«ԲԱՆԱՎԵՃԻ» 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է

«ԲԱՆԱՎԵՃԻ» 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ ԱՐԴԵՆ ԵՏԵՎՈՒՄ Է

162

Ավարտվեց ԵՊՀ Ուսանողական խորհրդի Գիթակրթական հանձնաժողովին կից գործող «Բանավեճի ակումբ»-ի կողմից կազմակերպված Բանավեճի միջբուհական առաջնության 1/8-րդ եզրափակիչը: Առաջնությունը սկսվել էր սեպտեմբերի 1-ին, երբ հայտարարվել էր հայտագրման փուլի մասին.

«Մարդիկ թերահավատ էին, ասում էին՝ շատ թիմեր չեն լինի, ուսումնական տարվա սկիզբ է, ուսանողները դեռ ընտելացած չեն։ Բայց մեր ներդրած ջանքերի, ահռելի աշխատանքի շնորհիվ մենք ունեցանք ավելի քան չորս տասնյակ թիմ» – նշում է Բանավեճի ակումբի նախագահ Նվեր Կիրակոսյանը եւ հավելում. «Թիմեր կան՝ արդարացրին սպասելիքները, թիմեր կան՝ ցույց տվեցին որակ, թիմեր էլ կան՝ որոշ առումներով թերացան»:

Հայտագրման փուլին հետևել են հարցազրույցի և ռեյտինգավորման փուլերը։ Քառասունից ավելի թիմերից ընտրվել է տասնվեց թիմ` վեցը՝ ԵՊՀ-֊ական, տասը՝ մյուս համալսարաններից։ Լավագույն տասնվեց թիմերի համար կազմակերպվել են դասընթացներ` իրենց հմտությությունները հղկելու և ավելացնելու համար։ Դասընթացների շրջանակներում բանավիճողների հետ իրենց փորձով են կիսվել քաղաքական, մշակութային գործիչներ, ինչպիսիք են Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Չոբանյանը, ինչպես նաեւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Ատոմ Վարդումյանը:

Գործիչների հետ հանդիպումների տպավորություններից խոսելիս «Ալիբի» թիմի անդամ Ալբերտ Արզումանյանը փաստում է. «Հնարավոր չէ գնահատել այդ դասընթացների նշանակությունը ոչ միայն բանավեճի առաջնության շրջանակներում, այլև հետագայում ինչ-որ տեղ ելույթ ունենալիս: Դասընթացները վարում էին ոլորտի լավագույն մասնագետները, ովքեր, լինելով պրակտիկ մասնագետներ, տալիս էին այնպիսի խորհուրդներ եւ գիտելիքներ, որոնք գործածական շատ լայն շրջանակներ ունեն»:

Մրցաշրջանը սկսելուն պես հինգ օր շարունակ տասնվեց թիմեր մրցեցին հասարակական հնչեղություն ունեցող թեմաների շուրջ։ Բանավեճի ակումբի աշխատակազմի ղեկավար Վարդիթեր Բադոյանը, գնահատելով մրցութային խաղերը, ասաց. «Եղան որոշակի դժգոհություններ, եղան նաև երախտիքի խոսքեր։ Երբ այս ամենը դնում ես կշեռքի նժարին, հասկանում ես, որ 1/8-ը ստացված էր. թե մասնակիցների, թե հանդիսատեսի և թե աշխատակազմի տված ժամանակն ու էներգիան մեզ են վերադարձել գիտելիքների ու տարաբնույթ  էմոցիաների տեսքով»։

Մանկավարժական համալսարնը ներկայացնող «Աբովյանականներ» թիմի անդամ Անժելա Ամբրոյանը անկեղծանում է. «Ժյուրին բավականին օբյեկտիվ էր, մանրամասն վերլուծում  էին խաղը, ցույց էին տալիս մեր սխալները` հետագայում դրանցից խուսափելու համար»:

Առաջնության ավարտին հաղթող թիմից բացի ընտրվելու է նաեւ լավագույն խաղացող։ Բանավեճի ակումբի աշխատակազմի անդամ Զավեն Վարտումյանը, ում առաջարկով էլ անցկացվում է լավագույն խաղացողի մրցությունը, կիսվում է. «Խաղը թիմային է, դա պարզ է, սակայն բոլորս էլ անհատներ ենք և ունենք անհատական գնահատման անհրաժեշտություն։ Սա նաև լրացուցիչ մոտիվացիա է խաղացողների համար»։

Խոսելով սպասվող մրցանակների մասին՝ ակումբի նախագահ Նվեր Կիրակոսյանը ասում է. «Հաղթող թիմը կստանա ոչ միայն գավաթ, այլև հնարավորություն կատարելու գիտաճանաչողական այց Ծաղկաձոր կամ Արցախի Հանրապետություն։ Գավաթով կպարգևատրվի նաև առավելագույն միավորներ հավաքած խաղացողը։ Եզրափակչի ժամանակ լինելու են նաև ուրիշ հետաքրքիր պարգևատրումներ և անակնկալներ, որոնց փակագծերը այժմ չեմ բացի»։

Մարիամ Տերբալյան

2-րդ կուրս

Կիսվել