ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է

ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է

77

Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման և վերանորոգման աշխատանքների մեկնարկին զուգընթաց ոլորտի բառապաշարում հայտնվեց մի նոր բառ, որը կոչված է ներկայացնելու ժամանակակից կենդանաբանական այգիների զարգացման հիմնական միտումները:

Ազատավանդակը, որ եկել է փոխարինելու վանդակին կամ ճաղավանդակին, ոչ միայն թղթի վրա է, այլև իրական կյանքում: 2011 թ.-ից, երբ Երևանի կենդանաբանական այգին դարձավ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի թեկնածու անդամ, ստանձնեց որոշակի պարտավորություններ, որոնց թվում նաև` կենդանիների կացարանների բարեկարգումն ու ընդունված չափորոշիչների վերափոխումը:

Ազատավանդակը ևս սահմանափակ անազատ տարածք է, որը նախատեսված է կենդանիների պահպանության և ցուցադրության համար: Սակայն, ի տարբերություն խորհրդային տարիներից ժառանգություն մնացած վանդակների, դրանք պատրաստման և գործարկման տարբեր խնդիրներ են լուծում: Ազատավանդակների հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որը հնարավորինս մոտ է ազատության մեջ բնակվող կենդանու բնակլիմայական պայմաններին: Սա մի կողմից էականորեն բարձրացնում է կենդանու պահպանության և խնամքի որակը, մյուս կողմից հնարավորություն տալիս այցելուներին` տեսնելու իր ծանոթ կենդանուն գրեթե այն միջավայրում, որտեղ բնակվում է կենդանատեսակը բնության մեջ:

«Այցելուներին դժվար է համոզել, որ Այգու առյուծը առողջ է, կուշտ, երբ նրան տեսնում են փոքրիկ ճաղավանդակում: Ամենափոքրիկ երեխան անգամ համոզված է` վանդակում նիրհող առյուծն իր իմացած առյուծ արքայի հետ գրեթե կապ չունի»,ասում է Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը, նշելով, որ ճիշտ միջավայրի ստեղծումը նաև գիտելիք հաղորդելու անուղղակի գործիք է:

Կախված կենդանիների տեսակից և կենսաձևից՝ տարբերվում են նաև ազատավանդակների ձևերը: Դրանք ձևավորվում են այնպես, որ այցելուին և կենդանուն իրարից ճաղավանդակներ չբաժանեն: Մետաղե պատնեշները փոխարինվում են բնական հումքով, իսկ կառույցները նախագծվում են այնպես, որ դիտողին թվում է, թե կենդանին ազատության մեջ է:

«Կենդանիների ազատավանդակների կառուցման գործում կենդանաբաններն ու ճարտարապետները պետք է աշխատեն միասին: Այս իսկ պատճառով Երևանի կենդանաբանական այգու նոր հատակագծի ու դրա շրջանակում տարբեր ազատավանդակների նախագծման ընթացքում տեղացի մասնագետները ակտիվորեն աշխատում են Այգու եվրոպացի գործընկերների հետ, ովքեր այս ոլորտում երկար տարիների փորձ ու կոնկրետ մասնագիտացում ունեն»,- նշում է Կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանը:

Այգում կառուցված առաջին ազատավանդակը վագրերի նոր կացարանն էր: Այսօր արդեն այգում մի քանի ազատավանդակներ կան: «Այգին կենդանի օրգանիզմ է, ու մենք հնարավորություն չունենք բոլոր կենդանիներին ժա մանակավորապես տեղափոխել, փակել այգին ու բացել վերանորոգումից հետո: Սակայն այս խնդիրը ունի նաև դրական կողմ: Ստացված իրավիճակի շնորհիվ այցելուները հնարավորություն են ստանում կողք կողքի տեսնելու և համեմատելու հին վանդակներն ու ազատավանդակները: Եվ դա թերևս ամենախոսուն նկարագրությունն է, թե ինչքան է փոխվում կենդանու կյանքի ու այցելու-կենդանի շփման որակը»,- նշում է Մանե Մադոյանը:

Ազատավանդակները ոչ միայն տարածք ու շինություն են, այլև նոր մշակույթ: Օրինակ` վագրերը գիշերային կյանք վարող գիշատիչներ են, որոնք ցերեկային ժամերին նախընտրում են հանգստանալ: Վանդակում փակված կենդանուն ամեն պահի տեսնելու հնարավորություն ունեցող այցելուն միշտ չէ, որ ըմբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ կարող է հասնել այգի, բայց այդպես էլ չտեսնել իր ուզած կենդանուն, որովհետև վերջինս մեծ ազատավանդակի շվաքարանում հանգստանում է: Ամեն դեպքում այգու աշխատակիցները նշում են, որ կենդանիներին ակտիվ գործողությունների մեջ տեսնելու ամենահեշտ տարբերակը հանրային կերակրումների ժամանակացույցին հետևելն է:

Յուրաքանչյուր կենդանաբանական այգի ազատավանդակ կառուցելիս առաջնորդվում է որոշակի չափանիշներով: Երևանի կենդանաբանական  այգին այսօր բոլոր նոր ազատավանդակները նախագծելիս հաշվի է առնում Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի չափորոշիչներով: Այգում այսօր նոր նախագծված ազատավանդակներում են ապրում սկյուռակապիկները, կատվային լեմուրները, սուրիկատներն ու վագրերը: Այս պահին նոր ազատավանդակ են կառուցում արջերի և գայլերի, ինչպես նաև առյուծների համար:

 

Արփինե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել