ԱՌՅՈՒԾՆ ԱՌՅՈՒԾ Է` ԼԻՆԻ ԷԳ ԹԵ ՈՐՁ

ԱՌՅՈՒԾՆ ԱՌՅՈՒԾ Է` ԼԻՆԻ ԷԳ ԹԵ ՈՐՁ

1477

40-ամյա Կարինեն  արդեն երկար տարիներ է ինչ ընտանիքի  համար և´ հայր է, և´ մայր: Տարիներ առաջ, երբ ամուսինը դժբախտ պատահարի զոհ դարձավ, Կարինեն դարձավ երեք երեխաների միակ հույսը: Ապրելով գյուղում և չունենալով կրթություն, Կարինեն սկսեց անել աշխատանքներ, որոնք թերևս բնորոշ են միայն տղամարդկանց:

-Գարնանը կարտոշկա եմ մշակում, ամռանը խոտ եմ քաղում, կապ եմ անում, որ անասուններին խոտ լինի, աշնանը  փայտ եմ ջարդում, բերքն եմ հավաքում, (միրգ, բանջարեղեն ), զակատ եմ անում, որ գոնե ձմռանը ապրուստ ունենանք:

Չնայած այսքան հոգսերին Կարինեն դաստիարակել ու մեծացրել է իր երեք երեխաներին, աղջկան Երևան էր ուղղարկել ուսումը շարունակելու, ասում էր. «Իմ աղջիկն ումից էր պակաս, որ այդքան սովորեր ու ուսումը չշարունակեր, հետո ինչ, որ պապա չունի»:  Հետո ժպիտով նշեց, որ նրանցից երկուսը այժմ ծառայության մեջ են, մեկը`հայոց բանակում, մյուսը`ամուսնու տանը:

Կարինեի խոսքերով դժվարությունները միշտ հետևել են իրեն, բայց ամեն անգամ դրանք հաղթահարել է հանուն երեխաների.

-Օրեր են եղել, որ գիշերները թաքուն լաց եմ եղել, մեղադրել եմ ամուսնուս ինձ մենակ թողնելու համար, բայց,  հետո հավաքել եմ ուժերս, որ երեխաներս հանկարծ չնկատեն, որ ես թուլանում ու հանձնվում եմ, հա հա, իմ կյանքը փորձություններից էր կազմված, որոնք ամեն օր հաղթահարել էր պետք:

Այս ամենից զատ Կարինեն նաև լավ հարևան է, բոլորին օգնում է`չնայած հազվադեպ է դիմում որևէ մեկի օգնությանը:  70-ամյա Զարիկ տատը, ով Կարինեին վաղուց է ճանաչում, ամեն անգամ նրա մասին խոսելիս չի կարողանում զսպել հուզմունքը.

-էհհհ բալես, էտ էրեխուն ես էտ տուն գալու առաջին օրվանից ճանաչում եմ, կյանքը դաժան կատակ խաղաց էտ էրեխու հետ: Ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան բահով գործ անելիս կամ խոտ հնձելիս, սկզբում լացում եմ, հետո կոֆե եմ դնում, որ գոնե հետը խոսեմ սիրտս հովանա, իրա նման մայր, հայր, ընկեր չկա :

Չնայած հարևաների լավ վերաբերմունքին ու օգնելու պատրաստակամությանը, Կարինեն աշխատում է ոչ ոքի չդիմել, ասում է.

-Ամեն մարդ պետքա հույսը դնի մենակ իր վրա: Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել ու հասկացել եմ, որ երբեք չպետքա հույսդ որիշի վրա դնես: Պապս մի լավ խոսք ուներ, ասում էր. «մեր հավատարիմը մեր էշն էր, են էլ սատկավ»: (ծիծաղում է)

Մեր այն հարցին, թե որն է եղել իր կյանքի ամենալավ պահը, Կարինեն պատասխանեց.

-Ճիշտ է, ես շատ դժվարություններ եմ տեսել, բայց ես Աստծուց շնորհակալ եմ  այն ամենի համար, ինչ ունեմ: Ես ունեմ հրաշք երեխաներ, հիմա արդեն թոռնիկ, որի ծնունդը լցրեց ոչ միայն իր ծնողների, այլ նաև իմ կյանքը: Հիմա մենակ մի երազանք ունեմ, տղաներիս էլ ամուսնացնեմ, գոնե հանգիստ լինեմ, որ ինձնից հետո մենակ չեն մնա:

Չնայած կյանքի տված բազմաթիվ հարվածներին, Կարինեի դեմքից երբեք ժպիտը չի անհետանում: Նույնիսկ նրա հարազատներն են զարմանում, թե մարդ ինչպես կարող է այդքան ուժեղ լինել: Նրա քույրը`Անին, ցավով է հիշում անցած տարիներն ու Կարինեի ապրումները, բայց միևնույն ժամանակ ամեն անգամ հպարտությամբ է խոսում նրա մասին.

-«Առյուծն առյուծ է` լինի էգ թե որձ». Սա լրիվ իմ քրոջ համարա ասված: Ես միշտ զարմացել եմ նրա կամքի ուժի ու համարձակության վրա, չկա մի բան, որ նա իր մտքին դնի ու չանի: Ես իրոք հպարտ եմ, որ Կարինեն հենց իմ քույրնա:

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել