Բեմում երկուսով՝ Մարիամը և պարը

Բեմում երկուսով՝ Մարիամը և պարը

2029

Պարային յուրաքանչյուր շարժում՝ հորինված Մարիամի կողմից, ունի իր պատմությունը: Դրանցից մեկը ծնվել է թռչկոտող երեխաներին նայելիս,  մյուսը՝ երաժշտություն լսելիս, երրորդը՝ երազելիս, ժպտալիս և այլն:

Մարիամի կյանքում պարին առնչվող այնքան  շատ պատմություներ կան, որ չի կարողնում առանձնացնել ամենատպավորիչը: Դրանք լի են վերելքներով, անկումներով, հույզերով, և այդ ամենը միասին ուժ են տալիս և դրդում  նորից պարելու ու կատարելագործվելու: Իրեն համարում է կայացած պարուհի, չնայած ասում է, որ աշխատելու տեղ միշտ էլ ունեն իրենք՝ պարուհիները: Պարարվեստում այլ կերպ հնարավոր չէ:

Մարիամ Քոթանջյանը կամ, ինչպես ավագ ըկերներն էին ասում, Ադուվանչիկը, պարում է երեք տարեկանից: Չեն ցանկացել ընդունել՝ պատճառաբանելով, որ փոքր է, բայց երբ ստուգել են տվյալները, միանգամից վերցրել են  խմբակ: «Մեր խմբում բոլորը վեց տարեկան էին, միայն ես էի երեք: Պարուսույցներիցս Արմեն Ջեյրանյանն ասում էր՝ մեծ ապագա ունեմ, և ավագ ընկերներիս կոչ էր անում, որ  օրինակ վերցնեն ինձնից»,- պատմում է Մարիամը: Ասում է, որ մասնագիտության ընտրության մեջ մեծ դեր են ունեցել իր պարուսույցները՝ Արմեն Ջերյանյանը, Նոնա Մանուկյանը, Ռուզաննա Հովհանիսյանը, Անդրանիկ Սարգսյանը (նա ամենամեծ ներդրումն է ունեցել. նրանով է ոգեշնչվել և 15 տարի պարել է «Արաքս» պարային համույթում ), կուրսղեկը՝ Տաթևիկ Ղարիբյանը:

«Շատ աշխույժ երեխա էր. կազմակերպում էր համերգներ և  փոքրիկ հանդիսատեսների համար պար բեմադրում»,- հիշում է Մարիամի մայրը՝ Օֆելյա Մարտիրոսյանը: «Երբ առաջին անգամ հաճախեցինք պարի, երբեք չէի մտածի, որ այս ուղին կընտրի: Երբ եկավ մասնագիտության ընտրության ժամանակը,  մեծ դժվարությամբ համաձայնեցինք, որ դառնա պարուհի, իսկ հիմա գիտակցում ենք, որ սա է նրա աշխարհը»,- ասում է պարուհու մայրիկը:  Իսկ Ադուվանչիկն ավելացնում է. «Պարն ինձ համար ապրելակերպ է, իմ օդը, ջուրը, իմ ամեն ինչը, առանց որի կյանքս չեմ պատկերացնում»:

Մարիամը շատ մրցանակների է արժանացել, սակայն նրա համար ամենահիշարժանն այն օրն էր, երբ Թուրքիայում բարձրացավ հայկական դրոշը. դա կովկասյան երկրների մրցույթն էր, որտեղ Հայաստանը հաղթեց «Արցախ» պարով:

Երբ Ադուվանչիկին  տեսնես բեմ բարձրանալուց առաջ, կնկատես նրա անհանգիստ հայացքը և լարված շարժումները, բայց երբ վարագույրը բարձրանում է, ամեն ինչ միանգամից չքանում է, և բեմում մնում են միայն նրանք՝ Մարիամը և պարը: «Ամբողջ հոգով և մարմնով տրվում եմ պարին և երբ ավարտում եմ, աննկարագրելի զգացում է պարուրում ինձ, մանավանդ երբ մոտենում են անծանոթ մարդիկ, հանձնում են ծաղիկներ և արտահայտում իրենց հիացմունքը: Արտիստի համար գնահատված լինելուց առավել ոչինչ չկա»,- ժպտում է:

Պարային բոլոր ոճերն էլ սիրում է, բայց ամենահոգեհարազատը իսպանական պարերն են, հանտկապես ֆլամենկոն. «Ինչո՞ւ հենց իսպանականը՝ որովհետև ուսուցիչներս ասում էին, որ խառնվածքով նման եմ իսպանացիներին. ես էլ դեմ չեղա» (նորից ժպտում է):

Յուրաքանչյուր արվեստագետ իր կյանքում միշտ էլ խոչնդոտների հանդիպում է, բայց դրանք չպետք է հիասթափեցնեն կամ խանգարեն առաջ շարժվելուն. Մարիամը նույնպես բացառութուն չէ: «Հաջողության հասնելու ճանապարհը միշտ էլ քարքարոտ և փշոտ է լինում, լինի պար, երգ կամ մի այլ ոլորտ: Ունեցել եմ լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ, բայց չլսելով բժիշկների խորհուրդները՝ շարունակել եմ և, փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է»,- ասում է պարուհին:

Սաների  սիրելի ընկեր Մարիամն իր հաջողություններից մեկը համարում է նաև իր երեխաների հաջողությունները: Եվ ոչ թե երազանք, այլ նպատակ է համարում այն, որ իր սաները հաղթանակով վերադառնան միջազգային բեմերից: «Այս նպատակին միմիայն աշխատասիրության և մեծ ջանքերի շնորհիվ կարող եմ հասնել»,- ասում է:

Մարիամին սիրում են ոչ միայն սաները, այլև նրանց ծնողները: «Տղաս և աղջիկս արդեն մի քանի տարի է՝ հաճախում են պարի դասերի     ընկեր Մարիամի մոտ, և շատ գոհ են: Տղաս սկզբնական շրջանում չէր ցանկանում պարել: Տղայական մտածելակերպ էր. ամոթ է, որ պարի եմ գնում: Մարիամը խոսեց նրա հետ, և այժմ տղաս ասում է՝ եթե ըկեր Մարիամը չդասավանդի, ես չեմ գնա»:

Ընկերները նույնպես շատ են սիրում Մարիամին և հպարտանում են նրա հաջողություններով: Լուսինեն, օրինակ, վստահ է, որ նա շարունակելու է բարձրունքների հասնել:   Ասում է նաև, որ Ադուվանչիկից սովորելու շատ բան ունի:

Գայանե Մարտիրոսյան, 3-րդ կուրս   

Կիսվել