Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

Ի՞ՆՉՊԵՍ ՎԱՐՎԵԼ ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՀԵՏՈ

1742

Վարորդները հաճախ չեն կարողանում խուսափել ավտովթարներից: Սակայն ոչ ոչ բոլորն են տեղյակ, թե ինչպես պետք է վարվեն պատահարից հետո: Զրուցելով Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի Գործադիր Տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանի հետ, պարզեցինք թե ավտովթարից հետո ինչ գործողություններ պետք է կատարվեն:

Գոյություն ունի՞ ժամանակահատված ավտովթարից հետո, երբ վարորդը պետք է դիմի Ապահովագրական ընկերություն:

– Վարորդները պատահարը տեղի ունենալուց հետո պետք է ծանուցեն իրենց Ապահովագրական ընկերություններին պատահարի մասին: ԱՊՊԱ-ի մասով դա պետք է լինի պատահարից հետո 40 րոպեի ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է տուժողի կողմից Ապահովագրական ընկերություն դիմելուն, ապա դրա համար նույնպես սահմանված է ժամանակահատված: Պատահարը տեղի ունենալուց հետո եռամսյա ժամկետում տուժողը պետք է դիմի Ապահովագրական ընկերություն, հատուցում ստանալու համար: Եռամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում պետք է հիմնավորի հարգելի լինելու հանգամանքը: Եթե անհարգելի բաց թողած լինի, ապա կզրկվի իր հատուցումից:

Ո՞ր Ապահովագրական ընկերություններն են հատուցում և գույքային և անձնական վնասների համար:

-Ապահովագրական ընկերությունների կողմից հատուցման ենթակա են տուժողին պատճառված անձնական վնասները և գույքին պատճառված վնասները: Գոյություն ունեն Ապահովագրական ընկերություններ, օրինակ ` Առողջության Ապահովագրությամբ ապահովագրվում է միայն առողջությունը, Casco  ապահովագրությունով` ավտոմեքենային պատճառված վնասները և այլն: Այսինքն Ապահովագրատեսակից է կախված թե որ վնասի համար է հատուցվում:

Ինչպե՞ս է Ապահովագրական ընկերությունը հաշվում անձնական և գույքային վնասների գումարային հատուցումը:

– ԱՊՊԱ-ի մասով գույքին պատճառված վնասները գնահատում են Բյուրոյի կողմից որակավորված փորձագետները: Նրանք գնահատում են վնասը, որի հիման վրա Ապահովագրական ընկերությունը հատուցում է վճարում: Անձնական վնասները հաշվարկվում են հաշվի առնելով բժշկական ծախսերը, այսինքն բժիշկը տրամադրում է համապատասխան տեղեկանքներ, վճարման հետ կապված համապատասխան փաստաթղթեր, որի հիման վրա որոշվում է թե անձը իր բուժման ուղղությամբ ինչ ծախսեր է կատարել: Այդ փաստաթղթերի հիման վրա որոշվում է այդ ծախսերը պետք է հատուցվեն, թե ոչ: Այլ Ապահովագրատեսակներում ևս կան փորձագետներ, ովքեր գույքին պատճառված վնասներն են որոշում: Անձնականը, միշտ որպես կանոն, բժշկական հաստատություններն են որոշում:

Եթե տեղի է ունեցել ոչ մեծ վնասներով ավտովթար, և վարորդը ինքնակամ հրաժարվում է ԱՊՊԱ ընկերության օգնությունից, դա ազդու՞մ է հետագայում նրա վճարած այն գումարի վրա, որը սահմանված է պայմանագրով:

– Եթե տուժողը Ապահովագրի հետ գա համաձայնության` հաշվի առնելով որ գումարը մեծ չէ, և վնաս պատճառողը կարող է իր միջոցներով հատուցել, բնականաբար դա չի ազդի իր ապահովագրական ընկերության հետագայում իր կողմից կնքվող պայմանագրերի ապահովագրավճարի հետ:

Ապրիլի 1-ից գործող նոր կարգի համաձայն տուժող ավտոսեփականատերերն Ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն ոչ թե վնաս պատճառող կողմի Ապահովագրական ընկերությանը այլ հենց իրենց Ապահովագրական ընկերությանը: Այս մեկ ու կես ամսվա ընթացքում գրանցվել՞ են  այս կարգին համապատասխանող դեպքեր:

– Ապրիլի 1-ից բոլոր դեպքերը իրականացվում են համաձայն նոր կարգավորումների: Տուժած վարորդները դիմում են իրենց Ապահովագրական ընկերությանը և իրենք են փոխհատուցում տրամադրում, հետագայում վնաս պատճառող կողմի Ապահովագրական ընկերությունից հետ ստանալով իրենց վճարած գումարները, համապատասխան բանաձևի հիման վրա: Սակայն դեռևս վաղ է ինչ որ եզրակացություններ անել, բայց առաջին հայացքից կարող ենք ասել, որ մեր սպասելիքները արդարանում են, այսինքն սպասարկման որակը բարձրանում է: Բնականաբար ընկերությունների միջև արդեն մրցակցություն է առաջացել: Յուրաքանչյուրը ձգտում է իր հաճախորդին լավ սպասարկել, որպեսզի հաջորդ տարի իր հետ պայմանագիր կնքեն:

 

Աննա Վասիլյան

3-րդ կուրս

Կիսվել