ՊԱՏՎԻ ԶԻՆՎՈՐԸ

ՊԱՏՎԻ ԶԻՆՎՈՐԸ

1562

Արցախյան պատերազմը հերոսների ու հերոսացումի բազմաթիվ օրինակներ է տվել։ Ամեն անգամ, երբ ծանոթանում ես մի նոր հայորդու սխրանքներին, հոգեկան թեթևություն ես ապրում, որ կան մարդիկ, որոնք հանուն հայրենիքի գրավ են դնում կյանքը, որ այդպիսինները դեռ կան ու միշտ լինելու են…

Ահա նրանցից մեկի անունը՝ Խաչիկ Թովմասյան, որ մեզ հետ զրույցում պատմեց, որ 1980-82թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, երկու տարի կոփվել աֆղանական պատերազմում, որտեղ վիրավորվել է։ 1988թ.-ի ազատամարտի առաջին իսկ օրերից իրեն նվիրել է հայրենիքի պաշտպանության գործին, Անկախության բանակի կազմում՝ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարությամբ, մասնակցելով Ոսկեպարի, Արծվաշենի և այլ մարտերին։

Հայրենիքի զինվորի նրա խանդավառ հոգին չէր կարող սահմանափակվել ու արդեն մարտական մկրտություն ստացած «մալենկի աֆգանեցը» (այդպես էր նրան կոչել Լեոնիդը) շարունակում է իր մարտական ուղին Արցախյան ճակատում։

«Չկա ավելի դժվար բան, քան ընկերոջ դին տեսնելն ու պատերազմը շարունակելը։ Մենք պարտավոր էինք հիշել Լեոնիդի պատգամը ու ոչ մի քայլ չնահանջեինք։ Պատերազմը մեզ շատ կոփեց»։

Քառօրյա պատերազմի ժամանակ Խաչիկը և իր զինակից շատ ընկերներ զենքը ձեռքը վերցրին ու կանգնեցին զինվորի կողքին։

«Հո չեի՞նք թողնելու ջահելներին սպանեին բերեին դնեին դեմներս։ Առանց էդ էլ էդքան զինվորի մահ տեսանք։ Բա մենք մեջքներին չլինեի՞նք, որ դուխները տեղը լիներ, համ բանիմաց տղերք լինեին հետները, որ սովորեցնեին, թե որ պահին ինչ անեն (չնայած անկեղծ լինեմ ու ասեմ, որ մեր առյուծները շատ հզոր ու դուխով էին, մեզ հաստատ չէին զիջում)»։

Այսօր ևս նա պատրաստ է իր կյանքը ռիսկի ենթարկել և հանուն հայրենիքի ու իր պատվի զինվորի կողքը կանգնել ու կամքի ոգի փոխանցել մեր երկրի այսօրվա ու վաղվա սերունդներին։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել