ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԱՆԱՆԱ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՄԱՆԱՆԱ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

326

Քսաներկու տարի առաջ Երեւանում հիմնադրվեց մի կենտրոն, որն օրերից մի օր պիտի դառնար հայաստանյան մեդիայի ինքնատիպ մասնիկը և պատկերեր իրական Հայաստանի դիմանկարը՝ իր ամեն տեսակ առանձնահատկություններով: Խոսքը «Մանանա» մշակութային կենտրոնի մասին է, որ հյուրընկալվել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետում ժուռնալիստիկայի և սոցիոլոգիայի  ՈւԳ-ի կազմակերպած միջոցառման շրջանակներում: Հավաքվել էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքրված էին մեդիա ոլորտով:

Կենտրոնի տնօրեն Ռուզան Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց կենտրոնի պատմությունը, գործունեությունն ու գալիք ծրագրերը:

-Մեզ մոտ գործում են լրագրության, լուսանկարչության, անիմացիոն և կինո ստուդիաներ: Ի դեպ, հենց մեր սաների նախաձեռնությամբ 2010 թվականին հիմնադրվեց Manana films  ստուդիան, որն այսօր արդեն ունի իր մասնաճյուղը Անգլիայում եւ միջազգային մրցույթներում մեծ հաջողություններ է գրանցում, – պատմում է Ռուզան Բաղդասարյանը:

Եթե տարիներ առաջ կենտրոնն աշխատում էր միայն Երևանի և հարակից շրջանների պատանիների հետ, ապա երեք տարի առաջ սաների շրջանակը ընդլայնվեց՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Բանն այն է, որ 2014 թվականին ստեղծվեց Հայաստանի պատանի թղթակիցների կայքը՝ 17.am-ը, որին պատանիները համապատասխան դասընթացներից ու թրեյնիգներից հետո սկսեցին թղթակցել՝ պատմելով իրենց ու իրենց բնակավայրի խնդիրների, առանձնահատկությունների, պարզ ու հասարակ մարդկանց ու մարդկային շփման, մի խոսքով՝ այն ամենի մասին, ինչից ժամանակակից մամուլում խոսվում է ոչ այնքան:

Կայքի թղթակից Սոսե Զաքարյանը, ով սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսում, պատմում է, որ կայքին միացել է երկու տարի առաջ, ինչն իր մասնագիտական կողմնորոշման հարցում մեծապես օգնել է.

-Ամենակարևորը, որ սովորել եմ այստեղ, նյութի թեմա գտնելն է՝ փողոցում քայլող սովորական անցորդի մեջ կամ պարզապես տանը նստած,- նշում է նա:

«Մանանա» կենտրոնի համագործակցությունը ուսանողների հետ վաղուց է սկսվել, սակայն հիմա որոշել են հատուկ դասընթաց անցկացնել հենց Երևանի ուսանողների համար, որպեսզի ընդգրկեն տարբեր բուհերի՝ մեդիայով հետաքրքրված մարդկանց և նրանց օգնեն հմտանալ ոլորտում, իսկ կայքը նրանց կտա խոսելու, ձայնը լսելի դարձնելու հնարավորություն: Ծրագիրը, որի մասին կտեղեկացվի կայքում կամ ֆեյսբուքյան էջում, նախատեսվում է անցկացնել ապրիլ ամսին:

 

Միլենա Խաչիկյան

1-ին կուրս

Կիսվել