«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՇՓՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆԱԳԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ». ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՇՓՎՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆԱԳԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ». ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

2104

Մշակույթը մարդու կյանքում անգնահատելի մեծ դեր ու նշանակություն ունի: Այսօր երիտասարդները իրենց փորձում են դրսևորել մշակույթի տարբեր ոլորտներում. բայց արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է ընթանում և որոշակի գործոններ չեն խանգարում երիտասարդին մնալ ավելի սերտ կապերի մեջ մշակույթի հետ: Նմանատիպ խնդիրների, մշակույթ և երիտասարդություն փոխհարաբերությունների մասին զրուցել ենք բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ, խմբագիր, Հայաստանի գրողների միության պոեզիայի բաժանմունքի ղեկավար, Հայաստանի նկարիչների և լրագրողների միության անդամ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի հետ:

-Պարոն Ավագյան, ըստ Ձեզ, ի՞նչ դեր ունի մշակույթը հայ երիտասարդության կյանքում:

-Առհասարակ, մշակույթի դերն ու նշանակությունը ցանկացած ազգի երիտասարդության կյանքում ունի որոշակի կազմակերպվածություն, կրթություն, դաստիարակություն, հոգևոր առումով ավելի հետաքրքիր, խորը, ավելի հայրենասիրական, մարդասիրական դարձնելու առաքելություն: Հայ մարդու հոգեմտածողությունը, հոգեկերտվածքը, որպես մարդ, որպես արարչագործության արդյունք, շատ մեծ հակվածություն ունի դեպի խոսքը, բանաստեղծական արվեստը, գեղանկարչությունը, երաժշտությունը, թատրոնը. բոլոր ստեղծագործական հակումները հայ մարդու դաստիարակության, կազմավորման և նրա ներաշխարհի ու արտաշխարհի կապերը ամրապնդելու համար ունեցել են և ունենում են կարևոր դեր:

-Ի՞նչ եք կարծում, երիտասարդ ստեղծագործողներն  ունե՞ն համապատասխան միջոցներ մեր երկրում ինքնարտահայտվելու և ապագա կառուցելու համար:

-Երիտասարդները որոշակի հնարավորություններ ունեն օգտվելու համացանցից, որտեղ շփվում են ավելի էժանագին արվեստի հետ: Իսկ ավելի բարձրարվեստ, արժեքավոր, ավելի հարուստ այն մշակույթը, որն անհրաժեշտ է, որպիսի մերոնք՝ այսօրվա երիատասրդությունը  կրթվի և դաստիարակվի, միտումնավոր ձևով սահմանափակվում են: Երիտասարդությունը, նրանց կյանքը տարվում է այնպիսի փակուղիներով, նրբորեն նրանց կրթելով ու դաստիարակելով  որպես ոչ թե ավելի բարձրարժեք, ավելի մեծահոգի, ավելի բարոյական դարձնելու նպատակով, այլ ավելի բարոյազրկելու ավելի օգտագործելու երիտասարդության ուժը, ավյունը իրենց նյութապաշտական ծրագրերի համար՝ կազինոների, հասարակական ցածր վարկանիշով աչքի ընկնող զանազան կազմակերպությունների, ցածրորակ երգարվեստի, երբեմն նույնսիկ ստորին նպատակներով նրանց ուժն ու կարողությունները օգտագործելու համար, որը ես շատ ափսոսում եմ:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում հայ մշակութային կյանքում:

-Այսօրվա հեռուստատեսությունը ինչ-որ առումով քայքայում է մեր ազգային օրգանիզմը: Օտար հասարակական կազմակերպությունների համար նյութական առումով նպաստավոր, մարմնավաճառության, թրաֆիքինգի ֆիլմերի տեսագրությամբ, անբարոյական դերերի կատարմամբ, ավելի ցածր մակարդակի արվեստներին մերձեցնելու, դրանցով երիտասարդի ներաշխարհը պղտորելու մի գործ են կատարում, որը, դժբախտաբար,  մենք չենք կարողանում, մեր պետությունը ի զորու չէ այդ ամենի դեմն առնելու, խոչնդոտելու այդ օտար մղումները, հանրային լրատվամիջոցների և համացանցի հնարավորությունները, և հաճախ մեր երիտասարդությունը ներքաշվում է մեր ազգային գերնպատակների համար վտանգավոր, ոչ կազմակերպված, ազգային օրգանիզմը քայքայելու,  դրա մեջ առճակատումներ,  տարակուսանք, հուսահատություն, հուսախաբություն սերմանելու ուղղությամբ, քան ավելի կազմակերպված, ավելի ուժեղ լինելու, մայր և հայր դառնալու, ամուսնանալու, սերունդ ունենալու, համախմբվելու և ամբողջ աշխարհին ներկայանալու այն բարձր արվեստով ու մշակույթով, որն ունի հայը, բայց դժբախտաբար, այսօրվա ցածրորակ  մակարդակի բիզնեսներին հաճախ «կուլ են գնում» մեր հայ երիտասարդները:

-Ի՞նչ հնարավոր ճանապարհներ եք տեսնում դրանց լուծման համար:

-Նախ դպրոցում մենք պետք է ունենանք շատ լավ ուսուցիչներ, որոնք կբացատրեն,  կկարևորեն ու ցույց կտան ավելի ամուր, բարոյական, հայրենասիրական, ազգային լինելու ճիշտ ճանապարհները: Երիտասարդներին կներկայացնեն ավելի համամարդկային, տիեզերական հիմնախնդիրներ, որովհետև յուրաքանչյուր երիտասարդ, չնայած, թե ինչ ազգի ներիկայացուցիչ է,  ունի իր ազգին բնորոշ հատկանիշները, լեզվամտածողությունը, հոգեմտածողությունը: Բայց հաճախ մեր երիտասարդները գայթակղվում են արտաքին «չար ուժերով», խաբվում են, ստեղծում են սուտ նպատակներ, նրանց երևակայության, երազանքների համար հազար ու մի ճանապարհներով ընկնում են մի այնպիսի շրջապատ, որն առաջին պահին հաճելի է թվում: Երիատասրդը կարող է շատ հեշտությամբ կուլ գնալ այդ՝ իր համար ոչ լավ ապագա խոստացող ճանախարհին: Դրա համար ուսուցիչները, մայրերը, հայրերը, հարազատները պետք է ուղղորդեն և շարունակաբար ուշադիր լինեն, որ այսօրվա պատանիներն ու երիտասարդները չգայթակղվեն և ամուր մնան իրենց այն առաքելությունը կատարելու, որն աստվածային ծրագրով ցանկացած մարդու տրված է: Յուրաքանչյուր մարդ ծնվում է որոշակի առաքելությամբ և միայն մնում է, որ ինքը ճիշտ ուղղորդվի՝ լսելով իր ներքին ձայնին, ուսուցիչներին և  ծնողների հաճախ այն խորհուրդներն ու խրատները, որոնք դարերով մշակվել են և գնալ այն բոլոր ճանապարհներով, որոնք արդեն իսկ ստուգված են:

-Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց նվազում է երիտասարդների հետաքրքրվածությունը դեպի ընթերցանությունը. ի՞նչ կասեք այս մասին:

-Եթե մարդը չունենա լույս, հոսանք՝ ինչպե՞ս պետք է գործի համացանցը: Մի ակնթարթում մենք կարող ենք կորցնել այն: Բայց գիրքը մարդը ցանկացած պայմաններում կարող է բացել և կարդալ բնական վիճակում: Այսօրվա տեխնիկական միջոցները անընդհատ փոխվում են, կարող է հեշտությամբ ջնջվել քեզ պետքական որևէ տեսագրություն կամ կարևոր գրվածք: Ինչը որ վիրտուալ ու եթերային  այդ սարքերի մեջ է, որ աչքի համար անտեսանելի է, չի կարելի մինչև վերջ վստահել ու կառչել դրանցից:  Մարդը կարող է գիրքը դնել թևի տակ և գնալ անտառում կարդալու: Իսկ նոութբուքով կամ հեռախոսով կարդալու համար հոսանք և կապ է հարկավոր: Ցրտի, շոգի և բոլոր պայմաններում, միևնույն է, մարդու ամենահավատարիմ բարեկամը մնում է գիրքը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս տպագրվել է  Արևշատ Ավագյանի թվով երրորդ արձակ գիրքը՝ «Տիեզերքի սրտխփոցը»: Գրքում փիլիսոփայական խոհեր են՝ արվեստի, տիեզերքի, մարդու և մշակույթի մասին:

 

Լիանա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել