ԴԱՋՎԱԾՔՆԵՐ. ՄԱՐՄՆԻ «ԽՈՍՈՂ» ՊԱՏԿԵՐՆԵՐ

ԴԱՋՎԱԾՔՆԵՐ. ՄԱՐՄՆԻ «ԽՈՍՈՂ» ՊԱՏԿԵՐՆԵՐ

601

Դաջվածքներ անելու ավանդույթը եկել է հին աշխարհից, բայց ժամանակի ընթացքում գաղափարական և նպատակային լուրջ փոփոխությունների է ենթարկվել։ Եթե նախկինում դաջվածքներ անում էին ստրուկների ու ընտանի կենդանիների վրա՝ տարբերելու համար, ապա այժմ դա անում են նորաձև երևալու կամ կյանքում տեղի ունեցածը մարմնի վրա դաջելով  ընդմիշտ վառ պահելու նպատակով։

Մեզ հետ զրույցում 26 ամյա Վահագնը նշեց, որ դաջվածքներ սկսել է անել 17 տարեկանից. «Առաջին դաջվածքը անելիս ես մտածում էի շատերից հետ չմնալու մասին ու առանց մտածելու պատկերի նշանակության մասին` մարմնիս վրա սարդ էի դաջել, որը հետո պարզեցի, որ նշանակում է գրպանահատ, հետո ստիպված եղա մաքրել։ Այժմ նախկին անհաջող փորձս աչքիս առաջ ունենալով` նորերը անելուց առաջ երկար մտածում եմ, ուսումնասիրում նշանակությունը և նոր միայն անում», – նշեց նա և հավելեց, որ մոտ ապագայում ցանկություն ունի ևս մի դաջվածք ավելացնելու։

Նոր Նորքում գտնվող դաջվածքի սրահներից մեկի աշխատակից Գևորգը իր խոսքում նշեց, որ դաջվածքներ անում են նաև ելնելով կոսմետիկ շահագրգռվածությունից. «Շատ աղջիկներ կան, որ դիմում են մեր սրահ հոնքերի կամ շրթունքների tatoo անելու համար։ Եթե առաջ աղջիկների մեջ կար կոմպլեքս, որ դաջվածք ունենալու դեպքում հասարակությունը միանշանակ չի ընդունի իրենց, ապա այժմ նրանք դաջվածք անում են նույն այդ հասարակության որոշակի շերտերից հետ չմնալու, ինչու չէ նաև նրանց ինտեգրվելու համար»։Ի պատասխան մեր  այն հարցին թե արդյո՞ք մարդիկ դաջվածք  անելուց միշտ հասկանում են դրա նշանակություն, նա ասում է. «Երբ դիմում են ինձ ինչ-որ դաջվածք անելու համար, մինչև անելս փորձում եմ պարզել, արդյո՞ք գիտի այցելուն դրա նշանակությունը, և նոր միայն դաջում եմ։ Եղել են դեպքեր, երբ մարդու հետ զրույցից հետո պարզվել է, որ նա այդ դաջվածքը ուզում է ունենալ ասենք նրա համար, որ ընկերն ունի, որոշ դեպքերում էլ զրույցից հետո ետ են կանգնել դաջվածք անելու մտքից»։

Հասարակության մեջ դաջվածքների մեծ թափով տարածվելու սկզբնական շրջանում դրանք անում էին հիմնականում իրենց կամ հարազատ անձնավորության անվան առաջին տառի տեսքով, իսկ այժմ դրանք վերածվել են ամբողջական բառերի կամ նույնիսկ նախադասությունների։ Այդ նախադասություններից ոչ պակաս խոսուն կարող են լինել պատկերները, որոնցից յուրաքանչյուրը, ըստ իրենց արտահայտած մտքի, դաջվում են մարմնի համապատասան մասում։

Դաջվածքներ անելիս հակացուցումներ չկան։ Միակ պայմանը խիստ հիգիենային հետևելն է՝ հետագայում մաշկային լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Մաշկաբան Լուսինե Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտ է հակացուցումներ չկան, բայց անելուց առաջ պետք է լավ մտածել, որովհետև դաջվածք ունեցողներին արգելվում է որպես դոնոր արյուն հանձնել»։

Շատերն են զղջում արված դաջվածքների համար։ Սակայն այդ խնդիրը ևս ունի իր լուծումը։ Կարելի է ուղղակի դիմել նույն այդ սրահներ՝ դրանք մաքրելու խնդրանքով։

Գայանեն ափսոսանքով է հայտնում, որ ժամանակին տրվել է նորաձևության գայթակղությանը և դաջվածք արել։ «Չէի կարող կանխատեսել, որ մի օր կարող էի այսքան զղջալ դրա համար։ 4 տարեկան տղայիս արյան փոխներարկում էր անհրաժեշտ 4-րդի բացասական։ Ու ես այդ կարևոր պահին չկարողացա օգտակար լինել երեխայիս։ Իմ արյունը թողած ընկել դոնոր էի ման գալիս, որովհետև իմը պիտանի չէր»։

Ամբողջ աշխարհում ամենատարածված դաջվածքների թիվը հասնում է 2500-ի,սակայն դրանցից Հայաստանում առավել կիրառելի են 500-600-ը։ Դրանց դերի, հաղորդած ինֆորմացիայի և ունեցած նշանակության մասին ոչ բոլորը գիտեն, որոշ մարդկանց համար դրանք ծառայում են որպես մարմինը զարդարող ինչ-որ դետալ կամ տվյալ հատվածում մարմնի թերությունները ծածկող գործիք։

 

Հասմիկ Եղիազարյան

5-րդ կուրս

Կիսվել