ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ` ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ‹‹ՄԻՋՈՑ››

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ` ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ‹‹ՄԻՋՈՑ››

1856

Հեռուստատեսային հաղորդումներն այսօր դարձել են մերօրյա անբաժան ընկերները, ավելին` հեռուստատեսությունն է հաճախ թելադրում մեր օրակարգը, որին էլ մարդը կամա-ակամա ենթարկվում է: Ուստի շատ կարևոր է, թե ինչ ենք մենք հաճախ դիտում, և որքանով է դա ազդում մեր աշխարհայացքի ձևավորման վրա: Փորձեցինք անցկացնել լրագրողական հարցում, որի արդյունքում պարզ դարձավ, որ մեր համաքաղաքացիները հիմնականում նախապատվությունը տալիս են սոցիալական հաղորդումներին. ‹‹Հաճախ նայում եմ էն բոլոր հաղորդումները, որոնք ինչ-որ սոցիալական խնդիր են վերհանում››: Որոշակի ռակուրսով և որակով ներկայացնելով տարբեր ոլորտներում առկա սոցիալական խնդիրները, մարդկային հարաբերություններն ու վարքաձևերը՝ հեռուստատեսությունը մասնակցում է դրանց հիմքում ընկած արժեքների ու գաղափարների տարածմանը, որով էլ շատ հեշտ ձեռք է բերում մեծ լսարան և այն պահում ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ մարդկանց մեծամասնությունը հենց նմանատիպ հաղորդումների սիրահար է:

Հոգեբան-հոգերվերլուծաբան Սաթեն Գրիգորյանը կարծում է, որ սոցիալական հաղորդումները մեծ տեղ են տրվում մեր հասարակությունում, որովհետև դրանք անդրադառնում են մասսայական հնչեղություն ունեցող թեմաների. ‹‹Սոցիալական հաղորդումներում անքննելի է հատկապես լրագրողի դերը, քանի որ սոցիալական խնդիրների անդրադարձն ամենաարդիական և խոցելի թեմաներից է համարվում մերօրյա հեռուստաեթերում: Նմանատիպ հաղորդումների առաջնային նպատակը պետք է լինի  ամենասուր բացթողումներին անդրադառնալը: Ենթադրվում է, որ գրագետ կառուցված հեռուստահաղորդումներն անմիջականորեն կապ ունեն հեռուստաալիքի վարկանիշի հետ, քանի որ կարող են ինչպես դրական, այլնպես էլ բացասական տեսանկյունից անդրադառնալ հեռուստաալիքի դիտելիության վրա, ուստի կարևոր է նաև հաղորդավարի մասնագիտական պատրաստվածությունը, ազդեցիկ խոսքը, գրագետ իմիջը»։

Թե որքանո՞վ են սոցիալական հաղորդումները նպաստում մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, հոգեբանը պատասխանեց. ‹‹Ցանկացած նմանատիպ հաղորդում նպատակ ունի լուծում տալու առաջադրված կոնկրետ խնդիրներին: Մեր հեռուստաեթերում հիմնականում ականատես ենք լինում խնդիրների բարձրացմանը, և լուծում, որպես այդպիսին, հաճախ ենք հանդիպում, ինչը շատ գովելի է, քանի որ մարդիկ գիտակցում են, որ իրենց ձեռք մեկնողներ միշտ էլ լինում են››:

Անդրադառնալով սոցիալական հաղորդումներին պիտի նշենք, որ  հասարակական մեծ հնչեղություն են վայելում ‹‹Սուր անկյուն›› հաղորդումն ու ‹‹Կիսաբաց լուսամուտներ›› հաղորդաշարը:

‹‹Կիսաբաց լուսամուտներ›› հաղորդման ընթացքում ներկայացվում են սոցիալական խնդիրներին առնչվող տարբեր պատմություններ, որոնց պետք է տրվեն պատասխաններ, խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն և մարդկային ճակատագրեր, որոնք օգնության կարիք ունեն: Հաղորդման ընթացքում ներկայացվում են, այնպիսի պատմություններ, որոնք բնույթով հիմնականում սկանդալային են: Օրինակ` ամուսնալուծության գործընթացներ, ընտանեկան բռնություններ, անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ, զրկում ծնողական իրավունքից, սոցիալական վարքի շեղումներ և այլն: Խնդիրը բարձրաձայնվում է և հրավիրված մասնագետները փորձում են տալ տվյալ հարցին համապատասխան լուծում: Այնուամենայնիվ, հաճախ հաղորդումը մատուցվում է այնպես, որ նպատակը լինում է ոչ թե քաղաքացիների խնդիրներին լուծում տալը, այլ հաղորդումը ավելի դիտարժան կամ վարկանշային դարձնելը: Արդյունքում հաճախ այն արվում է անհաջող և ոչ գրագետ, քանզի ծաղրի են ենթարկվում հաղորդման հերոսների զգացմունքերը և ընտանեկան կյանքը:  Անշուշտ, չի կարելի բացառել այն եզակի դեպքերը, երբ հաղորդման շրջանակներում սոցիալական խնդիրներին տրվել են շուտափույթ օժանդակություն: Անկախ հաղորդման վատ կամ լավ որակից, այն ունի մեծ վարկանիշ։

Հատկանշական է նաև հաղորդավարի պատրաստվածությունը, որովհետև ճիշտ հարցադրումներով նա կարողանում է դիպուկ անդրադարձ կատարել այն խնդիրներին, որոնց մասին գնում է խոսքը. ‹‹Սոցիալապես ծանր պայմաններում ապրող մարդկանց պատմություններն առանձնահատուկ նրբանկատություն են պահանջում: Սոցիալական խնդիրների ճիշտ մատուցումն անպայման հեռուստադիտողի մեջ հետք է թողնում: Եթե լրագրողը կարողանում է հասկանալ տվյալ մարդու հոգեբանությունը, բնականաբար, նաև ճիշտ կարողանում է ներկայացնել տվյալ մարդուն››,- մեկնաբանում է հոգեբանը։

«Սուր անկյուն»  հաղորդման ընթացքում ներկայացվում են աղմկահարույց ու նշանակալից դեպքերը վկաների աչքերով, փաստերի հիման վրա: Հաղորդումը նպատակաուղղված է ներկայացնել երկրին սպառնացող բոլոր այն խնդիրները, որոնք անտեսվում են մնացած լրատվամիջոցների, ինչպես նաև կառավարության  կողմից: Հաղորդաշարի ստեղծագործական խմբի հավատամքը խելք, սիրտ, հոգի գաղափարախոսությունն է: Ըստ մեր դիտարկման, հաղորդումն ինքնին լավ է կառուցված, սակայն լրագրողի խոսքն ու տոնայնությունն արտահայտում են բացահայտ խղճահարություն տվյալ սոցիալական խավի հանդեպ, ինչն էթիկական մեծ բացթողում է. ‹‹Լրագրողը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ գործ ունի թիրախային խմբի հետ և հաղորդման ընթացքում խոսքը կառուցի այնպես, որ այն ոչ մի դեպքում խղճահարության նոտաներ չպարունակի, որովհետև այդ դեպքում կտրուկ մեծանում է մասնավորապես երեխաների հանդեպ հասակակիցների հետագա շեշտված վերաբերմունքի սթրեսածին ազդեցությունը››,- կարծում է հոգեբանը։

Գաղտնիք չէ, որ սոցիալական հաղորդումներն ավելի դիտարժան են դառնում, երբ կիզակենտրոնում են հայտնվում երեխաները, ովքեր խոցելի շերտն են մեր հասարակության: Նման հաղորդումներից կարող ենք նշել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եթե բոլորը…» հաղորդումը, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնել Հայաստանում և Արցախում բնակվող տարբեր առողջական խնդիրներ ունեցող երեխաների կյանքի պատմությունը, առօրյան, նախասիրությունները, որոնք ապրում են մեր կողքին: Հաղորդման կառուցվածքն այսպիսին է՝ հաշմանդամություն ունեցող երեխան ծնողների կամ այլ հարազատների հետ գալիս է հեռուստաընկերության տաղավար: Նրանք հիմնականում ծանր վիճակում գտնվող երեխաներ են: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման ժամանակ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարներն ուղղվում են երեխաների բուժմանը:

Հաշմանդամության խնդրի լուսաբանման սկզբունքները տարիներ շարունակ մշակվել են հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք աշխատել են ԶԼՄ-ների հետ: Ներկայիս աշխարհում լրագրողների համար առաջնային պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ գործակցելը, նրանց փորձի ուսումնասիրությունն ու ընդհանրացումը. ‹‹Պետք չէ ծայրահեղորեն կենտրոնանալ մարդու ֆիզիկական խնդրի վրա: Անհրաժեշտ է ցուցադրել մարդկանց հնարավորությունները, խոսել նրանց՝ հասարակության լիարժեք անդամներ դառնալու կարևորության մասին։ Կրթություն, մասնագիտություն ստանալու հավասար հնարավորությունների, համապատասխան տեխնիկական պայմանների և սոցիալական ծառայությունների առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են մեծ օգուտ բերել իրենց ընտանիքներին և հասարակությանը››,- եզրափակեց իր խոսքը հոգեբան Սաթեն Գրիգորյանը։

Հեռուստաէկրանը դարձել է ընտանիքի միավորման կենտրոնը. էկրանի առջև միջին վիճակագրական մարդն ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան այլ վայրերում: Հեռուստատեսությունն է դարձել մարդկանց զրույցի նյութ տվող հիմնական աղբյուրը, և այն իրադարձությունները դարձնում է առաջնային և երկրորդական: Ուստի շատ կարևոր է հանդես գալ այնպիսի հաղորդումներով, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ մարդկանց վրա, հատկապես, երբ խոսքը սոցիալական հաղորդումների մասին է, որոնք, ինչպես նկատեցինք, մերօրյա իրականության մեջ մեծ նշանակություն և տարածում ունեն:

 

Զարինե Հունանյան

5–րդ կուրս

Կիսվել