«ՈՐՔԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՂՔԱՏ Է, ԻՆՔՆ ԱՅԴՔԱՆ ԽՈՑԵԼԻ Է»,- ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ...

«ՈՐՔԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՂՔԱՏ Է, ԻՆՔՆ ԱՅԴՔԱՆ ԽՈՑԵԼԻ Է»,- ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԷԴՈՒԱՐԴ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

403

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որը Հայաստանում նշվում է 1992 թվականից, երբ միացել է ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային: Այնուհետև, 1996 թվականի մայիսի 29-ին Հայաստանն ընդունեց «Երեխաների իրավունքների մասին» օրենքը:

Ինչու՞ են երեխաների իրավունքներն առանձնացված մարդու իրավունքներից, Հայաստանում որքանո՞վ են պաշտպանված երեխաների իրավունքները, և օրենսդրական ի՞նչ բացթողումներ կան երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում. այս և այլ հարցերի շուրջ խոսեցինք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի հետ:

– Ի՞նչ ասել է «երեխաների իրավունք», ո՞ր օրենքով է սահմանվում և ի՞նչ է սահմանում։

– Երեխաների իրավունքները առաջին հերթին սահմանվում են «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով, որն ուժի մեջ է մտել 1990 թվականի սեպտեմբերի 2-ին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք սահմանում են 0-18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները։ Կան նաև երեխաների իրավունքներին վերաբերող բազմաթիվ այլ օրենքներ, բայց հիմնական և ամենակարևոր փաստաթղթերը «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան և ՀՀ օրենքն են։

– Ինչու՞ են երեխաների իրավունքներն առանձնացված մարդու իրավունքներից։

– Երեխաները ունեն նույն իրավունքները, ինչ մեծահասակները, ուղղակի նրանք ավելի խոցելի են, և նրանց իրավունքների պաշտպանությունն ունի մի շարք առանձնահատկություններ։ Օրինակ՝ շատ երկրներում կան երեխաների համար արդարադատության հարմարեցված համակարգ, որը բավականին տարբերվում է մեծահասակների համար նախատեսված համակարգից։ Ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի՝ չի կարելի անչափահաս դատապարտյալներին, որպես պատժի միջոց, մեկուսարան ուղարկել։ Շատ դեպքերում երեխաները չեն կարող պայքարել իրենց իրավունքների համար։ Կան երկրներ, որոնց օրենսդրությունը թույլատրում է երեխաներին որոշակի տարիքից հետո աշխատել, բայց հստակ նշվում է, որ նրանք չեն կարող կատարել այնպիսի աշխատանք, որը կարող է վնաս պատճառել նրանց առողջությանը։

– Պարո՛ն Իսրայելյան, որքանո՞վ են Հայաստանում պաշտպանված երեխաների իրավունքները։

– ՀՀ-ն, երբ միացել է ՄԱԿ-ի «Երեխաների մասին կոնվենցիա»-ին, պարտավորվել է որոշ ժամանակ անց զեկույց ներկայացնել, թե ինչպես են իրականացվում կոնվենցիայով սահմանված դրույթները։ Վերջին զեկույցի քննումը եղավ 2013 թվականին, և հենց այդ ժամանակ ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն տվեց իր եզրափակիչ դիտարկումները։ Այնտեղ հստակ առանձնացված էր, թե որ ոլորտում և ինչ խնդիրներ կան, ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն դրանք լուծելու համար։ Կարող եմ ասել, որ բոլոր ոլորտներում էլ խնդիրներ կան։

– Երեխաների ծնողները հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում Օմբուդսմենին։

-Խնդիրները բազմազան են, սակայն մեզ ուղղված բողոքների մեծ մասը հիմնականում վերաբերում է ամուսնալուծության դեպքում երեխաների տեսակցության հետ կապված խնդրին։ Կարևոր է նշել, որ ըստ մեր օրենսդրության՝ երեխան իրավունք ունի շփվելու իր երկու ծնողների հետ, անգամ այն դեպքում, երբ ծնողները համատեղ չեն բնակվում։

– Սոցիալական ո՞ր խմբի երեխաներն են հիմնականում ավելի խոցելի։

– Որքան երեխայի ընտանիքն աղքատ է, ինքն այդքան խոցելի կարող է լինել, սակայն միայն սա չի կարող պատճառ լինել։ Երեխան կարող է լինել բավականին լավ ապահովված ընտանիքից, սակայն նրա իրավունքները նույնպես կարող են ոտնահարվել։ Կարևոր է նշել, որ խոցելիությունը մեծացնում է երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը։ Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ ԱՎԾ-ն (Ազգային վիճակագրական ծառայություն) հրապարակեց մի զեկույց, որտեղ նշված էր, որ ՀՀ-ում 52 հազար աշխատող երեխա կա, ինչը նշանակում է, որ այդ երեխաների ընտանիքների մեծ մասն ապրում է սոցիալապես վատ պայմաններում, և նրանք ստիպված են աշխատում։ Այս դեպքերում մեծ է հավանականությունը, որ երեխաների իրավունքները կարող են ոտնահարվել, քանի որ նրանցից շատերը աշխատում են իրենց կյանքի համար վտանգ սպառնացող միջավայրում և առանց պայմանագրի, ինչպես նշված է այդ զեկույցում։

– Օրենսդրական ոլորտում ի՞նչ բացթողումների կան։

– Բացթողումները շատ են։ Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի տարեկան զեկույցում առանձին բաժին կա, որը վերաբերում է երեխաների իրավունքներին։ Նախ նշված են այն հիմնական ոլորտները, որտեղ Օմբուդսմենը անդրադարձել է այդ ոլորտների իրավական-օրենսդրական բացթողումներին։ Մենք ունենք աշխատանքային մի խումբ, որը փոքրիկ հետազոտություն էր անցկացնում՝ կապված խնամակալության և հոգաբարձության մարմինների ու հանձնաժողովների գործունեության հետ։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ մեզ մոտ հենց հանձնաժողովի գործունեությանը վերաբերող բավականին շատ խնդիրներ կան։ Հետևաբար կարող եմ ասել, որ բոլոր ոլորտներում էլ կան խնդիրներ ու բացթողումներ, որոնք լուծելու և լրացնելու համար համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

– Երեխաներին իրենց իրավունքների մասին իրազեկելու համար կազմակերպվու՞մ են արդյոք համապատասխան հանդիպումներ։

– Հասարակական տարբեր կազմակերպություններ իրականացնում են նման հանդիպումներ, իսկ կոնկրետ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմը բազմաթիվ անգամ հյուրընկալել է ՀՀ տարբեր մարզերի դպրոցականների։ Նրանք հանդիպել են ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ ողջ աշխատակազմի հետ՝ այդ ընթացում ծանոթանալով իրենց իրավունքներին։ Մենք փորձում ենք նման ձևով երեխաներին տեղեկացնել իրենց իրավունքների մասին, քանի որ ուղղակի ֆիզիկապես չենք կարող ՀՀ-ի 1400 դպրոցներ այցելել։ Բայց և այնպես` տարբեր դպրոցներ այցելություններ պարբերաբար կատարում ենք։ Այս տարի՝ ապրիլին, Սյունքի մարզ այցելեցինք ու մի քանի գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցչական կազմի հետ հանդիպում ունեցանք և քննարկեցինք երեխաների իրավունքների հետ առնչվող մի շարք հարցեր։

 

Հարազրույցը` Տաթև Գևորգյանի

2-րդ կուրս

Կիսվել