ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ

350

Բնության պատկերներ ու գեղեցիկ տեսարաններ, որոնք ակամայից  տեղափոխում են  դիտողին ուրիշ աշխարհ, որտեղ ամեն ինչ կատարյալ է ու գրեթե անթերի` զարմանալի իր հետաքրքիր գույներով, իր տեսակների  բազմազանությամբ: Ահա «Արմափ» արշավական խմբի առօրյան ու գործունեությունը:

«Արմափը» արշավասերների ակումբ է, որի շուրջ հավաքվում են մի խումբ  արկածասեր մարդիկ և պարբերաբար կազմակերպում արշավներ` Հայաստանի  տարբեր ուղղություններով: Ամիսների ընթացքում խումբը համալրվել է նոր  անդամներով և, քանի  որ, մեծացել ու ծավալվել է «Արմափ»-ի գործունեությունը   հասարակության մեջ, այն 2016-ի նոյեմբեր ամսին գրանցվել է որպես «Արմափ  արշավական ակումբ» հասարակական կազմակերպություն:

Այսպիսով, նոր տարում նոր մտադրություններով և նորանոր բարձրունքներ  գրավելու բարձր տրամադրվածությամբ, օրեր առաջ Նարեկացի Արվեստի  Միությունում բացվեց «Չբացահայտված Հայաստան» խորագրով «Արմափ»  արշավախմբի լուսանկարների ցուցահանդեսը: Ֆոտոցուցահանդեսը ներկայացնում  է Հայաստանի բնական ու պատմական հուշարձանները, վայրի բնությունը, հազվագյուտ  ու անհետացող բույսերի ու կենդանիների  լուսանկարները` այսպիսով պատմելով այդ թանկ հարստության մասին:

Ի սկզբանե «Արմափի»-ի նպատակը մեկն է եղել` արշավական մշակույթի զարգացումը Հայաստանում. «Մենք չենք  կազմակերպում տուրիստական արշավներ, մենք փորձում ենք զարգացնել այդ  մշակույթը, և որ ամենակարևորն է` մենք սովորեցնում ենք փորձ չունեցող, բայց շատ ցանկացող մարդկանց ճիշտ ու գրագետ արշավի կազմակերպումն ու անվնաս  շարունակումը»,- ասում է ակումբի փոխնախնախագահ Գոռ Իսկանդարյանը:

Հետագայում, արդեն իսկ ընդլայնվեցին ու մեծացան ակումբի նպատակներն  ու   գործունեության  սահմանները: «Ընդլայնել էկոզբոսշրջության շրջանակները ինչպես  Հայաստանում, այնսպես էլ Արցախում, որն էլ նաև կնպաստի երիտասարդություն և  բնություն կապի մեջ առողջ ապրելակերպին: Նպատակների մեջ մտնում է նաև   սեմինարների և միջազգային գիտաժողովների կազմակերպումը Հայաստանում»,-իր  գործընկերոջ  խոսքին  հավելեց ակումբի   նախագահ  Սոնա  Վարդանյանը: Կազմակերպության շուրջ հետագայում հավաքվեցին մասնագետներ, ովքեր  պատրաստակամ են  հստակ իրականացնել «Արմափ»-ի կողմից  առաջադրված     ծրագրերը:

Մնալ անվնաս ու ամենակարևորը` չիմացության պատճառով չվնասել բնությանը, պաշտպանվել վայրի կենդանիներից  ու  կողմնորոշվել տեղանքում արևի, երկնային  լուսատուների և համաստեղությունների միջոցով՝ խորհուրդներ է տալիս  արշավական ակումբի անվտանգության պատասխանատու Տիգրան Վարդանյանը, ով ոչ միայն պատասխանատու է խմբի անդամների  անվտանգության համար, այլ նաև  սեմինարների, գործնական պարապունքների կազմակերպիչն է:

 

Ջեմմա Հովսեփյան

5-րդ կուրս

 

 

Կիսվել