ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳՈՒՆ ՈՒ ՔԱՆԴՎԱԾ ՎԿԱՆԵՐԸ

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳՈՒՆ ՈՒ ՔԱՆԴՎԱԾ ՎԿԱՆԵՐԸ

247

Հին Երևանի պատկերը պահպանող շենքերը այնքան քիչ են, որ դրանցից յուրաքանչյուրի պահպանումն ու չքանդումը կենսական կարևորություն ունի: Նոր սերունդը իր հիշողության մեջ դժվարությամբ կարող է կերտել այն Երևանը, որ կար նախկինում: Այդպիսի շենքերից մեկը Արամի 9 հասցեում է գտնվում` 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի ականավոր գործիչ, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է 1917 թվականից մինչև իր մահը՝ 1919-ի հունվարը:  Այսօր շենքը գտնվում է կիսավեր վիճակում, առանց տանիքի՝ կանգուն են միայն շենքի պատերը: Սարդարապատի հերոսամարտի և Առաջին հանրապետության հռչակման մեկդարյա հոբելյաններին ընդառաջ, որը նշվելու է մեզ մոտ 2018 թվականի մայիսին, հրատապ է դառնում այդ շենքի հիմնովին վերանորոգումը և այնտեղ համապատասխան թանգարանի ստեղծումը:Այս տարվա հունվարի 29-ին՝ Արամ Մանուկյանի հիշատակի օրը, Արամի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց թատերականացված ուշագրավ ֆլեշմոբ, որի նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել Արամ Մանուկյանի տան՝ օր առաջ վերականգնման և Երևանի պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդրին: Երկհարկանի, սև տուֆից շենքը կառուցված է ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով 1910 թվականին:

Վերջին մեծ աղմուկը կապած էր Արամի 30 շենքի քանդման հետ, որի տարածքում նախատեսվում է հյուրանոց կառուցել: Հասարակությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այդ փաստի հետ: Խնդիրը դժգոհությունների ալիք բարձրացրեց, եղան ցույցեր, բայց, այնուամենայնիվ շենքը քանդվեց:

 

Բայց նմանատիպ շենքերի պահպանման լավ օրինակ էլ կա.
Պուշկինի 56-ն է, ունի 130 տարուց ավել պատմություն: եղել է Հայաստանի առողջապահության նախարարության առաջին շենքը:Երկհարկանի, սև տուֆից, իր չափերի մեջ համեստ և միևնույն ժամանակ ներդաշնակ կառույցը երևանցիներին հայտնի է նրանով, որ այստեղ երկար տարիներ գործել է Հայաստանի դեղատնային գլխավոր վարչությունը: Շենքը կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին (ճարտարապետ` Գուրեցկի), երբ Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում երկրում բռնկված տարբեր համաճարակների դեմ: Հետագայում այստեղ երկար տարիներ տեղակայված է եղել Հայաստանի Դեղատնային գլխավոր վարչությունը և գործել է դեղատուն, որը մինչ այժմ էլ գործում է: Անցյալ տարի մասնավոր մի ընկերության կողմից իրականացվեց շենքի արտաքին հարդարանքի հիմնովին վերանորոգում՝ պահպանելով շինության նախնական տեսքը: Ներկայումս վերանորոգման աշխատանքները շարունակվում են նաև շենքի ներսում, որից հետո այստեղ նախատեսված է տեղակայել մասնավոր բժշկական կլինիկա:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել