ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՈՒՆԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ

1498

Ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված Հայկ Սեխլիրյանը և Դանիել Դավթյանն առ այսօր պետական աջակցություն չեն ստանում՝ բուժումն արտերկրում շարունակելու համար: Հայկը ողնաշարային վնասվածք է ստացել 2016թ. ապրիլի 4-ին՝ Թալիշում: Արդեն տասը տարվա փորձ ունեցող պայմանագրային զինծառայող է: «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշեց, որ արդեն մեկ տարի կառավարությունում քննարկվում է նրան արտերկիր ուղարկելու հարցը. «Ներկա պահին բուժում եմ ստանում «Մխիթար Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրում»: Բուժմանս ծախսերը հոգալու հարցում պետությունը որոշակիորեն աջակցում է, սակայն հիմնականում բուժում եմ ստանում իմ անձնական միջոցներով և բարեգործական աջակցությամբ: Էստեղի հիվանդանոցում ապարատուրայի խնդիր կա, հնարավոր է՝ մեկնեմ արտերկիր՝ բուժումս շարունակելու, բայց կառավարությունում մինչ այսօր կոնկրետ բան չեն ասել՝ կուղարկեն, թե չեն ուղարկի»: Հայկի բողոքն այսքանով չի սահմանափակվում: Տեղափոխության հետ կապված խնդիրներ էլ ունի: Դժգոհում է, որ պետական աջակցոթյուն չի ստանում ճանապարհածախսը հոգալու համար. «Որոշ հարցերի  պետությունն ուշադրություն չի դարձնում: Օրինակ,ես ապրում եմ Աջափնյակում, ամուսնացած եմ ու երկու զավակ ունեմ, հիվանդանոց հասնելու համար էլ գնալ-գալը խնդիր է»:

Դանիել Դավթյանի զորացրվելուն մնացել էր ընդամենը 1 ամիս, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հրազենային վիրավորում ստացավ: Հետևանքը եղան աչքերի ձգվածությունը և ձախակողմյան թուլությունը: Վիրահատության արդյունքում գլխուղեղի վրայից բեկոր է հեռացվել, իսկ վիրահատության ծախսերը բարեգործական աջակցությամբ է հոգացել: Այսօր Դանիելը բուժվում է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում», սակայն արտերկիր մեկնել նրան այդպես էլ չհաջողվեց. «Չգիտես՝ ինչ պատճառներով ձգձգվում է արտերկիր գնալս: Տեղյակ էլ չեն պահում՝ ինչն է պատճառը»:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է վառելիքի խնդիր, Հայկ Սեխլիրյանն ընդգծեց. «Էդ ուղղակի բանակի վրա ցեխ շպրտելու միջոց է: Էնպես չի, որ մենք փամփուշտի խնդիր ենք ունեցել: Նույն 80-ականների զենքերը չեն տարբերվում անգամ այսօրվա ամերիկյան զենքերից»:

Խոսելով ապրիլյան դեպքերի թողած հետևանքի մասին՝ տղաները թախծում, բայց միևնույն ժամանակ ժպտում են: «Ես առաջին կարգի հաշմանդամ եմ, բայց ինքս ինձ հաշմանդամ չեմ զգում»,-ասում է Հայկը: Իսկ Դանիելի խոսքով՝ ապրիլյան պատերազմն անիմաստ էր և ոչ մի կերպ արդարացված լինել չի կարող:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել