«ՕՊԵՐԱՅԻՑ ԽՈՐՈՎԱԾԻ ՀՈՏ ՉԻ ԳԱ»․ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

«ՕՊԵՐԱՅԻՑ ԽՈՐՈՎԱԾԻ ՀՈՏ ՉԻ ԳԱ»․ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

279

«Օպերայում ռեստորաններ են կառուցվելու»․ արտահայտություն, որը միանգամից ցնցեց հանրությունն ու մեծ աղմուկ բարձրացրեց արվեստը սիրող ու գնահատող մարդկանց շրջանում։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ օրերս արված հայտարարությունն այն մասին, որ Ալ․ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կառուցվելու են ռեստորաններ ու սրճարաններ, առաջին հայացքից իսկապես տարօրինակ է թվում, սակայն և չափից դուրս նորմալ, եթե համեմատություն կատարենք Եվրոպայի հետ․ Սիդնեյի, Նյու Յորքի, Մոսկվայի, Վիեննայի ու այլ աշխարհահռչակ Օպերային թարոններում նմանատիպ հաստատությունների առկայությունն ամենևին էլ արտասովոր չէ։ Նախարարի համոզմամբ՝  Խորհրդային մտածողությամբ «կայարանային» սննդի կետերը պատիվ չեն բերում մեր Օպերային թատրոնին, և վաղուց ժամանակն է ազատվել դրանցից։ Պետք է հրաժարվել նաև սենդվիչներ և գազավորված ըմպելիքներ մատուցող ավտոմատներից։ Ներկայացումների ընդմիջումներին  հաճելի միջավայրում մեկ բաժակ շամպայն կամ մեկ գավաթ սուրճ ըմպելն ամբողջությամբ համապատասխանում է արվեստի կենտրոնի պատկերացումներին։ Նորակառույց սննդի կետերի մասին խոսելիս Ամիրյանը նշեց, որ խորովածային և այլ հայկական ավանդական կերուխումի օջախների կառուցումն Օպերայում բացառվում է․ թատրոնից խորովածի հոտ չի գա։ Լինելու է հատուկ սննդակարգ՝ միայն օպերային արտիստների և Օպերայի այցելուների համար։ Ներկայացման կամ համերգի չմասնակցող մարդը իրավունք չի ունենա մուտք գործել։

Դեռ այս լուրը չմարսած՝ արվեստասեր հասրակությունը ստացավ երկրորդ շոկային լուրը՝ Օպերային թատրոնում շոգեբաղնիք և մարզասրահ է լինելու։ Արմեն Ամիրյանն այս անգամ ևս պարզաբանումներ ուներ․ ըստ նրա՝ թատրնում աշխատող յուրաքանչյուր արտիստ լոգանք ընդունելու, լիցքաթափվելու և լավ մարզավիճակում գտնվելու իրավունք ունի, ուստի ամեն բան արվում է հօգուտ արվեստի։  Համաքաղաքացիների կարծիքներն իրարամերժ են, շատերի պատասխանը կարճ է և հստակ․ դեմ են մշակութային կենտրոնում կենցաղային մակարդակի կառույցներ հիմնելուն։ Մյուսներն էլ ողջունում են նախարարի նորընծա նախագիծը և ոգևորությամբ պատկերացնում Օպերայում բարձրակարգ սպասարկմամբ շամպայն կամ գինի վայելելը։

ՀՀ վաստակավոր արտիստ, բալտմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով նման ծրագրեր կազմելուց առաջ անհրաժեշտ է վերանայել թատրոնի խաղացանկը, որը վերջին տարիներին լուրջ փոփոխության է ենթարկվել՝ բացասական առումով․ պակասեցվել է ներկայացումների քանակը, շատերն ամբողջությամբ դուրս են հանվել այնպես, որ շուրջ մի քանի տասնյակ անուն ներկայացումներից այսօր միայն մի քանիսն են մնացել, որոնք հնացած վինիլային սկսվառակի նման շարունակ պտտվում են։ «Սպարտակ», «Գայանե», «Անուշ», «Արշակ 2-րդ» ․ սա է մեր Ազգային օպերային թատրոնի հիմնական խաղացանկը, մինչդեռ հարևան Վրաստանն այս պահին ունի մոտ 60 անուն ներկայացում։ Պարոն Խառատյանի խոսքով՝ շոգեբաղնիք բացելուց առաջ նախ պետք է մտածել արտիստին ակտիվ աշխատանքով հոգնեցենելու, հանդիսատես ու շարունակական ներկայացումներ ապահովելու հարցի շուրջ։ Վստահ է՝ դասական արվեստին վայել մտածողություն չունեցող մարդու համար միևնույն կլինի՝ սնվում կամ ժամանակ է անցկացնում մոտակա շաուրմայանոցում, թե Ազգային օպերային թատրոնում։

Գրող Արթուր Հայրապետյանի կարծիքով էլ Օպերայում ռեստորաններն անիմաստ են․ արվեստը գնահատող մարդն ընդմիջման տասը րոպեները չի ծախսի ռեստորանում, իսկ եթե թատրոն գա հենց այդ նպատակով, ուրեմն երաժշտությունից գլուխ չի հանում։ Արթուր Հայրապետյանը վստահեցնում է, որ բարձրաճաշակ սնունդ և սպասարկում առաջարկելուց առաջ հանդիսատեսին պետք է կրթել, սովորեցնել հարգանքով մոտենալ օպերային արվեստին։ Իսկ եվրոպական արժեքներին մոտ գտնվելու համար ռեստորանն ու շոգեբաղնիքն անպայման չէ։

Այնուամենայնիվ, ինչպիսի զարգացում կունենան իրադարձությունները՝  ժամանակը ցույց կտա։ Մնում է միայն հուսալ, որ վերջին անգամ նախորդ հազարամյակում Օպերա այցելած մարդիկ ու նրանց կարծիքները այս հարցի լուծման մեջ որոշիչ դեր չեն խաղա։

 

 

Նելլի Մելքոնյան

2-րդ կուրս

Կիսվել