ԴԱՍԱՍԵՆՅԱԿ, ՈՐՏԵՂ ԱՊԱԳԱ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼՈՒ

ԴԱՍԱՍԵՆՅԱԿ, ՈՐՏԵՂ ԱՊԱԳԱ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՎԵԼՈՒ

307

Ապրիլի 20-ին Սիսիանի Արշակ Գրիգորյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան պատերազմի հերոս՝ Լիպարիտ Հակոբյանի անունով դասասենյակ, որտեղ սովորելու են երրորդ դասարանցիները: Լիպարիտի եղբոր աղջիկը, Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան փոխտնօրեն և Սիսիանի թատերական խմբի ղեկավար Աննա Հակոբյանը, ձեռնամուխ եղավ ևս մեկ հերոսի հիշատակի անմահացմանը: Դասասենյակի մի անկյունը ամբողջապես զբաղեցրել էին Լիպարիտի մասին նյութերն ու նրա պարգևները՝ Արցախյան հերոսամարտում կատարած կարևոր դերակատարման ու հայրենիքի սահմանները անձնվիրաբար պաշտպանելու համար: Լիպարիտ Հակոբյանը շատ ընկերասեր էր, միշտ աչքի էր ընկնում իր կազմակերպչական ունակություններով: Բակում սպորտային խաղեր էր կազմակերպում, Դպրոցում՝ արշավներ դեպի Զորաց Քարեր, Դավիդ Բեկի բերդ, Շաքիի ջրվեժ: «Ընտանիքում բոլորն էլ նրան շատ էին սիրում, ամենափոքրն էր, բայց հոգով բոլորիցս մեծ էր, ուժեղ ու չկոտրվող»,- ասաց միջոցառմանը ներկա Լիպարիտի եղբայրը՝ Վարդան Հակոբյանը:

Երբ Հակոբյանների ընտանիքը Բարձրավանից տեղափոխվել է Սիսիան, Լիպարիտը սկսել է հաճախել թիվ 1 միջնակարգ, այժմ՝ հիմնական դպրոց: 1992 թ.-ի հունիսին Սիսիանի շրջանի Բարձրավան գյուղի Հակոբյանների ընտանիքի կրտսերը՝ Լիպարիտ Հակոբյանը զորակոչվեց Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակ, բայց տուն չվերադարձավ… Երևանում պիտի ծառայեր, բայց իր ընկերոջը մենակ չթողնելու համար, խնդրանքով դիմել է զորամասի պետին, որ իրեն էլ ընկերոջ հետ միասին ուղարկեն Մեղրի ծառայելու: 1993 թվականին, երբ Թուրքերը ռմբակոծում էին Ղափանը, Լիպարիտ Հակոբյանն ու իր ընկերների ջոկատներն առաջ անցան, մտան Ադրբեջանի Եմազդլու գյուղն ու գրավեցին այն: Չնայած որ այդ պահին նրանց կողքին էր նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանը, բայց փրկություն չեղավ… Ապրիլի 17-ին Ղափանի Սրաշեն գյուղն ազատագրելիս թշնամու արձակած գնդակից վիրավորվեց Լիպարիտ Հակոբյանը և երեք օր հետո մահացավ Ղափանի հիվանդանոցում: «Միջոցառումն ինձ համար շատ կարևոր է, ես չեմ տեսել հորեղբորս, չեմ տեսել նրա աչքերը, չեմ լսել նրա ձայնը, բայց միշտ իմ ուսերին կրել եմ նրա մասին պատմություններն ու կարոտել նրան: Անսահման կարոտը ստիպում է ամեն օր հիշել: Հերոսի ընտանիքում ծնվելն ու նրա մի մասնիկը լինելը մեծ հպարտություն է»,-արցունքներն աչքերին ասաց միջոցառման կազմակերպիչ Աննա Հակոբյանը:

Դասասենյակի հանդիսավոր բացման ժապավենը կտրեցին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն ու Լիպարիտ Հակոբյանի ավագ եղբայր Վարդան Հակոբյանը:

Միջոցառումը սկսվեց դպրոցի բակում՝զինվորական նվագախմբի հայրենասիրական հնչյունների ներքո, որտեղից էլ իրենց մուտքը դասասենյակ կատարեցին ոչ միայն աշակերտներն ու նրանց ծնողները, այլ նաև Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, դպրոցի տոնօրեն Գոհար Սարգսյանը, Լիպարիտի հարազատներն ու միջոցառման մասնակիցները: Միջոցառման ընթացքում երրորդ դասարանի աշակերտները հանդես եկան ելույթներով, որոնց ընթացքում ասացին, որ շատ հպարտ են, որ այսուհետ սովորելու են ոչ թե սովորական դասարանում, այլ հերոսի հետ, նրա կողքին, ով միշտ կպաշտպանի նրանց: Աննան Լիպարիտ Հակոբյանին նվիրված երգ էր գրել, իսկ երաժշտության հեղինակը նրա ընկեր Հարությունն էր, ով այնպես կատարեց նոր երգը, որ նստածները չէին կարող չհուզվել: «Այս երգը հատուկ հոպարիս համար եմ գրել, սա ևս մեկ միջոց կլինի նրան հիշելու ամեն անգամ»,- ասաց Աննան: Իսկ Ծափահարությունները վկայեցին այն մասին, որ երգն իրոք ստացվել է:

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց Լիպարիտ Հակոբյանի ծնողներին, ովքեր որդի դաստիարակելուց բացի, դաստիարակել են նաև հայրենիքի զինվոր, մարդ ում սիրել են, սիրում են ու սիրելու են: Դպրոցի տնօրեն Գոհար Սարգսյանը նշեց, որ ամեն տարի ապրիլի 20-ին Լիպարիտ Հակոբյանի անվան դասասենյակում կկազմակերպեն միջոցառում՝ նվիրված Լիպարիտի հիշատակին:

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել