ԷԼ ԿԼԱՍԻԿՈՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԷԼ ԿԼԱՍԻԿՈՅԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1583

Շուտով  ամբողջ աշխարհը կրկին կբաժանվի երկու մասի, քանի որ ապրիլի 23-ին կայանալու է հերթական էլ Կլասիկոն: Ֆուտբոլասերները սրտի թրթիռով են սպասում այդ օրվան, քանի որ մրցում են իսպանական գրանդ ակումբները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:  Էլ Կլասիկոն աշխարհի ամենավառ և սկզբունքային ֆուտբոլային հանդիպումներից մեկն է ։ Ամեն անգամ Էլ Կլասիկոն մեծ իրադարձություն է հանդիսանում ֆուտբոլային աշխարհում: Դեռևս այն ժամանակներից, երբ Իսպանիայում ծագեց ֆուտբոլը, այս 2 թիմերը համարվում էին մայրաքաղաքային թիմեր: «Ռեալը» ներկայացնում էր Մադրիդը, իսկ «Բարսելոնան»` Կատալոնիա պրովինցիան: Այս դիմակայությունը ոչ միայն սովորական խաղ է, այլև արվեստ: Էլ Կլասսիկոյի ծագման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն «Բարսելոնա»- «Ռեալ Մադրիդ» հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսին, այն ժամանակ, երբ Իսպանիայում իշխանության եկավ գեներալ Ֆրանկոն: Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագու՝ նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի «Ռեալի» գերակայությունը «Բարսելոնայի» նկատմամբ:
Հիմա, իհարկե, ժամանակները փոխվել են, սակայն հակամարտությունը չի դադարել: Երկու ակումբները համարվում են սկզբունքային մրցակիցներ և գրեթե ամեն տարի պայքարում են առաջին հորիզոնականի համար, այդ իսկ պատճառով շատ կարևոր է Էլ կլասսիկոյում տոնած հաղթանակը, քանի որ այն համարվում է վեց միավորանոց հանդիպում: Այսինքն՝  վաստակել երեք միավոր հաղթանակի համար և զրկել մրցակցին այդքան թանկարժեք երեք միավորից:

Այս տարի ևս երկրպագուներին սպասվում է դիտարժան և հետաքրքիր խաղ: Չնայած այն հանգամանքին, որ «Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը և «Բարսելոնայի» նկատմամբ ունի միավորների առավելություն, այնուամենայնիվ կապտանռնագույնները կփորձեն պայքարել հաղթանակի համար: «Մադրիդի Ռեալը» արդեն կարողացել է հաղթահարել «Բավարիայի» արգելքը և հայտնվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, իսկ «Բարսելոնային» դեռ սպասվում է ծանր հանդիպում «Յուվենթուսի» հետ: Հիշեցնենք, որ «Բարսան» առաջին հանդիպման ժամանակ պարտվել էր 3:0 հաշվով:

«Բարսելոնայի»  ու «Ռեալի» հայ երկրպագուները արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները խաղը միասին դիտելու համար: «Ես նախընտրում եմ այս հանդիպմանը հետևել որևէ ակումբներից մեկում ընկերներիս հետ գարեջրի սեղանի շուրջ: Այդպես ավելի հետաքրքիր է, կարողանում ես արտահայտել հույզերդ, քանի որ լուռ հետևել Էլ կլասսիկոյին չեմ կարող»,- ասաց սերուցքայինների երկրպագու Կարենը: Կան այնպիսի երկրպագուներ, ովքեր նախընտրում են խաղը դիտել տանը՝ հանգիստ պայմաններում: Այդպիսին է Բարսելոնայի հավատարիմ երկրպագու Տիգրանը. «Էլ կլասսիկոն պետք է դիտել տանը, ես նույնիսկ պետք է մենակ դիտեմ, որպեսզի կարողանամ լիարժեք հաճույք ստանալ հանդիպումից»:

Տաթև Նադարյան

4-րդ կուրս

Կիսվել