղայինում, որի վարորդը ծխում է, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց կունենան թոքերի հետ կապված խնդիրներ:

Մեկ այլ ուղևոր, ով քիչ թե շատ գիտակ էր օրենքից, տեսնելով, որ վարորդը 15 րոպեյվա ընթացքում 2 անգամ խախտում է  օրենքը` խոսեց վարորդի հետ օրենքի տեսանկյունից, ինչին ստացավ սպասելի պատասխան.«Ինչի Հայաստանում որ օրենքն ա պահպանվում որ»: Հայաստանի բնակչության 70%-ից ավելին հաճախ է օգտագործում այդ արտահայտությունը: Սակայն այդ արտահայտությունը անելուց առաջ պետք է հիշել. յուրաքանչյուր ոք օրինապաշտ երկիր դառնալու երազանքի իրականացումը պետք է սկսի հենց իրենից:

Խնդրի առթիվ կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության հետ: Սակայն նրանց կողմից ստացանք «կոնկրետ թիվ չենք կարող ասել» պատասխանը:

Նույն հարցին ճանապարհային ոստիկաններից մեկը, թեպետ և ագրեսիվ, այնուամենայնիվ պատասխանեց այսպես. «Մենք ձեզանից լավ գիտենք այդ օրենքները, բնականաբար օրինախախտ վարորդները պատժվում են»:

Որպես հավելում նշեմ, որ երթուղայիններում տվյալ օրենքի ստորին հատվածում նշված է թեժ գծի հեռախոսահամար: Հարցման արդյունքում «արդյոք տեսնելով վարորդին ծխելուց կզանգեք և կբողոքեք», ուղևորների զգալի մասը պատասխանեց այսպես. «ինչու մարդուն իզուր աշխատանքից զրկենք, մեզ չի վնասում, թող ծխի»: Միայն ուղևորների շատ փոքր տոկոս հարցին տվեց դրական պատասխան:

Նշենք, որ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.

«Վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով»:

 

Մերի Կիրակոսյան

2-րդ կուրս

 

Կիսվել