ԳԵՎՈՐԳՆ ՈՒ ՀՍԿԱ ԸՆԿԵՐԸ

ԳԵՎՈՐԳՆ ՈՒ ՀՍԿԱ ԸՆԿԵՐԸ

2011

Կենդանաբանական այգում ենք: Առավոտ է: Խնամողներն առաջին հերթին ողջունում են իրենց կենդանիներին: Այգու միակ կնճիթավորի` Գրանտի առավոտն անցնում է իր խնամողի` Գևորգի  հետ հաճելի ողջույնով. «Փիղս սիրում է յուրահատուկ վերաբերմունք: Գալիս եմ, կանգնում ու զրուցում եմ հետը, ասում եմ` բարև, բարի լույս»:

Երբ Գևորգը գալիս է աշխատանքի, ու փիղը դրսում չի լինում, նա անպայման ձայն է տալիս վերջինիս: Ասում է, որ փիղը իրեն բույրով է ճանաչում: Ծիծաղում է. «Հիմա մի քիչ էլ որ տաքանա, գլուխս էլ կթրաշեմ, որ ուրախանա, ինքը միշտ մոտենում է, ստուգում»: Հետաքրքրվեցի, թե ինչպես կարող է փիղը ստուգել իր խնամակալին, ժպտաց, այնուհետև պատասխանեց. «Ստուգում է, թե ո՞ւր են մազերս` մի ժամանակ ունեի, հիմա չէ: Այդ գործողություններն անում է կնճիթի միջոցով, լողացնելու ժամանակ»:

Գրանտը խելացի կենդանի է: Գևորգը վստահեցնում է` Գրանտը իր և իր պես 10 մարդու չափ խելացի է. «Ամառը, երբ արևոտ եղանակ է, լողացնում եմ 2-3 անգամ»,- նշում է Գևորգը: Այգում փղին լողացնում են ժամանակացույցով, որ անցորդներն էլ կարողանան տեսնել, թե ինչպես են լողացնում փղին, և ուրախանան: Այստեղ Գևորգը ժպտում է` ասելով. «Հեսա, մի քիչ էլ շոգերն ընկնի, մի հատ էլ ոչ թե այցելուների, այլ մենք` ես ու Բունկաս (փղի վրացական անունն է) մեզ համար կլողանանք,- ծիծաղում է,- կասեմ` արի լողանանք, փիղս ուրախանում է ջրից»:

Գևորգը այգում աշխատում է 1994 թ.-ից. «13 տարեկան էի, երբ ընդունվեցի այգի աշխատանքի»,- նշում է նա: Պատանի ժամանակ շատ աշխույժ է եղել: Հիշում է, թե ինչպես նախքան աշխատանքի ընդունվելը, առանց մտածելու, լիճն էր նետվել ու բռնել կարապին: Ահա հենց այս դեպքից հետո էլ Գևորգը 22 տարի իր օրը անցկացնում է կենդանաբանական այգու բնակիչների հետ: Ինչպես ինքն է ասում` այգով մեկ աշխատել է: Կապիկների, առյուծների, օձերի, աղվեսների խնամողն է եղել: Կենդանիներին թվարկելիս մի պահ դադար  է տալիս. «Մի քանի օր էլ թռչունների հետ աշխատեցի, հետները լեզու չգտա»: Փղերի հետ էլ ընկերանալու համար ժամանակ էր պետք: Սկզբնական շրջանում կային բազմաթիվ դժվարություններ, մասնագիտական փորձը պակասում էր: Ժամանակի ընթացքում այդ բացն էլ լրացվեց: Այգի հրավիրվեցին մասնագետներ, ովքեր ավելի պարզ ձևով բացատրեցին ճիշտ աշխատելու ձևը. «Առաջ կերակրում էինք փղին ու վերջ, սրանով վերջանում էր: Հիմա հատուկ զբաղվածություն ենք մշակում»:

Գրանտն ունի իր գնդակները, որոնցով խաղում է: Գնդակների մեջ ժամանակ առ ժամանակ մրգեր են լցնում` մինչև 60 կգ: Գնդակները հատուկ անցքեր ունեն: Խաղալու ընթացում փիղը գնդակի անցքերից կնճիթով վերցնում է մրգերն ու ուտում, խաղում, ուրախանում: Սակայն այս դեպքում էլ պետք է ուշադիր լինել: Նույն խաղալիքից էլ կարող է ձանձրանալ. «Նա անընդհատ նորություն է ուզում: Հաճախ թողնում ենք, որ Գրանտը գնդակին կարոտի»,- ասում է Գևորգը:

Գրանտի իսկական անունը Բունկա է: Այսպես էին նրան կոչում հայրենիքում`  Վրաստանում: Գևորգի համար էլ է նա Բունկա. «Գիտեք, երբ նրան կանչում ենք «Գրանտ», չի արձագանքում, սակայն երբ ասում ենք «Բունկա», միանգամից շրջվում է»: Շփվելիս էլ տեղ-տեղ վրացական բառեր են գալիս օգնության: Բունկան 3 տարի է, ինչ Երևանի կենդանաբանական այգու բնակիչ է: Դեկտեմբերի 30-ին կդառնա 9 տարեկան: Գևորգը կապված է փղի հետ: Ասում է, երբ արձակուրդ է գնում, ամբողջ օրը մտքով Բունկայի հետ է. «Մեր տանն էլ անընդհատ փղի մասին եմ խոսում: Զանգում եմ աշխատողներիս ու առաջինը փղիցս եմ հարցնում:

Բունկայից առաջ էլ խնամել է 2 փղի` Մաշային ու Գրանտին: Գրանտի հետ կապված հետաքրքիր հիշողություն ունի: «Մի անգամ բետոնի մեջ մեխ ամրացրի:Պատկերացրեք, Գրանտը գտավ մեխը»: Իսկ ահա Մաշայի հետ կապված հիշողությունները ցավոտ են. «Երբ սատկեց, 1-2 շաբաթ նույնիսկ չէի խոսում»,- ասում է Գևորգը: Այժմ Գևորգը նաև սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 5-րդ կուրսում: Ապագա կենդանաբույծ է:

Բունկայի ամենասիրած ուտելիքը խնձորն է: Տեսա, թե ինչպես Գևորգը մոտեցրեց մեկ դույլ խնձորը, Բունկան էլ խնձորի դիմաց մոտեցնում է ազատավանդակ նետած փայտը. «Դու ինձ խնձոր ես տալիս, ես քեզ փայտ».այսպես է բացատրում Գևորգը Բունկայի` հիմա արդեն Գրանտի վարքագիծը: Կնճիթի թեթև շարժումով նա վերցնում էր իր ընկերոջ ձեռքից խնձորը, ուտում ու էլի պահանջում:Դրան հաջորդում են գնդակի հետ խաղալն ու զվարճանքը: Ահա այսպես է անցնում Գևորգի և իր հսկա ընկերոջ առօրյան կենդա նաբանական այգում:

 

Կատարինե Ղարսլյան

3-րդ կուրս

Կիսվել