ՀԱՍՄԻԿԸ 1.5 ՏԱՐԻ ԱՆՑ ՍԿՍԵՑ ԼՍԵԼ

ՀԱՍՄԻԿԸ 1.5 ՏԱՐԻ ԱՆՑ ՍԿՍԵՑ ԼՍԵԼ

1569

2 տարեկան Հասմիկը 1.5 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ արձագանքեց մոր ձայնին: Հասմիկի մոր՝ Զարուհու խոսքով՝ փոքրիկը լսողությունն ամբողջությամբ կորցրել էր գրիպի պատճառով: Մեզ հետ զրույցում Զարուհին պատմեց. «Մենք ձայն էինք հանում, ինքն ընդհանրապես չէր արձագանքում մեր ձայներին: Դրանից հասկացանք, որ լսողության խնդիր ունի»:

Հասմիկը սկսեց լսել, երբ գործարկվեց 1 ամիս առաջ իր ականջախեցում տեղադրված սարքը: Սարքի միջոցով խոսքը վերափոխվում է էլեկտրոնային ազդանշանների ու ընկալվում որպես ձայն: Համակարգչից փոխանցված մի քանի ազդակներից հետո երեխան սկսեց ժպտալ, հետո մեծ ուշադրությամբ որսալ մայրիկի, բժիշկների ու հավաքված լրագրողների ձայները: Էրեբունի բժշկական կենտրոնի սուրդո մանկավարժ Ինեսսա Հարությունյանը պատմում է, որ երեխայի հետ մինչև սարքի գործարկումը իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

«Մեծահասակների հետ միշտ ավելի հեշտ է աշխատելը, իսկ երեխաների պարագայում պետք է ուշադրություն դարձնել նրա ռեակցիաներին։ Բբային ռեակցիաներն են՝ աչքի շարժումը: Կարող է սառել երեխան, պահի տակ քարանալ։ Սրանք այն ռեֆլեքսներն են, որոնցով կարող ենք հասկանալ, որ երեխան լսել է»,-պարզաբանեց Ինեսսա Հարությունյանը։

Մեր երկրում լսողության վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2004թ.-ին՝ ամերիկահայ Սալբի Ագարակյանի ջանքերով: Տիկին Ագարակյանի ղեկավարած Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի և բարերարների միջոցներով արտասահմանցի և հայ բժիշկները 13 տարվա ընթացքում լսելու հնարավորություն են պարգևել 100-ից ավելի երեխաների:

Սալբի Ագարակյանը վստահեցրեց. «Որքան որ երեխեքն են ուրախանում, որքան որ ծնողներն են ուրախանում, մեզ համար էլ շատ մեծ ուրախություն է, որ մենք կարողացանք ևս մեկ երեխայի լսողություն տալ և այդ թիվը հասել է 100-ից ավելի»։

Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը գոհ է կատարված աշխատանքներից և փաստում է, որ ծրագիրն արդեն իսկ տվել է իր դրական արդյունքները. «Այս բարդ ճանապարհից հետո երեխաները վերադառնում են նորմալ կյանք: Նրանք կարողանում են նորմալ մարդու նման ապրել ու օգտվել մեր կյանքի բոլոր բարիքներից: 2004-2005թ.թ. վիրահատված մեր երեխաներն այսօր արդեն հաճախում են նորմալ դպրոցներ»:

Հաջող անցկացված միջամտությունից րոպեներ անց լսողությունը վերականգնած Հասմիկն արդեն բարձր տրամադրությամբ վազվզում էր բժշկական կենտրոնի սենյակներում, իսկ մասնագետները պատրաստ են վերականգնել այլ երեխաների լսողությունը:

 

Նորայր Շողիկյան

2-րդ կուրս

Կիսվել