ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՕՐԸ… ՎԱՂԸ…

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՆ ՈՒ ԱՅՍՕՐԸ… ՎԱՂԸ…

1942

Ուղիղ 60 տարի առաջ՝ նոյեմբերի 29-ին, հայկական հեռուստաեթերի մեկնարկն ազդարարեց հաղորդավար Նարա Շլեպչյանը. նրա գեղեցիկ ու հնչեղ ձայնով իրականացավ շատերի երազանքը: Սա իրադարձություն էր, որին սպասում էին բոլորը:

Հանրայինի առաջին աշխատողները հեռուստատեսությունը պատկերացնում էին որպես արվեստի և մշակույթի արժեքների հետ շփման միջոց: Դա էր պատճառը, որ սկզբնական եթերը հարուստ էր գեղարվեստական հաղորդումներով և հեռուստատեսային ներկայացումներով: Առաջինը ռեժիսոր Օլեգ Մելիք-Վրթանեսյանի «Գյուլնազ տատի հեքիաթները» հաղորդումն  էր, որի անդրանիկ հաղորդումը հեռարձակվեց 1957 թ.  փետրվարի 17-ին: Նույն թվականի օգոստոսին հեռուստատեսության եթերը համալրեց «Շաբաթվա նորություններ» լրատվական թողարկումը, որը պարբերական չէր: Միայն 1958 թ. փետրվարից հայկական հեռուստատեսության լրատվական թողարկումը` «Նորություններ» անվամբ, դարձավ պարբերական: Այդ ժամանակ էլ ստեղծվեց հեռուստատեսության լուրերի խմբագրությունը: Առաջին քաղաքական մեկնաբաններից  էին Ջոն Կիրակոսյանը, Հակոբ Հակոբյանը:

Հետաքրքիր էին Ամանորի առաջին ծրագրի նախապատրաստությունները: Տաղավարը, որն ընդամենը 60 ք. էր, չէր բավականացնում տոնական ներկայացման համար: Սրահում դաշնամուրի, հեռուստախցիկների, մոնիտորի, լուսավորող սարքերի կողքին դեռ պետք է դրվեր տոնածառը: Հնարամիտ աշխատակիցների շնորհիվ բնական տոնածառը փոխարինվեց պաննո-տոնածառով, իսկ օպերատոր Վահագն Ղարիբյանը, իր օգնականների հետ թիթեղյա փայլուն տարաների մեջ տարբեր հզորության և գույնի լամպեր դնելով, ստացավ առաջին ինքնաշեն լուսարձակները:

Հիմնադրումից 10 տարի անց հայկական հեռուստատեսությունը հասցրել էր համամիութենական ասպարեզում զբաղեցնել առաջնային դիրքեր` ունենալով մոտ 500 էկրանավորում, որոնցից էին «Սայաթ-Նովա»-ն, «Շրթներկ համար 4»-ը:

1970-ականներին Հանրայինի ցուցադրման տիրույթը դուրս եկավ Երևանի սահմաններից: Առաջին հաղորդումները մայրաքաղաքից դուրս հեռարձակվեցին Ղափանում, Քաջարանում, Սիսիանում, ավելի ուշ` նաև Ամասիայում:

1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տևողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:

1990-ականների սկզբում հեռուստատեսությունը ազատվեց գրաքննությունից: Հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան և նոր ձևով ներկայացան ժամանցային հաղորդում ները: Անկախության հռչակումից օրեր անց ծնվեց «Հայ  լուր» լրատվական ծրագիրը, որի դեմքը դարձավ  Տիգրան Նաղդալյանը:

1999 թ. Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով: 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն` Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության` «Հ1» տարբերանշանով:

2005 թվականը Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար զարգացման նոր ճանապարհներ բացեց: Եվրոպական հեռարձակողների միության 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում ցուցադրվեց «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի 50-ամյակին նվիրված շքեղ տոնակատարությունը: Հաջորդ տարի արդեն մենք էլ հնարավորություն ստացանք ներկայացնելու մեր երկիրն այդ հեղինակավոր երաժշտական մրցույթում: Նույն թվականին ստեղծվեց հանրապետությունում առաջին վիրտուալ ստուդիան:

2009 թ. հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում նկարահանվեց «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմը՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2010-ին հեռուստադիտողին ներկայացվեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով և հինգ մասից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը, 2011 թ.՝ «Արտիստը»՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա:

2013 թ. սկսած` Հանրայինը թևակոխեց զարգացման նոր փուլ. ձևավորվեց նոր եթերացանկ: Այս պատասխանատու գործում կարևոր էր հիշել և վերարժևորել հեռուստաընկերության գլխավոր նպատակն ու նրա առջև դրված խնդիրները: Այդ պահից սկսած` Առաջին ալիքի եթերում կողք կողքի թողարկվում էին թե՛արդեն սիրված ու իրենց կայուն տեղն ունեցող հաղորդումները և թե՛մի քանի տասնյակի հասնող նոր ծրագրերը:

Այս տարիներին hեռուստատեխնիկայի մշտական զարգացումը նախադրյալներ ստեղծեց անցում կատարելու թվային հեռարձակման:

Տեխնիկական հագեցման նպատակով լուրջ քայլեր իրականացվեցին 2013 թվականից սկսած: Առաջին հերթին ամբողջությամբ վերազինվեց Առաջին լրատվական ծառայությունը, ձեռք բերվեց AVID թվանշային հեռուստահամակարգ՝ տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

Վերջին տարիների տեխնիկական գլխավոր ձեռքբերումը Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաշարժակայանն է: Չինաստանի կառավարությունից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը նվիրաբերվեց նոր, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան, 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայանը եւ HD արբանյակային  հեռարձակման կայանը: Չինաստանի կառավարության հետ համագործակցության արդյունքում հնարավորություն ստեղծվեց 2015 թ. կառուցել նոր եթե րային եւ ապարատային սարքասրահ, որը թույլ տվեց անցում կատարել HD հեռարձակման:

2016 թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթե րաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Ստեղծագործական փոփոխություններից և տեխնիկական ձեռքբերումներից զատ Հանրայինի համար կարևոր էր նաև ընկերության աշխատակիցների հարմարավետությունը: Այդ նպատակով սկսվեցին շենքային պայմանների բարելավմանն ուղղված քայլերը:

Թեև չափազանց դժվար է Հանրայինի 60-ամյա պատմությունն առավելագույնս հակիրճ ներկայացնել, այնուամենայնիվ, այս փաստերն էին ինձ համար ամենից կարևորներն ու գլխավորները:

Սա Հանրայինի երեկն էր ու այսօրը, իսկ վա՞ղը…

Վստահ եմ, որ վաղը նոր զարգացման սկիզբն է լինելու հեռուստատեսության համար. չէ՞որ հաջողության է «դատապարտված» մի ընկերության գործունեություն, որի բոլոր աշխատակիցների համար աշխատատեղն առաջին հերթին տուն է:

Կիսվել