ԱՐՀԵՍՏ, ԹԵ՞ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՐՀԵՍՏ, ԹԵ՞ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

373

Այսօր Հայաստանում շատ արհեստներ մարում են, սակայն որոշները լավ ուսուցչի շնորհիվ պահպանվում և զարգանում են: Հնուց ի վեր հայտնի արհեստների գրեթե  90 տեսակներից այսօր պահպանվել են մոտ 30-ը: Պատճառն այն է, որ հիմա շատ ժամանակակից է դարձել համալսարան սովորելը. անկախ գիտելիքի պարունակությունից դիպլոմը կարծես նպատակ լինի: Հայաստանում արհեստ սովորելը ընկալում են սոցիալական ցածր խավին բնորոշ երևույթ և խուսափում են դրանցից: Չնայած վերջին 4 տարում վիճակագրությունը մի փոքր այլ է: Զարմանալի է, բայց  շատ երիտասարդներ բացի բուհական կրթությունից նաև ձգտում են որևէ արհեստ սովորել:  Ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի այս իրավիճակը պայմանավորված է կրթական համակարգի փոփոխություններով. «Հայաստանում ավագ դպրոցը չի կայանում և երիտասարդները նախընտրում են ավագ դպրոցի փոխարեն գնալ ուսումնարաններ: ՀՀ ԲՈՒՀ-երում ևս ընդունելությունը  նվազել է, այն պատճառով, որ հայ դիմորդները ձգտում են սովորել արտասահմանյան համալսարաններում: Ցավոք մեր երկրում բարձրագույն դիպլոմով աշխատանք գտնելը դժվար է, դրա համար էլ արհեստը կողքից գումար վաստակելու միջոց է»:

Ոսկերչություն, խեցեգործություն, դարբնություն գորգագործություն, կավագործություն, քանդակագործություն ՝ սրանք հիմնական պահպանված և որոշակիորեն պահանջարկ ունեցող արհեստներից են, սակայն առավել նախընտրելին ոսկերչությունն է: Վարպետ-ոսկերիչ Մեսրոպի կարծիքով սա արհեստի այն տեսակն է, որ երբեք չի մարի. «Աշխարհում ամենաթանկը գնահատվում է ձեռքի աշխատանքը, բայց քո գործի մեջ էլ պետք է լավագույնը լինես: Եթե ունենանք հրաշալի արհեստավորներ՝ համոզված եմ,  որ  ոչ մի արհեստ էլ չի վերանա»:

23-ամյա Արտակը ուսանող է, մասնագիտությամբ բանասեր, բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսման հետ մեկտեղ ոսկերչություն սովորել. «Չեմ կարող ասել, որ արհեստն ինձ համար առաջնային է, բայց վատ չէ մի բան ավել իմանալը, և հետո հայ եմ չէ, գոնե մի արհեստ սովորեմ, հետո գուցե պետք գա: Ես շատ կուզեի հետագայում համատեղել երկուսը մեկում»:

Ֆրանսիական համալսարանի լեզուների բաժինն ավարտած Մարկի համար արհեստը և՛ հոբբի է, և՛ գումար վաստակելու միջոց. «Զբաղվում եմ կավագործությամբ արդեն 3 տարի: Երբեք չեմ պատկերացրել ինձ արհեստավորի՝ հատկապես կավագործի դերում: Բայց այսօր կյանքս չեմ պատկերացնում առանց դրա: Ի դեպ ավելի հեշտ է սրանով ապրուստ վաստակելը, քան դիպլոմով, որով այդպես էլ աշխատանք չգտա»:

Ի տարբերություն տղաների` աղջիկներն ավելի շատ սովորում են վարսահարդարություն: Սա թերևս այն արհեստներից է, որը միշտ պահանջարկ ունի: 27-ամյա Քնարիկը մասնագիտությամբ հաշվապահ է, բայց երբևէ չի աշխատել այդ ոլորտում. «Արդեն 5 տարի է աշխատում եմ որպես վարսավիրուհի, շատ եմ սիրում այս արհեստը: Ճիշտ է, հիմա շատ են վարսահարդարները, և ոչ բոլորն են կարողանում աշխատել, բայց կարելի է ասել` ես գտել եմ իմ կոչումը: Կարծում եմ` աշխարհի որ ծայրում էլ լինեմ` աշխատանք կգտնեմ»:

Մեր օրերում լուրջ կրթությունը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Հետևաբար անհրաժեշտ է զբաղվել նրանով ինչը և՛ շահավետ կլինի, և՛ հաճելի: Ի վերջո չկան անպիտան մասնագիտություններ, կարևորը մարդն իր գործի մեջ պիտանի և պահանջված լինի: Ամեն դեպքում ինքնազարգացմամբ զբաղվող մարդիկ ավելի երջանիկ և բավարարված են իրենց կյանքում և ավելի շատ են վաստակում:

 

 

Զվարթ Մուրադյան

5-րդ կուրս

Կիսվել