ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. 90-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. 90-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

3174

Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով`աշխարհի բնակչության 75 %-ից ավելին ունի գոնե մեկ ռադիո ընդունիչ

 

Ամեն ինչ սկսվեց 90 տարի առաջ, երբ 25 րոպե տևողությամբ ռադիո հաղորդմամբ տրվեց հանրապետական նշանակության առաջին ռադիոկայանի աշխատանքների մեկնարկը` ժողովրդական երգ-երաժշտությամբ: Հաղորդումները ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էին տեղական նորությունների կարճ թողարկումներով: Հիմնադրման առաջին տարիներին ռադիոկայանի հեռարձակման շառավիղն ընդգրկում էր միայն Երևանն ու շրջակա գյուղերը: Հետագայում ռադիոյի  տարածման աշխարհագրությունն ընդլայնվեց ռադիոսիրողների ջանքերով:

Սկզբնական շրջանում հաղորդավարներ չեն եղել, ռադիոխոսնակի պարտականությունները կատարել են ռադիոյի աշխատակիցները կամ հաղորդվող նյութերի հեղինակները: 1929-ից ռադիոհաղորդումները վարել են հաղորդավարները. առաջիններից էին Վերգինե Բաբայանը և Սուրեն Քանանյանը: Տարեցտարի ընդարձակվել են ռադիոլսարանը, հաղորդումներ պատրաստելու ստեղծագործական և տեխնիկական հնարավորությունները:

Կազմակերպչական մեծ աշխատանք Հանրապետական ռադիոն կատարեց երկրաշարժի օրերին: «Որոնում» հրատապ ծառայության շնորհիվ շուրջ 17 հազար աղետյալներ միմյանց գտան:

Հանրապետական ռադիոն ակտիվ էր նաև արցախյան ազատամարտի տարիներին: Այդ ժամանակ հեռարձակում էին ռեպորտաժներ, ազատամարտիկների մասին ակնարկներ: Հենց ռադիոն է արձանագրել ԼՂՀ ՊԲ-ի և կամավոր ջոկատների հաղթանակները, հետևողականորեն ներկայացրել ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման ժամանակագրական դեպքերը:

Անկախության հռչակումից հետո ՀՀ ԶԼՄ-ները, այդ թվում` ռադիոն, ենթարկվել են արմատական և կառուցվածքային փոփոխությունների: Հանրապետական ռադիոն վերակառուցվել է Ագգային ռադիոյի: Ստեղծվել են հասարակաքաղաքական, սոցիալտնտեսական, երիտասարդական մի շարք նոր հաղորդաշարեր ու ծրագրեր, կազմվել է նոր լրատվավերլուծական հաղորդումների ցանց, տեխնիկապես հնարավորություն է ստեղծվել ռադիոեթերը դարձնել «կենդանի»: 2001թ. Հայաստանի ագգային ռադիոն վերանվանվել է Հայաստանի հանրային ռադիո:

Պատկառելի տարիքի հասած հայաստանյան ռադիոն  այսօր շատ ավելի երիտասարդ է իր կրտսեր գործընկերներից: Հեռարձակման ժամանակակից տեխնիկայով աշխատող ռադիոն վերջերս անցել է նաև թվային հեռարձակման: Նոր եթերաշրջանում ռադիոեթերը համալրվել է քաղաքական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլ ոլորտների մի շարք նոր ծրագրերով: Ռադիոյի ղեկավարությունը հատկապես կարևորում է ռադիոլսողի հետ հետադարձ կապի անհրաժեշտությունը: Հաղորդումների զգալի մասը հեռարձակվելու է ուղիղ եթերում. ունկնդիրն ուղիղ եթերին միանալու հնարավորություն է ունենալու, կարողանալու է հարց ուղղել փորձագետին, պատասխանատու անձին և միանգամից ստանալ  հուզող հարցի պատասխանը: Այսօր էլ Հանրային ռադիոն  շեշտը դնում է օպերա տիվ լրատվության, որակյալ հաղորդումների սփռման վրա` օգտագործելով ժամանակակից մուլտիմեդիայի  տեխնիկական հնարավորությունները` բավարարելու համար մերօրյա մեդիասպառողի ժամանակակից պահանջները:

 

Սլավա Բադալյան

2-րդ կուրս

 

Կիսվել