ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՁՈՐԱԳՅՈՒՂ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՁՈՐԱԳՅՈՒՂ

418

Սևանի ափին՝ ձորերի մեջ է իմ գյուղը, որ առաջներում Շողակա կամ Շողվակ անունն էր կրում։ Մատենագրական տվյալներում մեր մասին հիշատակվում է 980-կաններին Հովհաննես 6-րդ կաթողիկոս Դրաստխանակերտցու արձանագրություններում։ Սակայն պատմության շարունակությունը մեր օգտին չեղավ՝ պարսիկների տիրապետություն տեսանք, գյուղս էլ անվանափոխեցին՝ կոչելով Վալի Աղալու կավ Վայլաղալու, հետո էլ մահմեդականները եկան ու մեզ քշեցին։ Այսպես էր միչև 1828 թվականը, երբ մենք Ալաշկերտի Չլկանի գյուղից եկանք ու վերաբնակեցրինք գյուղը։ 1828-30-ական թվականներին 56 տնտեսություն կար գյուղում՝ 162 տղամարդ,160 կին,իսկ 1921-ին մեր գյուղը վերջապես գեղեցիկ ու հայեցի անուն ստացավ՝ Ձորագյուղ։

Հիմա արդեն շատացել ենք՝ հինգ հազարից ավելի բնակչություն ունենք, բայց թե կուզեք բոլորին տեսնել, ստիպված կլինեք ձմռանը գալ՝ ամռանը գյուղում միայն ծերերն ու կանայք են, տղամարդիկ, հայերեն ասած, «խոպան» են գնում, բա էլ ի՞նչ անենք, ի՞մալ աբրինք։

Ասել, որ գյուղում կնոջ ուսերին մեծ պարտականություն է դրված, նշանակում է ոչինչ չասել։ Տնաշեն ու տնաստեղծ են մեր մայրերը, խոհանոցում՝ ստեղծագործ, իսկ առհասարակ` հողագործ։ Կարտոֆիլ ենք շատ ցանում,ավելի ճիշտ՝ կառտոլ, գարնանից մինչև աշուն ընկած ժամանակն էլ հաշվում ենք կարտոֆիլի մշակման փուլերով։

Գյուղի կենտրոնում՝ բարձունիքի վրա, Ալաշկերտից բերված մի խաչքար ունենք, որին գյուղացիները կես կատակ, կես լուրջ հակակարկտային կայան են ասում։ Եվ իրոք, կարկուտը մեզ դեռ երբեք չի վնասել։ Ուղղակի մի խնդիր ունենք․պարարտանյութը շատ է թանկ, իսկ կարտոֆիլն էլ գին չունի, ասում են էլի է իջնելու։ «Օգուտն ու վնաս իրար չբռնա, մյուս տարի էլ ոչլե կցանիմ, մեր ուդելու համար կցանիմ, հերիքա»,-սա ձորագյուղցու առօրյա գանգատներից է։

Լինում է, որ ընտրություններից ընտրություն մեզ էժան պարարտանյութ են խոստանում, բայց ոչինչ, թող խոստանան, մեկ է դրանից մեր կառտոլի համը չի տուժում։

Ի դեպ, պետք է ասեմ, որ մենք հավատացյալ ժողովուրդ ենք։ Եթե Անին հազար ու մի եկեղեցիների քաղաք էր, մերն էլ հազար ու մի սրբատեղիների գյուղ է։ Ուսման հետ էլ սեր ունենք․ գյուղում երկու դպրոց է գործում, շրջանավարտների մեծ մասն էլ ընդունվում են ԲՈՒՀ-եր։

«Մգա լավա, ումուդ, առաջ ի՞նչ կար, նեղություն, զրկություն, իմ ճժեր մեկը մյուսի շորով դբրոց կերթեն, մգա էլ շեն աշխարհ, էսօրվա շոր էլ լուսուն չհակնին»,- Ժենիկ տատս է միշտ ասում։ Ես երբեք չեմ հասկացել՝սովետի տարիներին լավ էր, թե՞ վատ, որովհետև այս խոսքերին միշտ ավելացնում է,- «բայց էն ժամանակ, նամուս կար, թասիբ կար, մարդիկ ուրախ էին, մգա մեր մանուգ ուրացերա»։ Էհ՜ տատի՛ ջան։

Ի հավելում տատիկիս խոսքերին՝ կասեմ որ նամուսի ու թասիբի «կորստին» կարելի է ավելացնել արտագաղթը. այն մեզ էլ հյուր եկավ։ Գյուղում կողպված տներ շատ կտեսնեք` իրենց չորացած կամ անխնամ ծառերով ու մոլախոտերով պատված բոստաններով, բայց չենք վհատվում՝մերոնք ուրիշ են, մի օր անպայման հետ են գալու։

Որպես բնիկ ձորագյուղցի, կամ ինչպես մյուսներն են մեզ ասում, մարտունեցի, կուզեի մի քիչ էլ պատմել գյուղատնտեսական աշխատանքներից։ Մենք աշխատասեր ժողովուրդ ենք, մեզ մոտ չաշխատելը ամոթ է, իսկ աշխատելը պատվաբեր։ Մի զարմանալի բան էլ ասեմ` մեզ մոտ տան տիկնոջ առողջական վիճակը կարելի է որոշել նրա պահած անասունների քանակից․եթե հավերը քչացել են, իսկ կովը մնացել միայնակ, ուրեմն տիրուհու առողջական վիճակը այդքան էլ լավ չէ։ Եկեք մաղթենք, որ նրանց հավերը երբեք չպակասեն։

Ձմեռն էլ հարսանիքների շրջան է։ Մեզ մոտ ամռանը չեն ամուսնանում, հարգելի պատճառներով, տղամարդկանց մեծ մասը արտերկրում է։ Դե մեր հարսանիքներն էլ՝ մեկը մեկից ճոխ․պարտադիր պայման է, երևի լսած կլինեք։ Բայց դուք երբ էլ գաք, մի էտպիսի սեղան էլ ձեր առաջ կբացենք, մենք սիրում ենք հյուրեր և ուրախությամբ ընդունում։ Դե համեցեք, բարի գալուստ Ձորագյուղ։

 

Կորյուն Սիմոնյան

2-րդ կուրս

 

Կիսվել