«ՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՏՈՄՍ ԳՆԵԼ»․․․«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է...

«ՇԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽ ՊԵՏՔ Է ՏՈՄՍ ԳՆԵԼ»․․․«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ «WOW» ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐԻ ՇԱՐՔԸ

373

Այս անգամ «թիրախը» Երևանի Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանն էր։

Թեև համալսարանում դասերը դեռ չէին վերջացել, այնուամենայնիվ ուսանողները հետաքրքրված անցուդարձ էին անում դահլիճում։ Մասնակիցներին ամենից շատ գրավում էր այն, որ թրեյնինգի վերջում խաղարկվելու է նաև ռուս երգիչ Տիմատիի հայաստանյան համերգի տոմսը։

Խոսնակներից Թերեզա Գրիգորյանը իր ելույթի ընթացքում մասնակիցներին տվեց մի շարք խորհուրդներ, որոնք անհրաժեշտ է կիրառել թե՛ աշխատանք փնտրելիս, թե՛ հարցազրույցի գնալիս և թե՛ ինքնակենսագրական գրելիս։ Առավել հետաքրքիրները ներկայացնում ենք ստորև․

«Տարբերվեք»

Որովհետև ամեն ինչում հենց դա է առանցքայինը։ Ռեզյումե կազմելիս, հարցազրույցի գնալիս, հարցերին պատասխանելիս․ միշտ պետք է տարբերվել։ Օրինակ՝ մի անգամ մեր ընկերությանը Տնտեսագիտական համալսարանից տասնյոթ տարեկան մի աղջիկ ուղարկել էր СV վիդեո տարբերակով, որը, բնականաբար, միանգամից ուշադրություն գրավեց իր կրեատիվությամբ։

«Շահելու համար նախ պետք է լոտո գնել»

Մեզնից շատերը անընդմեջ կրկնում են, թե աշխատանք չկա։ Մինչդեռ քչերն են իսկապես փնտրել այն։

«Օգտագործեք ցանկացած հնարավորություն նոր մարդկանց հետ  ծանոթանալու և շրջապատը ընդլայնելու»

Մասնակցեք թրեյնինգների, միջոցառումների՝ անգամ եթե դրանք ձեր մասնագիտական ոլորտի հետ կապ չունեն։ Դա կօգնի ձեզ նոր ծանոթություններ ձեռք բերել, կյանքն ավելի հետաքրքիր դարձնել, և, ինչու ոչ, գուցե գտնեք ձեր՝ երկար փնտրած աշխատանքը։

«Հարցազրույցի ժամանակ պատրաստ  եղեք պատասխանել ամենատարօրինակ հարցերին»

Մի անգամ ինձ հարցազրույցի ժամանակ հարցրին՝ Հայաստանում քանի անվադող կա։ Դա, իհարկե, ընդհանրապես կապ չուներ այն աշխատանքի հետ, որին դիմել էի, բայց առավել կարևոր էր այդ պահին խուճապի չմատնվելը։ Հաճախ նման հարցերով գործատուն ցանկանում է ստուգել մարդու մտածողությունն ու երևակայական միտքը։

Իսկ, ահա, Սերգեյ Ուսնունցը պատմեց այն  յոթ հմտությունների մասին, որոնք անպայման պետք կգան աշխատանքային միջավայրում։

«Ճկուն եղեք»

Այսօր դուք սովորում եք, բայց վաղը դառնալու եք նրա՛նց մրցակիցները, ովքեր այսօր աշխատում են։

«Սովորեք աշխատել թիմում»

Ընկերությունները գնում են ոչ թե ստարտափները, այլ այն մարդկանց թիմերին, որոնք ներկայացրել են դրանք։ Որովհետև հիմա մարդկա՛նց դարաշրջանն է։ Չնայած շատերն ասում են՝ ռոբոտացման դար է, մարդիկ երկրորդ պլանում են, բայց չէ՞ որ ռոբոտ ստեղծելու համար էլ ուղեղներ են պետք։

«Որոշում կայացնելու ունակություն»

Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հստակ որոշումներ կայացնել։ Ի՞նչ ենք անելու այսինչ ժամին՝ չգիտեմ, ե՞րբ ենք տուն գնալու՝ չգիտեմ․․․և ստիպված ես նրանց տարբերակներ առաջարկել։ Բայց եթե դուք թիմ եք ղեկավարում կամ թեկուզ այնտեղ աշխատում, պետք է արագ որոշումներ կայացնեք։

Այնուհետև հաջորդեց երկար սպասված ինտերակտիվ խաղը։ Մասնակիցները իրենց սմարթֆոնների միջոցով պատասխանում էին այն բոլոր հարցերին, որոնք հնչել էին սեմինարի ընթացքում։ Երեք մասնակիցները, ովքեր ամենաուշադիրն էին և տվել էին ամենաճկուն, ամենաարագ ու ամենաճիշտ պատասխանները, ստացան մրցանակներ։ Առաջին տեղը զբաղեցրել էր անգլիական բաժնում սովորող երկրորդ կուրսի ուսանողուհի Սողոմոնյան Ժաննան իր ընկերուհու՝ Լուսինեի հետ, ովքեր էլ ստացան Տիմատիի հայաստանյան համերգի տոմսը։

Ժաննան, չնայած Տիմատիի մոլի երկրպագուն չի, այնուամենայնիվ գոհ էր․ «Շատ ուրախ եմ, որ, ուսանող լինելով հանդերձ, մեզ տրվեց այս հնարավորությունը լսելու ու իմանալու այն հմտությունները, որոնք մեզ հետագայում անպայման պետք են գալու։ Եվս մեկ անգամ համոզվեցի, որ միշտ պետք է համարձակ լինել և չվախենալ նոր բաներ սովորելուց»։

Մյուս երկու մասնակիցները՝ Աննան և Նարեն ևս ստացան մրցանակներ՝ համապատասխանաբար կինոպարկում ֆիլմի տոմս և ականջակալներ։

Վերջում, իհարկե, ավանդական խմբակային լուսանկարն էր։ Իսկ թե ինչ տվեց նրանց այս թրեյնինգը, մասնակիցները փորձեցին բնութագրել մեկ բառով․

  • Մոտիվացիա
  • Ոգևորվածություն
  • Տեղեկատվություն
  • Կրեատիվություն
  • Ցանկություն
  • Հմտություններ
  • Հնարավորություն

Հիշեցնենք, որ սա «University Tour» ծրագրի երրորդ թրեյնինգն էր։ Այն  մեկնարկել է մարտի 15-ին  Ագրարային համալսարանում ՛՛Global Media Lab՛՛ ընկերության և  skill.am կայքի նախաձեռնությամբ։ Սեմինարը վարում են` նախաձեռնող ընկերության տնօրեն Սեդա Վարդանյանը, կոմունիկացիոն մենեջեր Թերեզա Գրիգորյանը և skill.am հարթակի հիմնադիր-տնօրեն Սերգեյ Ուսնունցը։

Նախագծի էությունը արդի ուսանողական խնդիրները լուծող ֆորումի միջոցով ուսանողներին օգտակար հմտություններ տրամադրելն է, որոնք կնպաստեն անձի և կարիերայի աճին։

Հաջորդ կանգառը՝ Պետական կառավարման ակադեմիա։

 

Աննա Կոստանյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ Մարինա Ապրեսյանի

Կիսվել