ՍԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՀԱՅՏ ԳՈՒՅՆԵՐ

ՍԵՐԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՀԱՅՏ ԳՈՒՅՆԵՐ

161

Իմ զրուցակիցը Երևանի Պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանող, բանաստեղծ, նկարիչ, բլոգեր Նարեկ Սարգսյանն է:

-Ինչպե՞ս որոշեցիր 25 տարեկանում ընդունվել համալսարան` մշակութաբանություն սովորելու:

-Ես երկար էի սպասում, որ դառնամ ուսանող: Բոլորը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո բուհում են սովորում, հետաքրքիր էր դառնալ ուսանող 25 տարեկանում: Հայտ լրացնելիս միայն մշակութաբանություն բաժինն էի նշել, ոչինչ չգիտեի այդ մասնագիտության մասին, պարզապես հոգեհարազատ թվաց, նեքին մի բան էր, որ ստիպեց ընտրել հենց այդ:

-Գիտեմ, որ և՛ նկարում ես, և՛ գրում ես: Գրի՞չդ է անդավաճան, թե՞ վրձինդ:

-Վերջերս եմ սկսել նկարել: Այն ինձ համար անհասանելի մի բան էր, բայց երբ հասկացա, որ կարողանում եմ նկարել, հոգեկան բավարարավածություն զգացի: Եթե չգրեի, իմ կյանքում թերին ու պակասը շատ կլինեին: Այն, ինչը չեմ կարողանում ոչ մի կերպ արտահայտել, գրիչը ինձ օգնում է: Նա անդավաճան է:

-Լեոնարդո դա Վինչին ասում էր` բնությունն ամեն ինչի մասի հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել բնությունից: Ինչու՞ է բնությունը գերակշռում քո նկարներում:

-Բնության մեջ հանգստություն կա: Մեր մտքերում միշտ սավառնում ենք, բայց իրականում մենք հողեղեն ենք: Բնության պատկերները մեզ տալիս են այն ամենը, ինչ կյանքը պատրաստել է մեզ համար` որպես հողեղեն էակներ:

-Ի՞նչ գույներ ունի սերը երիտասարդ բանաստեղծի համար:

-Սերը բոլորի համար պետք է ունենա բոլորին անհայտ գույներ: Սերը ինձ համար գարնան գույն ունի:

Շատ գարուններ են եկել ու անցել,
Գարունները շատ ծաղիկ են բերել,
Ծաղիկները բյուր սրտեր են գերել,
Այս գարունը, տե՛ս, նոր սեր է բերել:

Ասում են, ով արթնանում, իր բլոգն է ստեղծում: Ի՞նչ նպատակ ունի Նարեկ Սարգսյանի բլոգը:

-Իմ բլոգը միտում ունի ավելի լայն շրջանակներին ներկայացնելու իմ ստեղծագործությունները: Տեղադրում եմ երաժշտական կատարումներ, հեղինակային նյութեր, հոդվածներ, կարճ մտքեր: Երբ ինչ-որ լավ բան ես անում,որը  մարդկանց չի վնասում, և նույնիսկ կարող է օգտակար լինել, պետք է տարածել: Սա ինձ համար սկզբունք է:

-Աշխարհում ի՞նչ կփոխեիր քո վրձնով ու գրչով:

-Աշխարհում այնքան բան կա փոխելու, բայց և ոչինչ չկա փոխելու: Վրձնով կփոխեի մեր միջավայրը, մեր հորիզոնը, կստեղծեի իմ գույնը: Հորիզոնից այն կողմ միշտ կա անհայտ: Կփորձեի այդ անհայտը հասանելի դարձնել: Իսկ գրիչս թող գրի այնպիսի տողեր, որոնք ինչ-որ բան կփոխեն մարդկանց կյանքում:

 

Լիանա Կարապետյան

4-րդ կուրս

Կիսվել