Հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչները, դպրոցականները և ուսանողները, կամավորության սկզբունքով, շուրջ 6 տարի է` «երկրորդ կյանք» են հաղորդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին: «Ծաղկահավաք» միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Այս տարին ևս բացառություն չէր: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին` մասնակիցների ոգևորությունը մեծ էր:

Նախաձեռնության շրջանակներում ծաղիկներն այրվելու կամ թափվելու փոխարեն վերամշակվում են. ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, որից  պարարտախառնուրդ` բիոհումուս է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է հուշահամալիրի պուրակում հողի մշակման համար, վերամշակված ծաղիկներից պատրաստված ձեռակերտ  թղթերը տրամադրվում են Ցեղասպանության թանգարանին ու Վայրի բնության և մշակութային  արժեքների պահպանման հիմնադրամին՝ հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ պատրաստելու համար:

Կազմակերպիչներից Մանե Մադոյանը նշեց` 2010 թ.-ից «Ծաղկահավաքը» բարի ավանդույթ է դարձել: Չիրականացնել միջոցառումը ուղղակի անհնար է, քանի որ կամավորները միջոցառմանը մոտ օրերին, մինչև հայտարարությունը, արդեն իսկ զանգահարում են և ուղարկում իրենց հայտերը. «Մարդիկ Ծիծեռնակաբերդ գալիս են ծաղիկներով` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկար տարիներ Ցեղասպանության համալիրում դրված ծաղիկները տարվում էին աղբանոց: Որպեսզի այդ հարգանքն իր շարունակությունն ունենա, նման գաղափար է ծագել»:

Կազմակերպիչների խոսքերով` մասնակիցների թիվը ամեն տարի շատանում է, «Ծաղկահավաքը» դարձել է ինքնակազմակերպվող միջոցառում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խումբը նույնպես մասնակից էր նախաձեռնությանը. «Արդեն 3 տարի է` մասնակցում ենք, տարեցտարի ոգևորությունը կրկնապատկվում է: Մեր տեսլականն է, որ գալիք տարիներին նույնպես նպաստենք միջոցառման իրագործմանը»,- ասաց սկաուտական խմբի անդամ Արմեն Մելքոնյանը:

Այս տարի առաջին անգամ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների որոշ մասը ամբողջապես կպահպանեն գունային երանգները և տեսքը:

Մերի Իսայան

2-րդ կուրս

Կիսվել