ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

1689

Դիմահարդարումը յուրաքանչյուր կնոջ անբաժան մասն է։ Կանայք դիմահարդարվում են առավելություններն ընդգծելու և թերությունները վերացնելու նպատակով։ Դիմահարդար Սվետլանա Ինսկանդադյանի համար դիմահարդարումը կոկիկ և պատշաճ արտաքին ունենալու գրավականներից է։

Ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան։

– Ինչպես ցանկացած աղջկա, ինձ ևս դիմահարդարումը գրավել է վաղ հասակից։ Սկզբում ինքս էի դիմահարդարվում, այնուհետև փորձում էի բարեկամներին ու ընկերին դիմահարդարել։ Արդեն 18 տարեկանում որոշեցի հաճախել դիմահարդարման դասընթացների։

Ի՞նչ է պետք լավ դիմահարդար լինելու համար։

– Պետք է չվախենալ ոչնչից, եթե սկզբում ոչինչ չի ստացվում դա դեռ ոչինչ չի նշանակում, միայն ցանկություն ու համարձակություն է պետք առաջ գնալու ու որպես դիմահարդար կատարելագործվելու համար։

Ըստ Ձեզ, լավ դիմահարդար լինելու համար պարտադի՞ր է դասընթացների հաճախելը։

– Պարտադիր չէ, բայց ցանկալի է։ Գեղեցիկը ստեղծելու ջիղը պետք է ներքուստ ունենալ, բայց կան դիմահարդարման վերաբերյալ մի շարք կանոններ, որոնք հնարավոր է սովորել հատուկ դասընթացների շնորհիվ։

Ամռան այս ամիսներին ինչպե՞ս է անհրաժեշտ խնամել մաշկը, և ինչպիսի՞ դիմահարդարում խորհուրդ կտաք։

– Դիմահարդարման թրենդները հաճախ են փոխվում, բայց ամռանն առաջին հերթին պետք է խնամել մաշկը բավական հաճախ՝ և՛ առավոտյան, և՛ կեսօրին, և՛ երեկոյան։ Նախապատվությունը պետք է տալ բնական, թեթև միջոցներին ՝օգտագործելով նվազագույն տոնային կրեմ և ստվերաներկ։

Համամի՞տ եք այն կարծիքի հետ, որ կանայք որքան քիչ են շպարվում, այնքան ավելի գեղեցիկ են։

– Տգեղ կանայք չեն լինում։ Յուրաքանչյուր կին բնական գեղեցկություն ունի։ Շատ կամ քիչ դիմահարդարվելը ճաշակի խնդիր է, ուղղակի կարելի է ճիշտ և նուրբ դիմահարդարման շնորհիվ ընդգծել այն գեղեցկությունը, որը բնականից է առկա։

Ի՞նչ սխալներ են անում աղջիկները դիմահարդարվելիս։

– Չնայած, որ դիմահարդարումը կանանց գեղեցկացնելու համար է, երբեմն լրիվ հակառակն է ստացվում։ Չի կարելի մոռանալ դիմահարդարման հիմնական կանոնների մասին՝ ընդգծել կա՛մ շուրթերը, կա՛մ աչքերը։ Հաճախ տեսնում եմ սևաներկով ընդգծված աչքեր և վառ շրթներկով շուրթեր։ Դա, հատկապես ամռանը, ճիշտ չէ։

Դուք արդեն ճանաչված դիմահարդար եք և անցկացնում եք դիմահարդարման դասընթացներ։ Ի՞նչ եք փորձում փոխանցել այն աղջիկներին, ովքեր առաջին քայլերն են անում այդ ասպարեզում։

– Դիմահարդարման դասընթացի շրջանակում փորձում եմ ծանոթացնել դիմահարդարման կանոններին և, որ ավելի կարևոր է պրակտիկ գիտելիքներ եմ փոխանցում նրանց։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել