ՎԱՀԵԻ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԹՈՇՆՈՒՄ

ՎԱՀԵԻ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ԹՈՇՆՈՒՄ

364

1995 թվականի հոկտեմբերի 12-ին մի ընտանիքում մանկան ճիչ լսվեց: Սովորականից չտարբերվող այդ ճիչը երջանկությամբ լցրեց ընտանիքը: Վերջապես ծնվեց 2 քրոջ այդքան սպասված եղբայրը: Բայց հայրենիքն էլ մի պահ հավանաբար ցնծաց, քանի որ լույս աշխարհ էր եկել իր հերոս որդին: Որդին, ով կյանքը չխնայեց ու տվեց հայրենի հողին:
Վահեն ծնվել է քաղաք Հրազդանում, ավարտել թիվ 10 ավագ դպրոցը: Սիրում էր սպորտը, կարատեի էր գնում և սև գոտի ուներ, չնայած դրան սովորում էր կենսաքիմիայի հոսքում:
Ուսուցիչները նրա մասին միայն լավն են հիշում . «Ծառայությունից վեց ամիս հետո դպրոց եկավ, չճանաչեցի: Միշտ սիրուն սանրվածքով էր, այդ օրը մազերը կարճ էին։ Հիշում եմ՝ վերջին զանգին որոշում էինք կոստյում հագնել։ Ինձ նախատում էր, թե ժամանակները փոխվել են»,- մեզ հետ կիսվեց մաթեմատիկայի ուսուցչուհի  Սուսաննա Ղազարյանը:
Ընդունելության քննություններից առաջ ընկերներն ազատ ժամանակ չէին ունենում։ Ինքն էլ, որպես բողոքի նշան, երկրորդ հարկի նեղ պատուհանից թռչում էր ու փախչում դասերից։ Բարձրությունից չէր վախենում, միայն մեկ անգամ տաբատն էր պատռել։
Պատմության ուսուցչուհի Նաիրա Դավթյանը պատմում էր, որ Վահեն շատ էր սիրում հայոց պատմությունը, սերը հայրենիքի նկատմամբ մանկուց էր արմատավորվել:
2014 թվականին Վահեն զորակոչվեց բանակ: Ծառայում էր Ջաբրաիլում, տանկիստ էր: 2016 թվականի ապրիլին ծառայությանը մնացել էր 111օր: Բայց ցավոք դաժան ճակատագիրը այդ օրը խլեց Վահեի և զինակիցների կյանքը: Տանկում Վահեի հետ զոհվեց նաև Նորիկ Գասպարյանը: Տանկը հասել էր մինչև հակառակորդի դիրքերը և խոցվել:
Այդ սարսռազդու օրից արդեն անցել է 1 տարի, բայց բոլոր վերքերից արյունը վարար գետի նման հոսում է: Ու թեկուզ անցնեն տարիներ՝ վերքերը չեն չորանա:1915 թվականի՝ քարտեզի վրա չերևացող գետին մեկ այլ գետ էլ ավելացավ, որոնք միախառնվում են իրար ապրիլ ամսին և հոսում ու հոսում: Ցավը երբեք չի անցնի, հուշերը կմնան, իսկ վերքերից արյունը կհոսի:
Դպրոցում՝ Վահեի նկարի առջև ծաղիկները երբեք չեն թոշնում:

 

Տաթև Սարգսյան

1-ին կուրս

Կիսվել