ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՆՑՅԱԼՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

215

Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է մեկ տարի, բայց այդ օրերի հիշողությունները դեռ թարմ են մարդկանց սրտերում: Կոտայքի մարզի Արամուս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները կազմակերպել էին Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում, որը կրում էր «Փառք ընկածներին, փառք կանգնածներին» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Ազատ Սիմոնյանի և 2014 թվականի հուլիսի 31-ին դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված Արարատ Խանոյանի հարազատները և ընկերները: Հրավիրված էին նաև Կոտայքի մարզի Աբովյանի շրջանի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Ջուլիետա Ասատրյանը, Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում տեղակայված զորամասից զինվորներ և սպաներ, հարևան համայնքների և Աբովյան քաղաքի մի շարք դպրոցներից աշակերտներ և ուսուցիչներ:

Դպրոցի տնօրեն Ֆրունզե Պողոսյանի խնդրանքով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին թե՛ Արցախյան պատերազմում, թե՛ Ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված հերոսների հիշատակը: Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով: Բեմական ձևավորումը և ձայնային գրաֆիկան ամբողջ միջոցառման ընթացքում ներկաներին տեղափոխում էին մեկ այլ աշխարհ, որտեղ իշխում էր պայքարն ու հայրենասիրությունը: Միջոցառմանը մասնակցող աշակերտները նախ ներկայացրին Ղարաբաղյան պատերազմից հիշարժան ու հաղթական դրվագներ, հիշեցին այն հերոսներին, ովքեր թողնելով իրենց մասնագիտությունը, մոռանալով իրենց ընտանիքի ու զավակների մասին զենքն էին դարձրել իրենց ուղեկիցը:

Միջոցառման այս հատվածին հաջորդեց մի մենապար, որը կարծես խորհրդանշում էր  25 տարվա զինադադարը՝ լի կորուստներով ու զրկանքներով: Իսկ երբ աշակերտները սկսեցին ներկայացնել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը, դահլիճի պատուհանները ուժգնությամբ բացվեցին. Կարծես մեր հերոս տղաներն էլ էին ներկա միջոցառմանը և պահանջում էին իրենց մասին անցյալով չխոսել:

Երեխաները միջոցառման ընթացքում կատարեցին հայրենասիրական երգեր: Նրանց աչքերում ու հայացքում կար և խիզախություն, և հայրենասիրություն, և ընկերոջը կորցնելու կարոտ: Մասնակիցները մարմնավորել էին զոհված հերոս տղաներին՝ Ազատ Սիմոնյանին, Քյարամ Սլոյանին, Արարատ Խանոյանին, և հենց նրանց միջոցով էլ կոչ արեցին հերոսների մայրերին, որ ուժեղ ու հպարտ մնան, քանզի այն ցավը, որ պատել է նրանց, պատել է նաև ողջ հայությանը:

«Ես հավատացած եմ, որ այսպիսի աշակերտներ, ուսուցիչներ, տնօրեններ ունենալով մենք հիանալի ապագա կկերտենք: Սա միայն միջոցառում չէր, սա մի փոքրիկ հոգևոր տուրք էր մեր հերոսների ծնողներին»,- միջոցառումը այսպիսի խոսքերով ամփոփեց Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Միջոցառման  կազմակերպիչ՝ Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սոֆյա Առաքելյանը, դպրոցի զինղեկ Սաղաթել Սաղաթելյանը, ՔԴԿ-ի տնօրեն Ջուլիետա Ասատրյանը, մասնակից աշակերտներից մի քանիսը Բալահովիտ գյուղում տեղակայված զորամասի հրամանատարության կողմից պարգևատրվեցին  պատվոգրերով:

Միջոցառումն ավարտվեց դպրոցի բակում, որտեղ աշակերտներն ու հյուրերը միասին ծածանեցին 25 մետր երկարություն ունեցող եռագույն դրոշը, իսկ զինվորները համազարկի միջոցով կրկին հիշեցրին հայի հզորության ու գալիք հաղթանակների մասին:

Լիանա Եղիազարյան

2-րդ կուրս

Կիսվել