ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է․ ՅԱՆ ՀԻԻ ՓԱՐՔ

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՍ ՀԱՅՏՆԻ ԼԻՆԵԼՈՒ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է․ ՅԱՆ ՀԻԻ ՓԱՐՔ

48

Օտար երկիրը ճանաչելը և ինքնահաստատումը այդ երկրում բավականին դժվար է, քանի որ պետք է հարմարվես այդ երկրի կանոններին և հրաժարվես որոշ սովորություններից, որոնք ունեիր։

26-ամյա կորեուհի Յան Հիի Փարքը ծնվել և մեծացել է Կորեայում։ Կրթություն ստանալու նպատակով եկել է Երևան և սովորում է ԵՊԼՀ-ում։

«Կորեայում կրթություն ստանալը բավականին թանկ հաճույք է, Երևանում ավելի մատչելի է կրթությունը, բայց անկեղծ ասած՝ ոչ այնքան որակյալ։ Ֆինանսի պատճառով չկարողացա կրթություն ստանալ իմ երկրում»։

Յան Հիին արդեն հինգ տարի է ապրում է Երևանում։ Նա այստեղ միայնակ է։ Նրա համար դժվար է ապրել այստեղ։ Պատճառներից մեկը տարբերվող արտաքինն է՝ կորեացուն հատուկ մանր աչքերը և հաստ ու փամփլիկ շուրթերը։ Հայերը անտարբեր չեն անցնում նրա կողքով և պարտադիր մեկնաբանություններ են անում, մտածելով որ նա չի հասկանա։

«Սկզբնապես աշխատանք էի փնտրում խանութներում, սակայն հասկացա, որ ազգությունս հայտնի լինելու պես մի բան է, բոլորը մատնացույց են անում և ուզում են նկարվել։ Այս ամենին ժպիտով եմ նայում, բայց դա ինձ թույլ չի տալիս լիարժեք ապրել։ Այժմ ուսանողների հետ անհատական կորեերեն եմ պարապում»։

Չնայած դժվարություններին՝ Յան Հիին ժպիտով է խոսում իր հետ կատարված իրադարձությունների մասին. «Երևանում ապրելը ինձ փոխադրեց այլ միջավայր, այլ մարդկանցով և այլ մտածելակերպով շրջապատված։ Հայերի համար առաջնային և կարևոր են ընտանիքն ու ընկերները և ապա նոր աշխատանքը։ Իսկ մեզ՝ կորեացիներիս համար առաջնայինը ուսումն ու աշխատանքն է։ Ես հաճելիորեն զարմացած եմ այս փաստի համար, սակայն մեծացած լինելով այլ միջավայրում՝ այլ կերպ եմ վարվում։ Գնահատում եմ հայերի արժեքները»։

Կորեուհին չնայած փոխել է միջավայրը, բայց ոչ սնունդը, նա այժմ էլ սնվում է միայն կորեական ուտելիքներով։ Մոր ուղարկած կիմչիը և իր սիրելի ռամյոնը մշտապես իր սեղանից անպակաս են։

«Հայկական խոհանոցը շատ համեղ է, բայց դուք առողջ չեք սնվում։ Աղն ու շաքարը ամենավտանգավոր համեմունքներն են, որոնք գերակշռում են ձեզ մոտ։ Մենք նախընտրում ենք կծուն»։

Զրույցի վերջում Յան Հիին խորը շունչ քաշեց և ասաց, որ նա դեռ երկար կհիշի Հայաստանն ու հայերին։ Նրա՝ ակնոցի տակ փայլող աչքերից չկարողացանք գուշակել, թե նա ինչ նկատի ուներ։
Աստղիկ Այվազյան

5-րդ կուրս

Կիսվել