ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՇԱՔԱՐԻ ՔԱՆԱԿԸ ՉԱՓՈՂ ՍԱՐՔԵՐ. ՔՆՆԱՐԿՈՒՄ...

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ ՎԵՐԱՑՆՈՂ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐՅԱՆ ՄԵՋ ՇԱՔԱՐԻ ՔԱՆԱԿԸ ՉԱՓՈՂ ՍԱՐՔԵՐ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱԿԱՆՆԵՐԸ

40

Նախորդ շաբաթը գիտական էր Երեւանի պետական համալսարանի համար։

Հոկտեմբերի 2-6-ն անցկացվեց ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին նվիրված միջազգային 4-րդ գիտաժողովը: Զեկուցումներով հանդես եկան 14 երկրներից ավելի քան 350 ուսանողներ ու երիտասարդ հետազոտողներ։

Հոկտեմբերի 6-ին՝ փակման արարողությունից առաջ, ISTC կենտրոնում կիրառական մաթեմատիկայի եւ համակարգչային գիտությունների բաժանմունքում ներկայացվեցին վերջին 3 զեկույցները։ Նախագահում էր ասիստենտ Ա.Անդրեասյանը։

Առաջին մասնակիցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Չինար Մովսիսյանն էր: Նրա զեկուցման թեման էր «Խնդիրների լուծման ՄԻՎԱՐ տեխնոլոգիաները»:

Մասնավորապես նշվեց, որ ՄԻՎԱՐ ցանցը կատարում է ինֆորմացիայի պարզեցում եւ արագ մշակում, իսկ առավելություններից մեկն այն է, որ այդ ցանցը միաժամանակ կարող է կատարել 2 գործողություն։ Ներկայացվեց ցանցի կառուցվածքը եւ եռանկյունաչափական խնդիրների օրինակով ցուցադրվեց, թե ինչպես կարելի է օգտագործել ՄԻՎԱՐ ցանցը։

Զեկույցի ավարտից հետո տրվեցին հարցեր եւ զուգահեռներ անցկացվեցին նմանատիպ ֆունկցիաներ ունեցող այլ ծրագրերի միջեւ։

Երկրորդ մասնակիցը ՀԱՊՀ կոմպյուտերային համակարգեր եւ ցանցեր ֆակուլտետի ասպիրանտ Անդրանիկ Մոմջյանն էր: Նա իր «Շաքարախտ հիվանդության ընթացքի մոնիթորինգի ու բուժման գործընթացի աջակցման ավտոմատացված համակարգի ճարտարապետություն եւ տեխնոլոգիաներ» թեմայով զեկուցման մեջ ներկայացրեց իրենց թիմի աշխատանքը։ Նախ ընդհանուր անդրադարձ եղավ շաքարախտ հիվանդության համաշխարհային ցուցանիշներին, ապա խոսվեց այն խնդիրների մասին, որոնց բախվում են շաքարախտով հիվանդները, այն պարտականությունները, որոնք կենսական կարեւորություն են ստանում, մասնավորապես՝ պարբերաբար եւ հաճախակի այցելություններ բժշկի, խիստ սննդակարգ եւ այլն։

Ներկայացվեցին նորագույն եւ սմարթ տեխնոլոգիաները` նախատեսված այդ հիվանդների համար` սմարթ ժամացույցներ, թեւնոցներ, արյան մեջ շաքարի քանակը չափող սարքեր։

Ներկայացվեց Dexcom սարքը, որն, իր աշխատանքի ընթացքում ինֆորմացիա հավաքելով հիվանդի մասին, հնարավորություն է տալիս այն դիտարկելու համապատասխան բջջային հավելվածի միջոցով։ Ապա ներկայացվեց թիմի նախագիծը՝ Healthiera IOT ցանցը, որը պետք է համատեղ աշխատի Dexcom սարքի հետ։ Ցանցը հնարավորություն կտա տեղեկատվություն հավաքել, այն ենթարկել մշակման, եւ ըստ դրա` սարքը հնարավորություն կունենա կանխատեսել հիվանդի վիճակի հետագա զարգացումները եւ նույնիսկ ըստ ստացված տվյալների` նշանակումներ կատարել, որոնք ողջ ինֆորմացիայի հետ հիվանդը կարող է ինտերնետի միջոցով ուղարկել  իր բժշկին եւ ստանալ համապատասխան ցուցումներ՝ այդպիսով ազատվելով բժշկի մոտ հաճախակի եւ պարտադիր այցելություններից։

Ցանցը նաեւ հիվանդի հարազատներին թույլ կտա հետեւել նրա վիճակին եւ անհրաժեշտության դեպքում օգնության հասնել ժամանակին։

Զեկուցման վերջում հնչեց հարց՝ արդյոք այս ցանցը տարածում կգտնի՞ ու լայն կիրառություն կունենա՞ Հայաստանում` հաշվի առնելով այն, որ մեր երկրում շաքարախտով հիվանդները մեծամասամբ տարեցներն են, որոնք հիմնականում չեն օգտվում սմարթֆոններից ու հավելվածներից։

Պատասխանը եղավ այն, որ պարտադիր չէ հիվանդն ինքն օգտագործի ցանցն ու հավելվածները, դա նրա փոխարեն կարող են անել հարազատները : Նշվեց, որ այս ծրագիրը միտում ունի դուրս գալ Հայաստանի սահմաններից։

Վերջին մասնակիցը ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Գոռ Առաքելյանն էր։ Նա ներկայացրեց իրենց թիմի «Արեւելահայերենի շարահյուսական վերլուծություն ու շարահյուսական ծառերի շտեմարան» նախագիծը եւ բառանիշավորման մոդուլը։

Այս ծրագիրն առաջինն է, որը թույլ կտա  կատարել մանրակրկիտ շարահյուսական վերլուծություն։ Տեքստը մինչեւ շարահյուսական վերլուծության հասնելն անցնում է մի քանի փուլերով՝ տեքստի մաքրագրում, սեգմենտացիա, թոքենիզացիա ու խոսքիմաստային պիտակավորում։ Մասնակիցը հավելեց, որ պատրաստվում են նախագծում իմաստային վերլուծության ծրագիր մտցնել, եւ հնարավոր է՝ նաեւ ուղղագրական սխալները վերացնող բառարաններ բեռնել։

Ծավալվեց ինտերակտիվ քննարկում, եղան հարցեր եւ առաջարկներ։

Զեկուցումներից հետո մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

 

Կարինե Շահգալդյան

2-րդ կուրս

Կիսվել