ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆ»

ԻՆՏԵՐՆԵՏԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆ»

121

Ինտերնետի համամոլորակային ցանցը միավորում է միլիոնավոր համակարգիչներ՝ դրանց ապահովելով տեղեկություններ փոխանակելու հնարավորություններով և մատուցելով բազմաթիվ այլ ծառայություններ, որոնցից են բիզնեսի կառավարումը, գովազդի կազմակերպումը, տեղեկատվական ռեսուրսներին դիմելը, հաղորդումների փոխանակումը, այլ համակարգիչների հզորությունների օգտագործումը և այլն: Համացանցային համակարգը հեռահաղորդակցության և արբանյակային կապի միջոցով հնարավորություն է տալիս դիմել տեղեկատվության ամենազանազան աղբյուրների՝ ինչպես տվյալներ ստանալու, այնպես էլ սեփական տեղեկատվությունը տարածելու նպատակով:

Ինտերնետի դերը ժամանակակից մարդկանց կյանքում: Կյանքի ռիթմը 21-րդ դարում փոխվել է և աննախադեպ արագացել: Ժամանակակից մարդը միշտ շտապում: Բազմաբնույթ տեղեկատվության անընդհատ հոսքն անխուսափելի երևույթ է, կապի նոր միջոցներն ու ապշեցուցիչ գիտատեխնիկական նվաճումները հաջորդում են իրար: Կյանքի ռիթմի այս աննախադեպ արագացմանը, անկասկած, նպաստել է նաև ինտերնետի հայտնագործումը: Ինտերնետը վաղուց արդեն դարձել է որպես ժամանակակից կյանքի գործունեության մի անքակտելի մաս, առանց որի մեր օրերի կոմունիկացիաներն ու զարգացումները դժվար է պատկերացնել: Ինտերնետը ամեն ոք օգտագործում է ըստ իր հայեցողության: Մեկի համար այն արագ փոստի, հաղորդագրությունների փոխանակման միջոց է, մյուսի համար՝ տեղեկատվություն ստանալու անսպառ աղբյուր, երրորդն իր համար ապահովում է հաճելի ժամանց ու նոր ծանոթություններ: Հատկապես ժամանցային կայքերը բազմաթիվ երիտասարդների ժամեր շարունակ գամում են համակարգչին ու երբեմն անգամ ստիպում լուսացնել գիշերներ: Շատերը, նույնիսկ ընդունելով, որ ինտերնետը յուրօրինակ «վարակ» է ու ժամավաճառություն, միևնույն է, օրը բացվելուն պես շտապում են կարդալ հերթական ծանոթ-անծանոթի հաղորդագրությունները: Սպասելիքները նման շփումից, բնականաբար, տարբեր են: Սակայն չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ ինտերնետային ընկերները հնարավոր է իրական կյանքում չլինեն այնպիսին, ինչպիսին ներկայանում են ցանցում:

Պետք է նշենք, որ ժամանակակից բիզնեսը մեծապես կախված է ինտերնետից: Ինտերնետային կայքերը, սոցիալական ցանցերը, բիզնես կոմունիկացիոն և ուղղակի կոնտակտային համակարգերը ժամանակակից բիզնեսի կարևորագույն բաղադրիչներից են: Աշխարհում, հատկապես զարգացած երկրներում, սկսած ամենափոքր բիզնեսից մինչև վիթխարի կորպորացիաները, անկախ բիզնեսի տեսակից, ներկայացված են նաև ցանցում` զարգացնելով և առաջ մղելով իրենց գործունեությունը ինտերնետում:

Ժամանակակից հեղինակության դրսևորումներից բավականաչափ մեծ դերակատարում ունի ինտերնետը: Մեծ մասշտաբներով սոցիալական գովազդների և PR ակցիաների զգալի մասը կատարվում է ինտերնետի միջոցով: Սկսած նախագահական ընտրություններից՝ մինչև տեղական մրցույթներ, բոլոր ոլորտների համար այսօր ինտերնետը տալիս է հնարավորություն` առաջ մղելու անհատի վարկանիշը, կամ կատարելու վիճակագրական վերլուծություններ:

Այնպիսի հնարավորություններ տեղեկատվության տարածման և գովազդի համար, ինչպիսին ունի ինտերնետը, այլևս ոչ մի ավանդական մեդիա չի կարող առաջարկել: Ինտերնետն արդեն իսկ կարելի է համարել ինֆորմացիայի տարածման լավագույն տարբերակը՝ էլեկտրոնային լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր, ֆորումներ, բլոգներ, էջանշումների համակարգեր, հղումների կատալոգներ, վիդեո և աուդիո ծառայություններ և այլն: Ինտերնետով ամենակարճ ժամանակամիջոցում կարելի է տարածել տարբեր տեղեկատվություն՝ առանց թեմատիկ սահմանափակումների:

Ինտերնետը գովազդի տեսանկյունից ևս լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպություններին, որոնք օգտվելով ինտերնետային գովազդի բազմաթիվ գործիքներից, հաջողությամբ առաջխաղացնում են իրենց բրենդները և ծառայությունները: Նորագույն գովազդային տեխնոլոգիաները, կամ նոր մեդիայի հնարավորությունները կարելի է անսպառ համարել` ի տարբերություն ավանդական մեդիաների` ռադիո, հեռուստատեսություն, տպագիր մամուլ, արտաքին գովազդ և այլն:

Գլոբալ առումով վերցրած, ինտերնետն արդեն հեղափոխել է աշխարհը: Միևնույն ժամանակ, ինտերնետի տված հնարավորությունները անհնար է ամբողջությամբ կիրառել. անհնար է տիրապետել ամբողջական լրատվական հոսքին, հասցնել ցանցային առաջընթացի հետևից, օգտագործել ինտերնետային բոլոր PR գործիքները: Ինտերնետային միջավայրն արդեն իսկ դարձել է քաոսային մի երևույթ,  որին վերահսկել ցանկանում են շատերը, սակայն նույնիսկ տեսականորեն այն արդեն անհնար է: Ինտերնետային որոշ վիթխարի պորտալներ և համակարգեր ունեն մի քանի անգամ ավելի մեծ լսարան, քան բազմաթիվ տեղական և միջազգային հեռուստատեսություններ, ռադիոընկերություններ և տպագիր ամսագրեր:          Ինտերնետի տարածումից հետո մարդիկ սկսեցին այն օգտագործել որպես ինֆորմացիայի աղբյուր: Աստիճանաբար այս նորամուծությունը սկսեց ընդլայնել իր հնարավորությունները: Այսօր ինտերետը մարդու կյանքում ամեն ինչ է՝ գրադարան, ամսագիր, հեռուստացույց, երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու միջոց, գնումներ կատարելու ձև, նույնիսկ «խաղահրապարակ»: Ինտերնետը մի միջոց է, որի շնորհիվ հնարավոր է սովորել ամեն ինչ, գտնել ցանկացած ինֆորմացիա և, որ ամենաարդիականն է՝ շփվել մարդկանց հետ: Դժվար թե այսօր գտնվի մեկը, ով կպատկերացնի արդի կոմունիկացիաներն առանց ինտերնետի: Ինտերնետի դերը լոկալ և գլոբալ շփումներում ահռելի մեծ է: Ավանդական հեռախոսակապերը չեն կարող այլևս բավարարել մարդկանց պահանջները: Մարդն այսօր անկարող է առանց ցանցային կոմունիկացիոն միջոցների՝ Facebook, Twitter, Skype, MSN, ICQ, E-mail /էլեկտրոնային փոստ/ և այլն:

Ինտերնետի առավելությունն այն է, որ հնարավոր է ստանալ ցանկացած բնույթի տեղեկատվություն շատ արագ, ինչը մեր օրերում շատ կարևոր հանգամանք է՝ հաշվի առնելով կյանքի արագ ռիթմը: Սակայն ինտերնետն իր առավելություններով հանդերձ միաժամանակ ունի նաև  իր թերություններն ու վտանգները:

  • Ինտերնետի ազդեցությունը հասարակության վրա միանշանակ չէ: Մի կողմ թողնելով հաղորդակցվելն առավել մատչելի դարձնելու հնարավորությունները և դրական այլ հույզերը՝ նկատում ենք, որ ինտերնետաբնակ մարդկանց գիտակցությունը փոխվում է:
  • Նրանք նշում են, որ ինչպես արագ-արագ անցնում են մի էջից-մյուսը, այնպես էլ նրանց գիտակցությունն է գնում մի լուրից մյուսը՝ չխորանալով պատճառների ու հետևանքների մեջ:
  • Ինտերնետը նպաստում է նրան, որ մարդու գիտակցությունը դառնա հատվածային, երևույթներն ընկալի մակերեսային ձևով, այն ինչ գրված է, ընդունի որպես այդպիսին՝ առանց քննելու, և ամենակարևորը՝ երևույթները գալիս-անցնում են գիտակցության միջով՝ առանց կանգ առնելու և կշռադատելու:
  • Մարդիկ շատ ժամանակ են անցկացնում համակարգչի մոնիտորի առջև, ինչը վնասակար է տեսողության և մարմնի ֆիզիկական զարգացման համար, քանզի մեծ մասամբ մարդիկ անշարժ են նստում համակարգչի դիմաց և հազվադեպ են դիրքափոխվում:
  • Ինտերնետը հիվանդության տեսակ է, որն ազդում է հատկապես երիտասարդ սերնդի մտածողության, կշռադատելու ունակության,  բնավորության վրա:

Մարդիկ դառնում են ավելի ինքնամփոփ, ավելի քիչ են ակտիվ կյանքով ապրում, դրա արդյունքում սոցիալական ցանցերից դուրս՝ շատ դժվարությամբ են շփվում մարդկանց հետ: Այս խնդրի վերաբերյալ զրուցեցինք ուսանողուհի Արմինեի հետ, ով չորրորդ կուրսում է սովորում.

-Ես չեմ կարող ապրել առանց ինտերնետի՝ թեկուզ մի օր: Ես արդեն կախվածություն ունեմ դրանից: Երբ զգացի դա, փորձեցի ավելի քիչ ինտերնետից օգտվել, բայց չստացվեց: Ես ինտերնետի պատճառով կարող եմ ամեն ինչ անտեսել՝ մարդկանց, դասերս, ընկերներիս: Կամ էլ կարող են բոլորը ինձ հետ խոսել, բայց այդ ժամանակ, քանի որ ես հեռախոսով եմ զբաղվում, չեմ լսում նրանց:

Նշեցինք ինտերնետի բացասական կողմերը, սակայն, չի նշանակում, որ ինտերնետը միանշանակ բացասական երևույթ է և ամեն կերպ պետք է խուսափել դրանից: Ուղղակի յուրաքանչյուր ոք պետք է կարողանա ճիշտ օգտվել ինտերնետից և այն չդարձնի կյանքի գերնպատակ, որպեսզի կախման մեջ չընկնի դրանից:

Օրվա ընթացքում պետք է դուրս գանք զբոսանքի, գրքեր կարդանք և ֆիզիկական աշխատանք կատարենք. այդպես կարելի է ինչ-որ կերպ չեզոքացնել ինտերնետի բացասական ազդեցությունը:

Թեև բազմաթիվ զգուշացումներին` ինտերնետի ազդեցությունը հատկապես երիտասարդության վրա անխուսափելի է, և դա առանցքային խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Սեդա Հովհաննիսյանն ասաց, որ ինտերնետից կախումը կարող է նյարդային խնդիրներ առաջացնել:

-Ինտերնետից կախվածություն ձեռք բերելը նշանակում է, որ մարդու մոտ ամեն օր, տարբեր ժամերի /հնարավոր է նաև ամեն օր նույն ժամին/ անհաղթահարելի ցանկություն է առաջանում մտնել ինտերնետ: Ժամանակի ընթացքում դա դառնում է կենսական պահանջմունք, և մարդը ուղղակի այլևս չի կարողանում պայքարել այդ գայթակղիչ ցանկության դեմ:  Ինտերնետ-կախվածությունը լուրջ վտանգ է

ներկայացնում առողջության, հատկապես նյարդերի համար: Այդ ամենը ավելի շատ դրսևորվում է ագրեսիվությամբ: Ինտերնետ-կախվածությամբ տառապողները շատ դրական հույզեր են ստանում ինտերնետ դուրս գալուց առաջ և ցանցում գտնվելու ընթացքում:

Ինտերնետում հնարավորություն կա տեղեկատվություն ստանալ գրեթե ամեն ինչի մասին: Այնտեղ կողք-կողքի տեղակայված են տարաբնույթ տեղեկատվություններ կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ: Գտնել նախորդ օրը տեղի ունեցած որևէ իրադարձության մասին տեղեկություններ այնքան դյուրին է, որքան մեզ հետաքրքրող որևէ կազմակերպության հասցեն և հեռախոսահամարը: Նույնիսկ տեղեկությունների փոքր կենտրոնն ի վիճակի է ապահովել այնպիսի միջոցներից օգտվելու հնարավորություն, որոնք նախկինում նրա հասանելիությունից դուրս էին:

Ինտերնետից օգտվելու կարևոր խնդիրներից է սեքսի և պոռնոգրաֆիայի առկայությունն ինտերնետում: Խնդիրը կայանում է նրանում, որ ինտերնետից օգտվող ցանկացած ոք կարող է մուտք գործել նմանատիպ էջեր՝ անկախ տարիքից: Թեև կայքէջերի մեծ մասում առկա է 18+ սահմանափակումը, այնուամենայնիվ ցանկացած ոք անարգել կարող է մուտ գործել այդ կայքեր, անգամ երեխաները:

Մեկ այլ կարևոր խնդիր է հանդիսանում թմրամոլության հարցն ինտերնետում: Այսօր ինտերնետում գոյություն ունի թմրանյութերին նվիրված հազարավոր էջեր: Կան նաև այնպիսի էջեր, որոնք ներկայացնում են թմրամոլության բուժումը, տեղեկացվում է նաև թմրանյութերի տարբեր ձևերի, դրանց օգտագործման, հետևանքների և բացասական արդյունքների մասին: Այս էջերում ներկայացվում են նաև թմրանյութերի պատրաստման ձևեր՝ տնային պայմաններում: Բնականաբար այս կայքերի ոչ բոլոր այցելուներն են թմրամոլ դառնում, սակայն բոլոր դեպքերում վտանգի հավանականությունը առկա է:

Նախկինում հայտնվել են, այսօր էլ հայտնվում են և ենթադրաբար հետագայում նույնպես կհայտնվեն նման բովանդակությամբ կայքէջեր, եթե չամրագրվեն և չկիրառվեն համապատասխան օրենքներ, որոնք կկարգավորեն կամ գուցե ընդհանրապես կարգելեն նման բովանդակությամբ էջերի առկայությունը:

Պետք է նշենք, որ ինտերնետից օգտվելու ժամանակ կարևոր խնդիր է  նաև ցանցում վիրուսներից պաշտպանված լինելը: Համակարգչային մասնագետ, ծրագրավորող Նորայրն  ասաց.

– Թեև վիրուսային ծրագիրը հզոր չէ /ընդամենը 0,5-3 կիլոբայթ/, այդուհանդերձ այն շատ խրթին է և վտանգավոր: Վիրուսներից զերծ մնալու ամենաարդյունավետ միջոցը հակավիրուսային ծրագրերի մուտքագրումն է համակարգչի մեջ: Հակավիրուսային ծրագրերը թեև ժամանակ առ ժամանակ թարմացվում են՝ կախված վիրտուալ տարածքում նոր վիրուսներ ի հայտ գալուց, այնուամենայնիվ 100%-անոց պաշտպանվածություն չեն կարողանում ապահովել: Ներկայումս զանազան հետազոտություններ են կատարվում, թե ինչպես կարելի է արդյունավետորեն կանխել համակարգչային վիրուսների ստեղծումն ու տարածումը: Անհնար է կասեցնել համակարգչային վիրուսների ստեղծումը այն պարզ պատճառով, որ ոչ ոք չի կարող սահմանափակել մարդկային հետաքրքրասիրության շրջանակները:

Ինտերնետը տեղեկատվությունների ընդհանուր համակարգ է, որից օգտվում են տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ՝  մանուկ հասակից սկսած մինչև տարեց և ծեր հասակը: Ինտերնետում կա տեղեկատվություն աշխարհում կատարվող բոլոր երևույթների մասին, ինչպես նաև կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող բազմազան տեղեկատվություններ: Այսօր անհնար է աշխարհը պատկերացնել առանց այդ հզոր տեղեկատվական ցանցի:

Գործնականում հնարավոր չէ հաշվել ինտերնետից օգտվող մարդկանց թիվը, քանի որ օր օրի նրանց թիվը աճում է:

Ըստ մեր անցկացրած որոշ սոցիոլոգիական հարցումների տվյալների, այն հարցին, թե ինչով են սովորաբար զբաղվում համացանցում գտնվելիս, երիտասարդների կողմից ստացել ենք հետևյալ պատասխանները՝

Օգտվում են որոնողական համակարգերից /Google, Yahoo,Yandex և այլն/ – 39%

  • Անմիջական հեռահաղորդակցությամբ /Skype, Viber, Whatsapp և այլն/ – 70%
  • Կարդում են առցանց նորություններ – 36%
  • Ուղարկում և ստանում են էլեկտրոնային նամակներ /E-mail/ – 35%
  • Օգտագործում եմ աշխատանքի համար – 25%
  • Խաղեր են խաղում – 24%
  • Ներբեռնում են երգեր, տեսահոլովակներ կամ այլ տիպի ծրագրեր – 17%

Ըստ ընդհանուր դիտարկումների պարզ է դառնում, որ մարդկանց մի ստվար զանգվածի համար ինտերնետը հանդիսանում է հոբբի կամ ժամանց կազմակերպելու միջոց, այսինքն ինտերնետն օգտագործում են զվարճությունների նպատակով: Որոշ մարդիկ էլ ինտերնետ ասելով հասկանում են միայն սոցիալական կայքեր մտնելը, նամակ գրելը կամ էլ սքայփով շփվելը: Ինտերնետը ինֆորմացիայի անսպառ աղբյուր է, որից կարելի է տարբեր գիտելիքներ ստանալ և տեղեկանալ ամենաբազմազան նորություններին: Ոմանք էլ ինտերնետը օգտագործում են աշխատանքի համար, իսկ ոմանք ինտերնետով գումար են վաստակում: Ժամանցի կազմակերպման համար կարևոր է նաև ինտերնետի ընձեռած հնարավորությունները՝ երաժշտություն լսելու և ֆիլմեր դիտելու առումով: Ինտերնետի միջոցով ժամանցի կազմակերպման առումով հատկանշական է այն հանգամանքը, որ շատեր են օգտվում ինտերնետից՝ օնլայն խաղեր խաղալու նպատակով՝ հատկապես երեխաները և դեռահասները: Իսկ այն մարդիկ, ում մոտ արդեն կախվածություն է առաջացել ինտերնետից, նախընտրում են, ենթադրենք, սոված մնալ, քան չունենալ մուտք դեպի ինտերնետ: Ինտերնետը ուսանողներին հնարավորություն է տալիս նաև օնլայն ռեժիմով հեռակա կարգով ուսանել տարբեր համալսարաններում և նույնպես օնլայն ռեժիմով հանձնել քննություններ և դիպլոմ ստանալ: Տվյալ դեպքում, ինտերնետի միջոցով հաղթահարվում է տարածքի և ժամանակի խնդիրը: Ինտերնետը կիրառում են նաև օնլայն ռեժիմով որևէ դասընթաց սովորելու և յուրացնելու նպատակով:

Այսպիսով, ինտերնետը մեր օրերում դարձել է կարևոր գործիք հասարակական և մարդկային գործունեությունը կազմակերպելու առանցքում: Հայտնի փաստ է, որ ինտերնետը դարձել է ժամանակակից կյանքի գործունեության մի անբաժանելի մասը, առանց որի մեր օրերի կոմունիկացիաներն ու զարգացումները դժվար է պատկերացնել: Դրանից ելնելով, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում` ինչպես օգտագործել  ինտերնետը՝ իր հաղորդակցման և այլ կարիքները բավարարելու համար:

 

Ջուլիետա Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել