ԱՊՐԻԼԻ 4-Ը ՀԱՄԱՑԱՆՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՊՐԻԼԻ 4-Ը ՀԱՄԱՑԱՆՑԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

137

Ապրիլի 4-ին, ամբողջ աշխարհում նշվում է Համացանցի համաշխարհային օրը: Համացանցի ստեղծման տարեթիվ ընդունված է համարել 1969 թվականը, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մեկ միասնական ցանցի՝ ARPANET-ի (Advanced Research Projects Agency Network) մեջ, որը համարվում է համացանցի նախատիպը։ Սկբնական շրջանում ցանցը միացնում էին այն ստեղծող չորս գիտական հաստատությունները, բայց շուտով ցանցն սկսեց ակտիվորեն աճել: 1971թ.-ին մշակվեց էլեկտրոնային փոստի առաջին ծրագիրը, 1973թ-ին ցանցին միացան առաջին օտարերկրյա կազմակերպությունները` Մեծ Բրիտանիան և Նորվեգիան, այդպիսով ցանցը դարձավ միջազգային:

1983թ.-ին ARPANET-ն սկսեց TCP/IP հաղորդակարգի օգտագործումը, որը կիրառվում է մինչև օրս: Այսօր համացանցից օգտվում է աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին: Այն օգտագործում են շփման, վաստակելու, զվարճանալու համար: Համացանցը հասանելի է դարձել նոթբուքերի, նեթբուքերի, բջջային հեռախոսների և այլ սարքերի միջոցով:

Արդեն 2003թ.-ին առաջին անգամ պետությունն ամբողջությամբ միացավ անվճար անլար համացանցին (WI-FI): Նոր Զելանդիայից ոչ հեռու գտնվող փոքրիկ Նիուե կղզի պետությունն ունի լիակատար ազատ մուտք համացանց, և երկրի յուրաքանչյուր բնակիչ կարող է առանց գրանցվելու անսահմանափակ օգտվել ինտերնետից:

Այդ բարեգործությունն արել է ամերիկացի միլիոնատեր Ուիլյամ Սեմիչը, ում համար անվճար ինտերնետի անցկացումն անհրաժեշտ էր բիզնես նպատակներով: Որքան էլ տարօրինակ է, համացանցը հասանելի է նաև աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա: Ncell ընկերությունը ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի տեղակայի անհրաժեշտ սարքավորումները հենց լեռան գագաթին:

Այդ շրջանի բնակիչները նույնպես կարող են ցանկացած ժամանակ օգտվել համացանցից: Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդն ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ՝ սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

Համացանցային խանութների քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ներկայում դրանք ավելի շատ են, քան իրական առևտրային կենտրոնները: Համացանցում առաջարկվում են ցանկացած ապրանքներ և ծառայություններ: Կանխատեսվում է, որ 10 տարի անց համացանցից օգտվողների թիվը կաճի 370%-ով , իսկ փոքր և միջին բիզնեսի յուրաքանչյուր ձեռնարկատեր պարտավոր կլինի ունենալ հատուկ վեբկայք:

Համացանցը, հաղորդակցության ոլորտը Հայաստանում 2017թ. ընթացքում շարունակել են կայուն զարգանալ: Աճ է նկատվել ինչպես ինտերնետից օգտվողների թվի, այնպես էլ՝ սոցցանցերի օգտգործման տեսանկյունից:

Ինտերնետ և բջջային կապի հասանելիության տեսանկյունից Հայաստանում դիտվում է դանդաղ, բայց կայուն աճ:

Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2016թ. երրորդ եռամսյակում հասել է 3 486 480-ի, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 52 084 բաժանորդով ավելի է (2015թ. այս ցուցանիշը 3 424 236 էր1)։

Գերիշխող դեր ունեցող երկու սոցիալական ցանցերի տեսանկյունից նույնպես նկատվում են լուրջ փոփոխություններ: Այսպես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը դառնում է Հայաստանում առաջատարը: Մեկ տարվա կտրվածքով ակտիվ օգտատերերի աճը կազմել է 200 հազար կամ 20%3: 2016թ. դեկտեմբերի տվյալներով, որոնք տրամադրվում են տվյալ սոցցանցի գովազդային հարթակի կողմից, ակտիվ օգտատերերի թիվը Հայաստանից կազմում է մոտ մեկ միլիոն: Բացի դրանից, մոտ 35 հազար ակտիվ օգտատեր կա Արցախից:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

 

Կիսվել