ՍԻՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՃԱՆԱՉԵԼՆ Է

ՍԻՐԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ՃԱՆԱՉԵԼՆ Է

80

Կար ժամանակ, երբ կենդանաբանական այգիների հիմնական նպատակը կենդանիների ցուցադրությունն էր: Ժա մանակակից այգիների հիմնական գործառույթների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում կրթությունը: Երևանի կենդանաբանական այգին ևս բնապահպանական կրթությունը համարում է Այգու կարևորագույն առաքելություններից: Եվ եթե նախկինում Այգին օգտագործվում էր հիմնականում կենդանիների մասին ոլորտային գիտելիք ստանալու համար, ապա այսօր Այգին համագործակցում է ոչ միայն դպրոցների ու մասնագիտական բուհերի հետ, այլև բոլոր այն կրթական կենտրոնների, որոնց համար այգին ստեղծագործելու և ինքնաարտահայտվելու միջավայր է:Այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանի խոսքով` յուրաքանչյուր միջոցառում կրթական  ու ճանաչողական հաղորդագրություն ունի այցելուների տարբեր խմբե րի համար, սակայն ոլորտային բուհերն ու հատկապես դպրոցները Այգու հիմնական կրթական գործընկերներն են:

«Այգին ապագա կենդանաբույժների, կենդանաբույծների ու կենդանաբանների համար պրակտիկ գիտելիք ձեռք բերելու կարևորագույն միջավայր է: Այգին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար իրականացնում է արտադրական պրակտիկաներ, նրանց մի մասը գալիս է մեզ մոտ կամավորական աշխատանքի»,- նշում է Այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը:

Այգին նաև կենդանաբանության ու կենսաբանության դասաժամերը լրացնող գիտելիքի հրաշալի աղբյուր է: Դպրոցականներին դուր է գալիս գրքում ներկայացված կենդանիներին տեսնել իրական կյանքում, իսկ Այգու աշխատակիցները պատմում են, թե ինչով են տարբերվում անազատության մեջ պահվող կենդանիները. «Եթե դպրոցը մեզ դիմում է նախապես, ապա մենք փորձոմ ենք սովորական էքսկուրսը վերածել կրթական բաղադրիչներով միջոցառման: Փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում փոքրիկներն ավելի տրամադրված են նոր տեղեկություններ ստանալու, հաճախ նրանք չեն էլ գիտակցում, որ այգում խաղացած ուրախ խաղը իրենց կենդանիների մասին նոր գիտելիք է տվել»,- ասում է Մ. Մադոյանը:

Երբեմն իրական համագործակցու թյունը նաև վիրտուալի առիթ է դառնում: 2011 թ.-ից Երևանի թիվ 198 ավագ դպրոցում գործում է «Վիրտուալ կենդանաբանական այգի» խմբակը: Մասնակիցները ունեն հատուկ վիրտուալ հարթակ, որտեղ աշխատում են, քննարկում կենդանիներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Իսկ տեսական հատվածն ամրապնդում են Այգի պարբերական այցելությամբ. «Համագործակցությունն աստիճանաբար ավելի արդյունավետ է դառնում. չգիտեմ` մե՞նք ենք վարպետանում, թե՞ սերունդն է փոխվում»,- անկեղծանում է խմբակի ղեկավար Մարինե Ապ րեսյանը: Անցած տարվանից խմբակին միացել են հարակից ևս 4 դպրոցի սաներ: Ի դեպ` այս խմբակի մասնակիցները ժամանակ առ ժամանակ այգու տարածքում «աշխատում» են որպես գիդ իրենց հասակակիցների համար` ամրապնդելով կենդանիների մասին ստացած գիտելիքներն ու տարածելով այն այցելուների շրջանում:

Սակայն որքան էլ տարօրինակ կարող է թվալ, այգու կրթական միջոցառումների մասնակիցները միայն կենսաբանության ուսուցիչները չեն: Այգում նաև սովորում են մաթեմատիկա, զարգացնում օտար լեզուների բառապաշարը: Դրա թարմ օրինակներից մեկը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  հետ համատեղ նախաձեռնությունն է: Մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Բաբայանի նպատակն էր իր աշակերտների համար տեսանելի դարձնել մաթեմատիկայի կապը իրական կյանքի հետ. միջոցառման շրջանակում աշակերտները շրջեցին այգում, կերակրեցին կենդա նիներին, ապա մաթեմատիկական հաշվարկներով փորձեցին պարզել, թե ինչքան սնունդ է ուտում այս կամ այն կենդանին: Դասանցկացման այս յուրօրինակ ձևաչափը գրավում է նաև առարկայի նկատմամբ երբևէ հետաքրքրություն չցուցաբերած աշակերտներին`  մեծացնելով նրանց ոգևորվածությունն ու սերն առարկայի նկատ մամբ: Խնդիրները կազմում են Այգու աշխատակիցների հետ միասին` օգտվելով իրական թվային տվյալներից: Շեշտը դնում են ոչ թե խնդրի բարդության, այլ իմաստի վրա. «Եթե ես, աշակերտներիս դասավանդելով մաթեմատիկա, չեմ կարողանում բացատրել` ինչո՞ւ են նրանք սովորում իմ առարկան, և ինչո՞ւ է այն նրանց անհրաժեշտ, ապա ես իրավունք չունեմ շարունակելու իրականացնել իմ մասնագիտական պարտականությունը»,- ասում է ուսուցչուհին:

Կենդանաբանական այգու հետ 2016 թ.ից  համագործակցում է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջը: Կրթական այս հաստատության գերմաներենի դասախոս Ջուլիետա Միսկարյանի նախաձեռնությամբ գերմաներենի լսարանային դասընթացներից մի քանիսը ևս փոխարինվեցին ինտերակտիվ ձևաչափի. «Դասի շրջանակում ուսանողները գերմաներենով հետաքրքիր պրեզենտացիաներ էին պատրաստել կենդանիների վերաբերյալ, բայց, երբ հարց ու պատասխանի ընթացքում հասկացանք, որ կենդանիների միայն դասագրքային ներկայացումն արդյունավետ չէ, մտածեցինք դաս-միջոցառումը Կենդանաբանական այգում անցկացնելու մասին»,-պատմում է Ջ. Միսկարյանը:

Համագործակցության շրջանակում արված միջոցառման նախնական տարբերակը մեծ արձագանք  գտավ քոլեջի գործընկերների շրջանում: Գյոթեի ինստիտուտի անմիջական մասնակցությամբ Ջուլիետա Միսկարյանը ստեղծեց «Գերմաներենը կենդանաբանական այգում» պայմանական անունով դասաժամի մոդուլ, որը այսօր Գյոթեի ինստիտուտն առաջարկում է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և Ադրբեջանի` գերմաներեն դասավանդող դպրոցներին:

Կես կատակ, կես լուրջ, հետաքրքրական է նաև այգու և արևի համագործակցությունը: Մինչ լուսատու արբանյակը նկարազարդում ու գունավորում է այգին, մի խումբ երիտասարդներ, տեղակայված կենդանիների ազատավանդակների առջև, նկարում ու գունավորում են սպիտակ թղթերն ու ծնունդ տալիս ճեպանկարների, որոնք հետագայում համալրում են այգին ցուցահանդեսների տեսքով` Մանե Մադոյանի հավաստմամբ: Այգու հետ աշխատող արվեստի դպրոցների բոլոր սաների պարբերաբար այցելությունն այգի անվճար է, փոխարենը նրանք իրենց աշխատանքները ներկայացնում են Այգու տարածքում անցկացվող ցուցահանդեսների ժամանակ:Այգում հավաստիացնում են` բաց են ցանկացած միջոցառման, հանրային նախաձեռնության համար, որն այս կամ այն կերպ առնչվում է բնապահպանությանը, բնության հետ կապված գիտելիքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Այգում գործում է նաև կենդանիների կերակրման կոնկրետ ժամանակացույց, և այցելուները, իմանալով կենդանիների կերակրման հստակ ժամը, ևս մասնակցում են այդ գործընթացին` անուղղակիորեն ստանալով կենդանու մասին նոր գիտելիքներ: Մանե Մադոյանի խոսքով` այգում ստեղծվում է հատուկ միջավայր, երբ կենդանիները, կարծես գտնվելով բնության գրկում, փնտրում են իրենց սնունդը և նոր միայն ուտում: Ընթացքում նրանց միացած այցելուները ևս անցնում են այդ գործընթացի միջով, և այդ գործում նրանց աջակցում են նաև Կենդանաբանության ամբիոնի ուսանողները` կանգնելով ազատավանդակների մոտ ու ներկայացնում են այցելուներին, թե որ կենդանուն ինչու են այդպես կերակրում, տալիս են նրանց ընդհանուր բնութագիրը: «Սովորաբար ասում են` այցելուն պետք է սիրի Այգին, բնությունը, բայց սիրելու առաջին քայլը ճանաչելն է: Եվ այստեղ իրականացվող ցանկացած  միջոցառում է կրում այդ  բաղադրիչը», վստահեցնում է Մանե Մադոյանը:

 

Շողիկ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել