ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՆԱՆՑ

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ԿԱՆԱՆՑ

1443
Awarding ceremony of the 'Heroine of Agricultural Products 2017' took place at Congress Hotel

Մարտի 8-ին Երևանի կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Գյուղմթերքի կին հերոս-2017» ազգային մրցանակաբշխությունը, որը կազմակերպել էին Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը և ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակը։ Միջոցառմանը մասնակցում էին նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, գյուղատնտեսական կոոպերատիվների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Պարգևների շնորհման արարողությունը սկսվեց ՕՔՍՖԱՄ-ի գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի ողջյունի խոսքից հետո. «Այս միջոցառումը շատ գեղեցիկ ավանդույթ է դարձել։ Մեր կարգախոսն է` տնտեսական իրավազորումից մինչև քաղաքական մասնակցություն, և բավականին մեծ աշխատանք է արվում, որպեսզի մենք կարողանանք հզորացնել մեր կանանց, իրավազորել տնտեսապես, որպեսզի իրենք վստահ լինեն իրենց ուժերի վրա»։ Նա իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը նպաստում է ոչ միայն կանանց ինքնագնահատականի բարձրացմանը, այլև նրան, որ կանայք պայքարեն հավասար իրավունքների համար։ Տիկին Հակոբյանը կոչ արեց կանանց լինել ավելի ակտիվ և նախաձեռնող ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ոլորտում:

Կազմակերպիչները պատրաստել էին կարճամետրաժ անիմացիոն հոլովակներ, որոնցում ներկայացնում էին, թե ինչպես են ֆերմեր կանայք սկսել մշակել գյուղմթերքը և ինչ առաջընթաց են գրանցել։ Այս տարի մրցանակբաշխության կարգախոսն է` «Նոր մոտեցումներ, նոր լուծումներ սննդամթերքի արտադրության ոլորտում»: Նպատակն է` խթանել այն կանանց գործունեությունը, ովքեր հասել են դրական արդյունքների գյուղատնտեսության ոլորտում ու կարող են նպաստել համայնքների կայուն զարգացմանը, պարենային ու սննդի անվտանգությանը։

Մրցանակակիրներից մեկը «Վանքաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահ Նունե Ավագյանն էր։ Կոոպերատիվը ստեղծվել է 2012թ. և կազմված է 37 կանանցից, ովքեր զբաղվում են ջերմոցային և գյուղմթերքի սառեցման տնտեսությամբ։ Բացի գյուղատնտեսությունը զարգացնելուց՝ կոոպերատիվը զբաղվում է նաև համայնքի հիմնախնդիրներով։ Տիկին Նունեն նաև Գոմք համայնքի ավագանու անդամ է: Մեզ հետ զրույցում նանշեց, որ շատ դժվարությամբ է կարողացել հասնել ներկայիս հաջողություններին` համայնքի կանայք նախ չեն համաձայնել անդամակցել կոոպերատիվին՝ պատճառաբանելով, թե չեն հասցնի առօրյա կենցաղային գործերը, սակայն Նունեն այդ հարցի լուծումը գտել է տեխնիկական սարքերի միջոցով, և հիմա համայնքը հպարտանում է իրենց արտադրանքով։ Նունե Ավագյանի ծրագրերը, սակայն, այսքանով չեն սահմանափակվում. նա հավոզված է, որ Գոմքում հնարավոր է կառուցել պահածոների փոքրիկ գործարան, որտեղ կարելի է համայնքի հարուստ խոտաբույսերից և մրգերից պատրաստել զանազան պահածոներ։

«Գյուղմթերքի կին հերոս-2017» մրցանակաբաշխությունն անցկացվում է 2011թ.-ից՝ Եվրոպական միության աջակցությամբ «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում` ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերային արտադրության միջոցով» ծրագրի շրջանակներում:

 

Արփինե Պետրոսյան

2-րդ կուրս

 

Կիսվել