ՄԵԿՆԱՐԿԵՑ «UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ «UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾԸ

316

Աշխատանքային փորձ չունենալը այլևս խնդիր չի լինի, եթե ունենաս ճիշտ գործնական իմիջ և տիրապետես մի քանի հմտությունների: Իսկ թե ինչպես` տեղեկացնում է «University tour» նախագիծը: Այն մեկնարկեց մարտի 15-ին Ագրարային համալսարանում «Global Media Lab» ընկերության նախաձեռնությամբ:

Շուրջ երկու ժամ տևող թրեյնինգը շատ արագ անցավ շնորհիվ մասնակիցների ինտենսիվության, հետաքրքիր հարցերի և ընդհանուր թեթև մթնոլորտի: Մասնակիցները տեղեկացան այն հմտությունների մասին, որոնք նպաստում են կարիերայի աճին և համապատասխանում են 2017թ.-ի պահանջներին: Թրեյնինգի ժամանակ իրենց փորձով կիսվեցին նախաձեռնող ընկերության հիմնադիր, տնօրեն Սեդա Վարդանյանը, ընկերության կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

Խոսնակներից Թերեզա Գրիգորյանը իր գաղափարներով կիսվեց մասնակիցների հետ` պատասխանելով բոլոր ժամանակների ամենահուզուղ հարցին` «Ինչու՞ չունենք աշխատանք»: Նա վստահեցրեց՝ գործատուն անշուշտ կընդունի յուրաքանչյուրին, ով  կունենա լավ գաղափար և հետամուտ կլինի դրա իրականցմանը. «Մարդկանց մեծամասնությունը СV գրելիս օգտվում է նույնանման ու պատրաստի ձևերից՝ լրացնելով իր տվյալները։ Ժամանակն է՝ համարձակություն ձեռք բերել ոչ ստանդարտ ոճով ներկայանալու»։

Մասնակիցները տեղեկացան նաև ժամանակակից ինքնակենսագրական գրելու ձևերի մասին, որոնք կարող են լինել հոլովակների, անիմացիոն նկարների տեսքով։ Թերեզան հավատացրեց, որ այդպիսով ավելի հեշտ կլինի գրավել գործատուների ուշադրությունը․ նրանք փնտրում են կրեատիվ ու ստեղծագործ մարդկանց։

Բոլորի ուշադրությունը գրավեց մասնակիցներից մեկի՝ Դավիթի հարցը, թե ինչ պետք է անել այն դեպքում, եթե գործատուն 60-ն անց, «փորով ձյաձյա» է, ում առանձնապես չի հետաքրքրում մեր կրեատիվ ռեզյումեն։  Պատասխանը չուշացավ։ Սերգեյ Ուսնունցը պարզապես խորհուրդ տվեց ազատվել դոգմաներից. «Բոլորս մեր առաջ ինչ-որ կարծրատիպեր ենք դնում սկզբում դպրոցում, հետո համալսարանում, հարևանների կամ ծնողների ազդեցության տակ։ Հիմա էլ, այստեղ գտնվողներից առնվազն 40 հոգի դուրս կգա և կասի՝ աբսուրդ է՝ շարունակելով ապրել իր սովորական կյանքով։ Ընդամենը հավատացեք ինքներդ ձեզ ու մի վախեցեք կրեատիվ լինելուց»:

Այնուհետև թվարկեց այն հմտությունները, որոնց շնորհիվ կարելի է միշտ պահանջված մնալ: Կազմակերպվեց նաև ինտերակտիվ խաղ։ Իրենց սմարթֆոնների միջոցով մասնակիցները պատասխանում էին այն հարցերին, որոնց խոսնակներն անդրադարձել էին թրեյնինգի ընթացքում։ Հաղթող ընտրվեցին առաջին երեք մասնակիցները, ովքեր ամենաարագ ու ճիշտ պատասխաններն էին տվել։ Առաջին հաղթողը ագրոնոմիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էդգար Սմբատյանն էր, ում որպես մրցանակ շնորհվեց Տիմատիի՝ մայիսին կայանալիք հայաստանյան համերգի տոմս։ «Ինձ շատ դուր եկավ այս նախաձեռնությունը և ուրախ եմ, որ մասնակցեցի նման հետաքրքիր ու ուսուցանող թրեյնինգի։ Սա ևս մեկ կարևոր քայլ է՝ ուսանողներին տալու գիտելիք և հմտություններ՝  ուղորդելով աշխատաշուկա։ Իսկ Տիմատիի համերգին անպայման գնալու եմ»,- ոգևորված հայտնեց Էդգարը։

Մյուս հաղթողներին նույնպես տրվեցին մրցանակներ՝ «Questomania»-ի և ֆիլմի տոմսեր։
Իսկ վերջում, իհարկե, բոլորը միասին իրենց ուրախ և «հաղթական» տրամադրությունը ֆիքսեցին լուսանկարներում։

Սա «University Tour» նախագծի առաջին թրեյնինգն էր, որին հաջորդելու են մյուսները Հայաստանի 9-ը լավագույն համալսարաններում: Նախագծի էությունը արդի ուսանողական խնդիրները լուծող ֆորումի միջոցով ուսանողներին օգտակար հմտություններ տրամադրելն է, որոնք կնպաստեն անձի և կարիերայի աճին:

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Կիսվել