ԱՂԲԸ ԳԵՏՆԻՆ ՆԵՏԵԼԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԱՂԲԸ ԳԵՏՆԻՆ ՆԵՏԵԼԸ ԽՈՍՈՒՄ Է ՄԵՐ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

393

Մենք բոլորս էլ ակամայից աղբ արտադրող ենք: Մեզանից յուրանքանչյուրը պատասխանատու է շրջակա միջավայրի մաքրության համար: Աղբի կուտակման և աղբահանության խնդիր ունեն գրեթե բոլոր պետությունները, այլ հարց է, թե ամեն երկրում ինչպես են փորձում կանխել դրա հետևանքները: Թափոնների կառավարման հարցում խելամիտ մոտեցումն առայժմ բացակայում է Հայաստանում: Հայաստանի 60 աղբավայրերից ոչ մեկում աղբի տեսակավորում և վերամշակում չի արվում: Փոխարենը հավաքված աղբը կուտակում և տեղափոխում են Նուբարաշենի, Ջրվեժի և Մասիսի աղբավայրերում: Մնալով արևի տակ, աղբը նեխում է, արտադրելով մեթան գազ, որը զգալի վնասներ է պատճառում շրջակա միջավայրին: Մի՞թե սա խնդրի լուծում է: Ովքե՞ր են պատասխանատու այս խնդրի լուծման համար և ի՞նչ միջոցներ են ձեռք առնում:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն` Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են ավելի քան 12 մասնագիտացված ընկերությունների կողմից, թվով 1600 աշխատակիցների և 408 միավոր հատուկ նշանակության մեքենաների միջոցով: Աղբահանությունը կատարվում է 4876 բազմաբնակարան շենքերից և մոտ 53000 մասնավոր տնատիրություններից: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տոննա կենցաղային աղբ: Վիճակագրությունը տպավորիչ է, սակայն արդյունքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 44 հասցեում իսկական աղբանոց է գոյացել: Բնակիչների խոսքով Աղբը տարհանում են 2-3 շաբաթը մեկ անգամ, ինչի հետևանքով էլ շենքի տարածքում սկսել են առնետներ վխտալ:

-Երեխաներիս արգելում եմ բակ իջնել, կուտակված աղբի գարշահոտությունն ուղղակի անտանելի է, անգամ վերելակից չենք օգտվում, առնետներն ամենուրեք են: Եթե ժամանակին գան աղբը մաքրելու, այպսիսի հետևանքներ չեն լինի, – նշեց շենքի բնակիչներից մեկը:

Ի վերջո գարշահոտությունից ու առնետներից բացի, աղտոտված միջավայրը կարող է առաջացնել նաև մի շարք առողջական խնդիրներ:

-էկոլոգիական խնդիրները կարող են լուրջ ազդեցություն թողնել մարդու առողջության վրա: Այն ջուրը, որ խմում ենք, այն օդը, որ շնչում ենք, այն սնունը, որ ուտում ենք, կարող են պարունակել շատ վնասակար նյութեր: Թունավոր թափոնները կարող են մահաբեր կամ լուրջ հիվանդությունների պատճառ հանդիսանալ, օրինակ` այրվածք, շնչառական ուղիների հիվանդություններ, քաղցկեղ, գենետիկական մուտացիաներ, -նշեց Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Սաթենիկ Գափոյանը:

Որքան էլ, որ համապատասխան մարմինները զբաղվեն այս հարցով, արյունքը նկատելի չի լինի, քանի դեռ մենք ինքներս չենք սկել մտահոգվել մեր քաղաքի մաքրության խնդրով: Այսօր ամեն քայլափոխի կարելի է տեսնել աղբամաններ, բայց դրա հետ մեկտեղ` նրա շուրջը հավաքված աղբի մնացորդներ:

Երևանի բարեկամության մետրոյին հարակից գետնանցումում միրգ վաճառող կինը խոստովանեց, որ բազմիցս նկատել է, թե ինչպես են անցորդները առանց ամաչելու ձեռքի տակ եղած աղբը նետում այս ու այն կողմ, ցույց տալով իրենց դաստիարակությունը:

-Հաճախ եմ նկատում, ինչպես են անցորդները աղբը նետում դեպի աղբամանը, բայց ոչ միշտ է այն հայտնվում իր տեղում, մարդիկ ալարում են անգամ իրենք գցածը վերցնել և աղբամանը նետել, ուր մնաց թե ուրիշի թափածը հավաքեն: Երբեմն նկատողություն եմ անում, հիշեցնում աղբամանի «ֆունկցիան», բայց ինչքան կարող ես ամեն անցորդի հետևից քարոզներ կարդալ, եթե մարդիկ չեն գիտակցում, որ հենց իրենք են պատասխանատու գետնին թափված աղբի համար:

 

Աշխեն Սարգսյան

5-րդ կուրս

Կիսվել