ԱՊՐԻԼՅԱՆ 100 ԾԱՂԻԿ

ԱՊՐԻԼՅԱՆ 100 ԾԱՂԻԿ

278

Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ գեղանկարիչ Արմեն Գալումյանի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը կրում էր «Ապրիլյան 100 ծաղիկ» խորագիրը։ Այն նվիրված էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։

Հայ ժողովրդի ուժը, նրա հենասյունն ու պաշտպանը հայոց բանակն է ու այն անձնուրաց տղաները, ովքեր զոհ դարձան ապրիլյան պատերազմում։ Քառօրյա ազատամարտի հերոսների գործած սխրանքն անմահ է։

Արմեն Գալումյանն իր նկարների միջոցով փորձել է խոսել նրանց հետ ու ասել, թե որքան է նրանցով հպարտանում և որքան երախտապարտ է նրանց։

«Ես հանրությանն եմ ներկայացնում այդ օրերին ապրած ցավից ծնված գործերս», – նշում է գեղանկարիչը։

Մեր պարտքն է հիշել, գնահատել ու հերոսացնել բոլոր այն երիտասարդ, բայց քաջ տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի, հանուն այսօրվա և վաղվա սերունդների։

Հավելենք նաև, որ Արմեն Գալումյանը սովորել է Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանում, ապա Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում։1993 թվականին ստեղծագործական գործունեություն է ծավալել Մոսկվայում, 1998-99թթ.՝ Գերմանիայում, 2000 – 2001թթ.՝ Չեխիայում, 2001-2002թթ.՝ Մոլդովայում։

Նա վերջում հույս հայտնեց, որ երբևէ չի կրկնվի ապրիլյան պատերազմն ու խաղաղ երկնքի տակ կապրի հայ ժողովուրդը, որ չի լինի մոր լացն ու կնոջ սևազգեստ հագուստը։

Ցուցահանդեսի վերջում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված հեղինակային կատարմամբ հանդես եկավ երգահան Էդուարդ Զորիկյանը:

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել