ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԵՄ Է ՀՀԿ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԵՄ Է ՀՀԿ-Ի ԱՌԱՋԱԴՐԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ

1503

Եզդիների համայնքի փոխնախագահ Գոգո Ասոյանը մարտի 3-ին «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում եզդիների թեկնածուների մասին: «Եզդիների կողմից առաջադրվել է քրդամետ թեկնածու: Հորդորում եմ ժողովրդին ճիշտ ընտրություն կատարել»,-ասաց նա: Ակումբի հյուրերը եզդիների միության անունից դժգոհություն հայտնեցին, որ ընտրություններում այն միակ տեղը, որը հատկացվում է ազգային փոքրամասնությունների (ինչպես նաև եզդիների) թեկնածուի համար, կարող է զբաղեցնել մեկը, ով ազգությամբ «մաքուր» եզդի չէ: Արարատի մարզի եզդիների միության նախագահ Քյարամ Սլոյանն իր խոսքում նշեց, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Ռուստամ Մահմուդյանը քրդացած եզդի է, և եզդիների համայնքը չի ցանկանում նրան տեսնել որպես իրենց ներկայացուցիչ Ազգային ժողովում: Ապա հավելեց, թե մտավախությունը մեծ է, որ հենց նա էլ «կանցնի»:

«Մենք մեր դպրոցներում բաժանում ենք եզդիական գրքեր, որոնք քրդերի կողմից անմիջապես պատռվում են՝ փոխարինվելով քրդականով»,- իր խոսքը շարունակեց Քյարամ Սլոյանը` հավելելով, որ եզդիները քսանհինգ տարի պայքարում են չքրդանալու համար: «Չկա քուրդ-եզդի ազգություն. կա եզդի, և կա քուրդ: Քրդերն իրենց համարում են քուրդ-եզդի և ցանկանում են քրդացնել եզդիներին»,- խոսքն ավարտեց Քյարամ Սլոյանը: Զովունիի եզդիների միության նախագահ Քալաշ Ամարյանը նշեց, որ Հայաստանի 42,000 եզդիներից չորս հազարը քրդացած են, որոնցից երեսունից ավելին ֆինանսավորվել (կաշառվել) են Քուրդիստանի կողմից:

Ասուլիսի բանախոսները հիշեցրին, որ Հայաստանում պաշտոնապես մեկ քուրդ է բնակվում՝ Կնյազ Հասանովը: Վերջինս էլ քրդերի կողմից առաջադրված միակ թեկնածուն է, հետևաբար միակ հավակնորդն է:

«Ավելի լավ է մեր կողմից ընտրվի թուրք, քան քուրդ»,- եզրափակեց Քյարամ Սլոյանը:

Թեման զարգացնելու համար արժեր զանգել ՀՀԿ նախընտրական շտաբ և հարց ուղղել նրանց թեկնածուի վերաբերյալ, հարցնել, թե ինչպես են մեկնաբանում եզդիների արտահայտած մտահոգությունները:

 

Էլին Պողոսյան

2-րդ կուրս

 

Կիսվել