ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԸ ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

95

Ամեն տարի մանկավարժներ, բժիշկներ, տնտեսագետներ, դերասաններ և մի շարք այլ ոլորտների ներկայացուցիչներ լքում են մեր երկիրը օտար ափերում իրենց բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:

Հայ երիտասարդների համար էլ ավելի հեշտ է դարձել կարիերայի նոր հնարավորություններ գտնել արտասահմանում:

Պետության մտավոր ու տաղանդաշատ կորիզը լքում է մեր երկիրը` գերադասելով ապրել ու աշխատել այլ երկրներում, քանի որ նրանցից ոմանք այստեղ գնահատված չեն, շատերին էլ չի գոհացնում իրենց աշխատավարձը:

Դրան զուգահեռ 2006թ-ից գործում է «Հայրենակիցներ» միգրացիոն պետական ծրագիրը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մշակած այս ծրագրի միջոցով արդեն քանի տարի կազմակերպվում է հազարավոր հայերի օրինական արտագաղթը դեպի Ռուսաստան:  Ծրագրի պահանջները բավարարող քաղաքացուն տրվում են ռուսական անձնագիր, ճանապարհածախսի փոխհատուցում, բնակության վայրում աշխատանք չունենալու դեպքում` ամսական նպաստ և այլն: Իհարկե այս ծրագրի միջոցով երկրից արտագաղթելու համար պետք է համապատասխանել «հայրենակիցներ» սահմանմանը:

«Հայրենակիցը» նա է, ով կրում է Ռուսաստանի մշակույթն ու ավանդույթները, խոսում է ռուսերեն: Սա նշանակում է ամբողջությամբ մոռանալ հայկական մշակույթն ու կերպարը:  Ցանկալի է, որ քաղաքացին ընտանիքով, և ոչ միայնակ գնա Ռուսաստան: Վերաբնակիչները հիմնականում տեղավորվում են ծայրամասային բնակավայրերում, որտեղ բնակչությունը նոսր է: Այս ծրագրի պայմաններնը ցույց են տալիս այն, որ Ռուսաստանը փորձում է լուծել իր ժողովրդագրական խնդիրները:

Ամենից հաճախ որպես երեք հիմնական պատճառներ  մատնանշվում են մարդկանց տնտեսական վատ վիճակը, պետական կառավարման անկատարությունը, տնտեսական ազատությունների սահմանափակումը, ինչպես նաև անձնական հեռանկարների անբավարարությունը:

Այս ծրագրի միջոցով Ռուսաստան գնած մեր հայրենակիցները վերաբնակեցվում են Ռուսաստանի ծայրամասերում, որոնցից մեկն էլ օրինակ Ալթայի երբեմնի աքսորավայրերն են: Իհարկե շտապելով հեռանալ մեր երկրից` նախապես ոչ բոլորն են տեղյակ լինում, թե որտեղ են ապրելու:

Մարդկանց հեռանալու պատճառները տարբեր են, բայց բոլորը կախված են սոցիալական խնդիրների հետ: Մեկի աշխատավարձը չի բավականացնում, մեկը չի կարողանում աշխատանք գտնել, մյուսը իր հաշմանդամություն ունեցող երեխայի կարիքները մեր երկրում լուծել չի կարողանում:

25-ամյա Հասմիկ Սարգսյանը մեծ ցանկություն ունի հեռանալու և արտերկրում գտնելու իր համար աշխատանք: «Այստեղ յուրաքանչյուր աշխատատեղ պահանջում է աշխատանքային փորձ` չհասկանալով, որ աշխատանքային փորձ ունենալու համար անհրաժեշտ է ընդունել աշխատանքի»,-հիասթափված նշում է Հասմիկը, ով արդեն երկար ժամանակ է չի կարողանում իր մասնագիտությամբ նորմալ աշխատանք գտնել:

45-ամյա Լիլիա Աբրահամյանն էլ արդեն որքան ժամանակ փորձում է իր երեխաների հետ մեկնել Ռուսաստան ամուսնու մոտ, քանի որ այստեղ չի կարողանում իր առողջական խնդիրներ ունեցող երեխայի բուժումն իրականացնել, քանի որ հազիվ է իր նվազագաույն աշխատավարձով գոյատևում:

Մասնագիտությամբ բանասեր Արմինե Պողոսյանը, ով պարբերաբար մեկնում է արտերկիր աշխատելու, ցավով նշում է. «Իրականում ոչ մեկ չի ցանկանում իր ընտանիքը, հարազատներին թողնել, մեկնել ու օտար դռներում աշխատանք գտնել: Հաճախ եմ լսում, որ ոմանք քննադատում են հեռանալու համար` մտածելով, թե փախչում ենք  Հայաստանից: Իրականում խնդիրը գոյության կռվի մեջ է, եթե այստեղ էլ կատարած աշխատանքի համար համապատասխան ու բարձր վաստակեինք, կարողանայինք նորմալ ապրել ու ոչ թե գոյատևել, հավատացեք ոչ մեկ չէր ցանկանա հեռանալ մեր հայրենիքից»,- նշում է բանասերը:

Ինչը մարդուն կարող է ստիպել հեռանալ իր բնականոն կյանքից, շրջապատից, լքել իր ընտանիքը, հայրենիքը, որտեղ ծնվել ու մեծացել է, և մեկնել օտար երկիր: Բնականաբար շատերին է տանջում այս խնդիրը և ոչ բոլորն են համարձակվում թողնել ու հեռանալ:

Մենք բոլորս պետք է հիշենք, որ մեր հայրենիքը Հայաստանն է, որը բացառիկ երկիր է իր հին ու ուրույն մշակույթով: Մեր բոլորի պարտքն է պահպանել մեր երկիրն ու մշակույթը: Եվ հաճախ հեռանալու փոխարեն պետք է փորձենք  գտնել այլ տարբերակներ:

 

Կարինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել