ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ԼԱՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

1462

Մայիսի 20-ին «Արմենպրես» մամուլի սրահում կայացավ Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանի մամլո ասուլիսը:

Աստղաֆիզիկոսը խոսեց աստղադիտարանի խնդիրների մասին և հորդորեց լավագույն ուսանողներին աշխատել իրենց մոտ:

«Գիտության առավելությունն այն է, որ եթե մենք չենք փորձի տնտեսությամբ համեմատվել  Գերմանիայի կամ ԱՄՆ-ի հետ, ապա այս դեպքում կարող ենք համեմատվել ցանկացած երկրի հետ»,-ասաց աստղագետը և հավելեց, որ եթե Չինաստանում մեկ միլիոնից մեկն է խելացի, ապա մեզ մոտ խելացի է հազարից մեկը:

Բյուրականի աստղադիտարանում աշխատում է քառասուն մասնագետ, մինչդեռ Խորհրդային միության տարիներին մասնագետների թիվը հասնում էր 150-ի:

«Մեր երիտասարդները միջինում 250-ից 300 հազար դրամ են ստանում: Մենք ունենք թվայնացման նախագիծ, որտեղ լրացուցիչ գումարներ կարող են ստանալ. 2,6 մետրանոց աստղադիտակի վրա աշխատելու դեպքում յուրաքանչյուր երիտասարդ կստանա հավելյալ հարյուր հազար դրամ»,- իր ծրագիրը համառոտ ներկայացրեց պրն Միքայելյանը:

Բյուրականի աստղադիտարանը աշխարհի հիսուն լավագույնների ցանկում է: Թեև նախկինում այդ ցուցանիշն ավելի բարձր էր, սակայն դա չի խանգարում, որ հայ աստղագետները  հայտնագործություններ կատարեն:

Արեգ Միքայելյանը նշեց, որ վերջին երկու տարում իրենք հայտնաբերել են հիմնականում  նոր, երիտասարդ աստղեր:

Գիտնականը կարծում է, որ աստղադիտարանը լավագույն ընտրությունը կարող է դառնալ համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Նրանք ևս կարող են բացահայտումներ անել և աշխարհին նոր բան ներկայացնել:

 

Էլինե Պողոսյան

2-րդ կուրս

Կիսվել