ՖՐԱՆՍԻԱՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՖՐԱՆՍԻԱՀԱՅԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

301

2017 թվականի ապրիլի 23-ին կայացավ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները։ Ֆրանսիայի 66546 ընտրատեղամասերում այդ օրը քվերակել է շուրջ 47 միլիոն մարդ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, նախագահի պաշտոնը ստանձնելու համար պայքարող 11 թեկնածուներից միայն երկուսին է հաջողվել հավաքել առավելագույն ձայն 2-րդ փուլ անցնելու համար. «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ ձայների 23.75%-ով եւ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21.53%-ով:

Ֆրանսիայում դեռևս տասնամյակներ առաջ ձևավորվել է ազդեցիկ և ամուր հայկական համայնք,և ներկայումս ֆրանսիահայերի թիվը կազմում է 800 հազար։ Ամենևին էլ պատահական չէ այն հանգամանքը, որ յուրաքանչյուր թեկնածու, ով ձգտում է ձայների մեծամասնությունը ստանալ, դիմում է նաեւ ֆրանսիահայ համայնքի օգնությանը`անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Դեռևս 5 տարի առաջ տեղի ունենալիք նախագահական ընտրություններում, երբ իրար հետ մրցում էին Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը,նրանք նույպես իրենց նախընտրական արշավի ժամանակ հանդիպումներ էին ունեցել հայկական համայնքի հետ և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացնելու խոստում էին տվել ֆրանսիահայերին։ Ի տարբերություն Նիկոլա Սարկոզիի`Ֆրանսուա Օլանդը նաև հայտնել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը կլինի Ֆրանսիայի կողմից Թուրքիայի Եվրոմիությանն անդամակցելու առաջադրվող պայմաններից մեկը։ Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էլ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթողի կառուցումն էր Փարիզում։

Այս ամենից արդեն անցել է ուղիղ 5 տարի, և նախագահի թեկնածուները լավ են հասկանում, որ Հայոց Ցեղասպանության հարցը արծարծելով` այլևս չէին կարողանա գրավել ֆրանսիահայերի ոչ միայն ուշադրությունն, այլև քվեն։ Այդ իսկ պատճառով պետք էր գտնել նոր և ավելի թարմ հիմնահարց, որով կարելի կլիներ դիպչել հայի հոգու նուրբ կողմերին և քվե ստանալ։

Ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած Մակրոնը ասել է. «Ապրիլի 24-ն ամուր խորհրդանիշ է. այն հիշատակում է Կոնստանդնուպոլսում 1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ մտավորականների սպանությունը և առաջին ցեղասպանության սկիզբը: Սա կարևոր պահ է հիշելու պարտավորության և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամության համար: Ես մտադիր եմ շարունակել հիշատակման այդ ավանդույթը՝ մասնակցելով ոգեկոչման արարողություններին»։ Նախագահի ամենաերիտասարդ թեկնածուն նաև ասել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության հիշատակման օրը Ֆրանսիայի օրացույցում ներառելու գաղափարին։

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, երկրորդ փուլ անցած Մարին Լը Պենը «Nouvelles d’Armenie»-ին տված հարցազրույցում ասել է, թե Արցախյան հիմնահարցի լավագույն լուծումը կլիներ Հայաստանի և Ադրբեջանի միջև այնպիսի համաձայնության ձեռքբերումը, որով Լեռնային Ղարաբաղը կվերամիավորվեր Հայաստանի հետ: Նա նաև ընդգծել է, որ սխալ էր ԽՍՀՄ փլուզումից հետո ներքին վարչական սահմանները մեխանիկորեն, առանց վերաիմաստավորման պետական սահմանների վերածելը: Կա նաև տեսակետ, թե Լը Պենը լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Չնայած այս ամենին, «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը ասել էր, որ Ֆրանսիայի հայկական համայնքը ընտրությունների առաջին փուլում որեւէ թեկնածուի չի պաշտպանելու:

«Յուրաքանչյուրն իր ցանկությամբ քվեարկելու է այն թեկնածուի օգտին, որին ցանկանում է: Համայնքի խորհուրդն այն նույն մոտեցումն է ցուցաբերում, ինչպես նախկինում: Հայ համայնքում կան բազմաթիվ միություններ, կուսակցություններ, ամեն մեկն ինքը կորոշի ում օգտին ձայն տա: Ի դեպ, նույն մոտեցումը կա նաև հրեաների, հույների և այլ ազգերի համայնքներում»,- ասել էր Մարտիրոսյանը։

Ընտրությունների 2-րդ փուլ անցած թեկնածուները շարունակում են ընտրապայքարը։ Ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին։

 

 

Անի Դավթյան

4-րդ կուրս

Կիսվել