ԴԵՊԻ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ ՏԱՆՈՂ ԳԻՐՔԸ

ԴԵՊԻ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐ ՏԱՆՈՂ ԳԻՐՔԸ

584

Արիստակես Հովսեփյանի «Անքնություն» բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 6-ին  «Team Time»  սրճարանում: Գրքում ներկայացված են հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները:

Գիրքը կազմված է 5 բաժիններից: Առաջին բաժնում հեղինակի խոհերն ու մտորումներն են, երկրորդ բաժնում հայրենի բնությանը նվիրված բանաստեղծություններն են, երրորդում՝ Հայաստանին նվիրված ստեղծագործություններն են, չորրորդում՝ սիրած կնոջը, և հինգերորդ բաժնում ներկայացված են նրա քառյակները: Գիրքը հրատարակել է  «Անտարես» հրատարակչությունը:

Արիստակես Հովսեփյանն իր ողջույնի խոսքը սկսեց շնորհակալություն հայտնելով գրքի խմբագիր Դավիթ Գյուրջինյանին, կազմի ձևավորման համար՝ իր լավ ընկեր Աննային, Գոհար Գրիգորյանին ու Գառնիկ Կարապետյանին: Հատուկ շնորհակալություն հայտնեց նաև իր ընկեր Էդգար Հարությունյանին, ով «դրդել է իրեն տպագրել գիրքը և ում շնորհիվ այն լույս ընծայվեց»:

Բացման խոսքով հանդես եկավ նաև գրքի խմբագիր Դավիթ Գյուրջինյանը. «Խոստովանում եմ, որ Արիստակեսի անունն ինձ հայտնի չէր, և երբ Էդգարը ինձ դիմեց գրքի խմագրման համար, ես սկզբում մերժեցի, որովհետև հիմա բոլորը գրում են և հաճախ նաև լավ չեն գրում, բայց երբ Արիստակեսի գրածները կարդացի, նույնիսկ ուրախացա, որ չեմ մերժել: Հաճույքով կարդացի իբրև ընթերցող, հետո խմբագրեցի: Ինձ թվում է՝ համեստություն էր անում Արիստակեսը, երբ ասում էր՝ գոնե մի բան Ձեզ դուր գա: Իրականում շատ բան է դուր եկել: Ես չեմ ասի, թե այս գիրքը հեղափոխություն կմտցնի մեր ժամանակակից հայ քնարերգության մեջ: Արիստակեսն ինքը բնավ այդպիսի մտադրություն չի ունեցել, նա գրել է իր բանաստեղծություններն ու դրել իր դարակում և բավարարված է եղել դրանով: Սրանք անկեղծ գրված գործեր են. դա ակնհայտ է և վարակիչ: Ես խորհուրդ կտայի կարդալ այս գիրքը, որովհետև այս խառը օրերին մենք ահագին աղբ ենք կարդում՝ տարբեր բնույթի, իսկ Արիստակեսը ուրիշ հանգրվաններ է տանում՝ խաղաղ հանգրվաններ»:

Շնորհանդեսից հետո կարճ հարցազրույց ունեցանք «Անքնություն» գրքի հեղինակի՝ Արիստակես Հովսեփյանի հետ: Նրա խոսքով՝ գրքի վերնագիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրքում ներկայացված բանաստեղծությունների մեծ մասն ինքը գրել է անքուն գիշերների արդյունքում: Գիրքը կոնկրետ հասցեատեր չունի: Արիստակեսի կարծիքով՝ իր գրքի ընթերցողները կարող են լինել և՛ ավագ, և՛ կրտսեր սերնդի ներկայացուցիչները, քանի որ այն գրվել է իր կյանքի տարբեր տարիներին: Բացի այդ, գիրքը տարբեր բաժիններից է կազմված, և ներկայացված են տարբեր ստեղծագործություններ: Ընթերցողներն իրենք են գտնում այն ստեղծագործությունը, որն իրենց հոգեհարազատ է, գնահատականն իրենք են տալու, իսկ հեղինակը միայն ներկայացրել է իր մտորումները:

Շուտով կլրանա 20 տարին, ինչ Արիստակես Հովսեփյանը գրում է: Նրա խոսքով՝ այնպես ստացվեց, որ իր բանաստեղծությունները կյանքի այս փուլում վերջապես գրքի վերածվեցին և, ինչպես նշեց, այդ հարցում իրեն հորդորել և մեծապես օգնել է ընկերը՝ լուսանկարիչ Էդգար Հարությունյանը: Արիստակեսի խոսքով՝ բոլոր հայ դասականներն էլ իրեն ոգեշնչել են: Թումանյանի մասին ասաց, որ չի կարող խոսել, որովհետև նրան իսկապես բացարձակ մեծություն է համարում: Իրեն հոգեհարազատ գրողներից առանձնացրեց Հովհաննես Շիրազին ու Համո Սահյանին: Արիստակեսը նախընտրում է ընթերցել հայ դասականներին, նա խոստովանեց, որ ընդհանրապես չի կարդում հայ ժամանակակից գրականություն, բայց կարծում է, որ միգուցե արժե այդ բացը լրացնել: Արիստակեսի խոսքով՝ այլեւս մտավախություն չունի, թե հայ երիտասարդները չեն սիրում ընթերցել: Իսկ թե ինչ հաջողություն կունենա վաճառքի առումով իր գիրքը, դժվարանում է ասել: Նոր գիրք հրատարակելու մասին հարցին նա պատասխանեց՝ կապրենք, կտեսնենք:

Մարիաննա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել